HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Բագրատյան. «Երեք ամսում կառավարությունը 1-2 բարեփոխիչ քայլ է արել»

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմաբկցության Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած` 2014-ի առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշներին: Ստորեւ` Հ. Բագրատյանի գրառումը. 2014թ

«2 օր առաջ ԱՎԾ-ն հրապարակեց 2014-ի առաջին կիսամյակի ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ` ՏԱՑ-ը 2014-ի առաջին կիսամյակին 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 3.4%։ Սա ցածր ցուցանիշ է։ Նախորդ կառավարության համապատասխան ցուցանիշը (ավելի ճիշտ ՀՆԱ-ն) 2014-ի առաջին եռամսյակի համար կազմել է 3.1%։ Այսպիսով, կոպիտ ասած, «առաջընթացը» սոսկ 0.3% է, իսկ ՏԱՑ-ը ՏԱՑ-ի հետ համեմատելիս՝ բացակայում է։ Բայց մի՞թե կարելի է համեմատվել նախորդ կառավարության հետ և ասել` մի փոքր բարելավվել է վիճակը։ Նախորդը պարզապես թյուրիմացություն էր և 6 տարի թոզ էր փչում աչքներիս։ Առավել ևս, որ տնտեսության հիմնական ճյուղերում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարություն) աճ համարյա թե չկա։

Արտահանումն աճել է 0.8, իսկ ներմուծուները 1.1%-ով։ Այստեղ էլ խնդիր կա. քանի անգամ խնդրել ենք ԱՎԾ-ին այս թվերը տալ նաև համադրելի գներով (չ՞է որ արտահանման ու ներմուծման դոլարային գները փոփոխվում են)։ Փոքրիկ դրական տեղաշարժ նկատվում է միայն ծառայությունների ոլորտում։ Իհարկե, ինչպես ասել եմ ավելի վաղ, նոր կառավարության գործունեության առաջին, հստակ գնահատականները կարելի է տալ հոկտեմբերի վերջին, երբ նա գոնե մի կես տարի աշխատած կլինի և պարզ կլինի նաև, թե ԱԺ ներկայացվա՞ծ են այն օրենսդրական փոփոխությունները, որոնք խոստացվել են կառավարության ծրագիրը հրապարակելիս։ Սակայն այսօր կարող եմ ասել. ավելին էինք սպասում։ 3 ամսում կառավարությունը 1-2 բարեփոխիչ քայլ է արել։ Օրինակ, սկսել են վերադարձնել զբոսաշրջիկների ԱԱՀ-ն։ Բայց սա պահանջվողի 1 տոկոսն էլ չէ։ Ի՞նչ մի դժվար է աճացնել այս երկրի տնտեսությունը։

Ահա ձեզ մի քանի հասարակ քայլ, որոնցից մի քանիսն, ի դեպ, կային նաև կառավարության ծրագրում։ Առաջին, հավասար հարկային դաշտ բոլորի համար։ Երբ ասում ենք, որ փոքր ու խոշոր բիզնեսները հավասար են հարկվում, ապա պիտի հասկանանք, որ խոշորի մոտ մասշտաբի էֆեկտ կա և այն պետք է չեզոքացվի։ Միայն դրանից հետո դաշտերը կհավասարվեն։ Չի կարելի ընդունելի համարել հարկային համակարգի էպիզոդիկ կամ ֆրագմենտար փոփոխությունները։ Այն պետք է փոխվի ամբողջովին ու միանգամից։ Միկրոբիզնեսին այս կամ այն հարկատեսակով տեղային արտոնություն տալով` մենք ոչ թե խնդիր ենք լուծում, այլ խորացնում ենք այն։ Եթե բիզնես չկա, ինչքան ուզում ես արտոնություն տուր։ Իսկ բիզնես չկա, որովհետև հարկային դաշտը (ընդհանուրը) հավասարապես բաշխված չէ։

Երկրորդ` ներդրումների ժողովրդականացում և պետական աջակցություն։ Հերիք է, որ այս երկրի զարգացման հենասյունը միայն խոշոր գործարարներն (դրսի և ներսի) ու բարերարները լինեն։ Երկիրը ժողովուրդը պետք է կառուցի։ Պետք է ապակենտրոնացնել ներդրումները։ Պետք ներդրումային հիմնադրամների և ներդրումային բանկերի միջոցով երկրի զարգացմանը ներգրավել հարյուր հազարավոր, միլիոնավոր հայերի միջոցները։ Պետությունը պետք է օգնի ձևավորելու կլաստերներ և երաշխավորի որոշ ռազմավարական ներդրումների նվազագույն եկամտաբերություն։

Երրորդ` բոլոր գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունները, բանկերը, հեռախոսային օպերատորները, «Գազպրոմ Հայաստանը», ՀԷՑ-ը, Քաջարանը, Թեղուտը, Ագարակը, Ղափանը, Սիթին ու ՍԱՍ-ը և այլն պետք է լինեն ԲԲԸ կարգավիճակով և սակարկվեն ֆոնդային շուկայում։

Չորրորդ` ֆինանսական համակարգը պետք է ապապետականացվի, ԿԲ պետք է դադարի անընդհատ փրկել այս կամ այն բանկին, եկամուտներ ապահովի բյուջեի համար։

Հինգերորդ` համայնքները, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան ամրագրված բավարար միջոցներ, չպետք է փող մուրան Երևանից։ Այս ցուցակը կարելի է հարյուրապատկել։

Ի՞նչը կամ ո՞վ է խանգարում այդ ամենն անելուն։ 90-ականների սկզբներին իրականացված ռեֆորմների շնորհիվ մի շարք տարիներ երկնիշ աճ ունեցանք։ Բայց վերականգնողական աճի ռեզերվները սպառվեցին 2007թ։ Հիմա այլ մոտեցում է պետք։ Նախորդ կառավարությունը սա չհասկացավ։ Իսկ նո՞րը»։

Մեկնաբանություններ (1)

argev
Վերջապես Բագրատյանի մտքին ու սրտին հաճո վարչապետ և կառավարություն հաստատվեց Հայաստանում, միմիանց արժանի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter