HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարից հետո դեպքի վայրը լվացվել է, ու ապացույցները լցվել են կողնակ

«Իրավական հարցերը իջեցվել են փողոցային մակարդակի» 

Վարդան Պետրոսյանի գործով այսօրվա դատական նիստը սկսվեց Վարդան Պետրոսյանի հայտարարությամբ. «Հարգելի՛ դատարան, վերջին դատական նիստին հետևած վրդովեցուցիչ իրադարձությունները ինձ թույլ են տալիս հանդես գալ կարճ հայտարարությամբ: Վերջին դատական նիստից հետո տուժած կողմի ներկայացուցիչ Բալոյանը դատարանի դահլիճից դուրս հարձակվել է իմ պաշտպանի վրա, անպատվել է նրան փողոցային անվայել խոսքերով, ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ: Այդքանը քիչ է, կոնֆլիկտի մեջ է ներքաշել Հակոբյան ընտանիքներին, և նրանք դարձել են կոնֆլիկտի մասնակից: Դա՝ ի պատասխան այն մարդկային քայլի, որ իմ պաշտպանը անցյալ դատական նիստին, անսալով իմ խնդրանքին, ետ վերցրեց Հակոբյան եղբայրների դեմ պատասխանատվություն հարուցելու մասին միջնորդությունը, որ ես դիտարկում եմ մարդասիրական քայլ Հակոբյանների հետ հաշտության եզրեր փնտրելու համար: Այս քայլը ես դիտում եմ որպես սադրիչ գործունեություն, որը ունի մի նպատակ՝ խափանել այն քայլերը, որոնք կարող են տանել հաշտեցման: Իրավական հարցերը իջեցվել են փողոցային մակարդակի: Ես հրաժարվում եմ դատարանում ճանաչել իրավական հարաբերությունները փողոցային մակարդակի իջեցնող մասնագետի, նրան չեմ ճանաչում որպես իրավաբան-փաստաբան և հրաժարվում եմ պատասխանել ինձ ուղղված նրա ցանկացած հարցի»,- հայտարարեց Վարդան Պետրոսյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը վտանգ է տեսնում

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հանդես եկավ միջնորդությամբ, որով խնդրեց դատարանին միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու իր պաշտպանությունը Հակոբյան եղբայրներից: Բաղդասարյանի միջնորդության մեջ մասնավորապես ասված է.  

«Այս դատարանի շենքի բակում տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի կողմից հրահրված վեճի հետևանքով տուժողները շարունակեցին սպառնալիքներ հնչեցնել` մասնավորապես պնդելով, որ իրենք քաղաքում կհանդիպեն ինձ և կիրականացնեն իրենց սպառնալիքները: Այնուհետև Աբովյան քաղաքից դեպի Երևան քաղաք ուղևորվելու ժամանակ ավտոմեքենան, որի մեջ գտնվում էր տուժողը, կտրեց իմ ավտոմեքենայի առաջը, և տուժող Արթուր Հակոբյանը, գլուխը հանելով ավտոմեքենայի առջևի ձախ ուղևորի դռան ապակու հատվածից, շարունակեց իմ հասցեին հնչեցնել սպառնալիքներ... Իրականում Արթուր Հակոբյանին պատկանող մեքենան մինչև վթարը չի փչացել, իրականում, հարգելի դատարան, իր ավտոմեքենան կողնակում կանգնած չի փորձել գազ տալ ավոտմեքենան վերանորոգելու նպատակով, իրականում վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասում, այլ ոչ թե կողնակում: Իրականում Արթուր Հակոբյանը բաց է թողել Աշտարակ տանող ճանապարհը և, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վթարի նախորդող պահին հետադարձ կատարելով՝ փորձել է վերադառնալ դեպի Աշտարակ տանող ճանապարհի մուտքը, որպեսզի ուղևորվի իր տուն»:

Ըստ պաշտպանի՝ այս ողջ ճշմարտությունը թաքցնելու նպատակով տուժող կողմը խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությանը և սպառնալիքներ տեղալով՝ փորձում է լռեցնել իրեն:

լուսանկարում՝  Ռուբեն Բալոյանը, Արթուր Սարգսյանը

Ռուբեն Բալոյանը վտանգ չի տեսնում

Ռուբեն Բալոյանի կարծիքով՝, որևէ վտանգ չկա. տուժողները պարզապես վրդովված են եղել. «Ինձ համար պարզ դարձավ, թե ինչու է թշնամանք սերմանվում կողմերի միջև. դրա մեջ մեծ լումա ունի Նիկոլայ Բաղդասարյանը»: Ըստ Բալոյանի՝ Հակոբյանները վրդովված են եղել Բաղդասարյանի այն առաջարկից, որ եթե ընդունեն «Նիվայի» հետընթաց անելու հանգամանքը, ապա խնդիր չեն ունենա: Ինչ վերաբերում է դատարանի բակում նախորդ դատական նիստից հետո տեղի ունեցածին, ապա Բալոյանն ասաց. «Ես բակում Նիկոլայ Բաղդասարյանին «արա»-ով չեմ դիմել, չեմ էլ ասել, որ տղայականով խոսենք: Ես այդ տարիքից վաղուց դուրս եմ եկել»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Նշենք, որ Ռուբեն Բալոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ: Որպես հիմք ծառայել է forrights.am կայքի հրապարակումը:

Դատարանը որոշեց Նիկոյալ Բաղդասարյանի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառել: Ասաց, որ հաջորդ նիստին գրավոր կնախազգուշացվեն Արթուր և Հայկ Հակոբյանները ու համապատասխան ստորագրություններ կվերցվեն:

լուսանկարում՝ Ղասմ Ասլանյանը

Դատարանում ցուցմունք տվեց չորս վկա

Սկսվեց վկաների հարցաքննությունը: Դատարանում ցուցմունք տվեց չորս վկա՝ վթարից հետո երկու մեքենաների ուղևորներին առաջին օգնություն ցուցաբերած ընկերներ Ղասմ Ասլանյանն ու Հայկ Վարդանյանը, փրկարար Տիգրան Խաչատրյանը և ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-աշխատակից Վռամ Վարդանյանը: Վարդան Պետրոսյանը բոլոր երեք քաղաքացիներից Հակոբյանների ու իր կյանքը փրկելու համար շնորհակալություն հայտնեց՝ ասելով. «Դուք խիզախ մարդիկ եք»:

լուսանկարում՝  Տիգրան Խաչատրյանը

Ղասմ Ասլանյանը պատմեց, որ դեպքի օրը՝ 2013թ. հոկտեմբերի 20-ին, երեկոյան 22:00-ի մոտ ընկերոջ հետ մեքենայով շարժվել է Եղվարդ-Երևան ճանապարհով: Տեսել են վթարն ու կանգնել, լսել են օգնության ձայներ «Նիվայի» ներսից: Դռները չեն կարողացել սկզբում բացել, ապա Ղասմի ընկերը՝ Հայկը, բարձրացել է մեքենայի վրա, որ կարողանան մի կերպ դռները բացել: Այդ ընթացքում, ըստ Ղասմի ցուցմունքի, «Նիվայի» հայելիներից մեկն ընկել է:

-Հետո ի՞նչ արեցիք, երբ ընկավ հայելին,- հարցրեց պաշտպան Բաղդասարյանը:

-Ա՛յ ցավդ տանեմ, էդ պահին մեր աչքին հայելի էր գալիս, չգիտեմ, բայց ես չեմ վերցրել:

Պաշտպան Բաղդասարյանը միջնորդեց, որ հրապարակվի վկայի նախաքննական ցուցմունքը: Նա առաջին ցուցմունքի ժամանակ հայելիների մասին ոչինչ չէր նշել, իսկ երկրորդ ցուցմունքում նշել էր, որ 2 հայելիներն էլ իրենք են պոկել, երբ ցանկացել են «Նիվայի» դռները բացել ու հանել մարդկանց: Իսկ դատարանում նա նշեց մեկ կողային հայելու մասին:  

Ղասմն ու իր ընկերը կարողացել են «Նիվայի» բոլոր ուղևորներին դուրս բերել: «Նրանցից մեկը՝ ջահել աղջիկ, դուրս եկավ իր ոտքով»,-ասաց Ղասմը:

Հետո 2 ընկերները, ըստ Ղասմի պատմածի, մոտեցել են BMW-ին ու լսել Վարդան Պետրոսյանի ձայնը, ով ասել է. «Շատ բա՞ն է պատահել»:

-Վարդան Պետրոսյանը հետո լռեց ու գլուխը գցեց: Ճիշտն ասած՝ մտածեցի մահացավ մարդը: Մենք չկարողացանք նրան հանել մինչև փրկարարները եկան, սիդելնիկը ջարդեցին:

4 վկաներն էլ պնդեցին, որ ալկոհոլի հոտ չեն զգացել

-Վարդան Պետրոսյանին մոտենալիս, նրան օգնություն ցույց տալիս՝ ալկոհոլի հոտ զգացե՞լ եք,- հարցրեց պաշտպան Բաղդասարյանը:

-Ո՛չ,-պատասխանեց Ղասմ Ասլանյանը:

Ալկոհոլի մասին հարց տրվեց նաև մյուս երեք վկաներին, ովքեր ևս պատասխանեցին, որ ալկոհոլի հոտ չեն առել Վարդան Պետրոսյանին օգնություն ցուցաբերելիս:

լուսանկարում՝  Հայկ Վարդանյանը

Վկան իր ստորագրությունը դրել է՝ չիմանալով, թե ինչ է ստորագրում

Վկա Հայկ Վարդանյանը, ով նախորդ վկայի հետ առաջին օգնություն էր ցույց տվել վթարից հետո, նշեց, որ հայելիներից մեկն է ինքը կոտրել դուռը բացելիս: Իսկ մյուսը հայելին չի տեսել: Սակայն գործին կցված լուսանկարներում, որոնք արվել են դեպքից հետո լուսանկարիչ Գագիկ Շամշյանի կողմից, որևէ հայելի չկա:

լուսանկարում՝  Վռամ Վարդանյանը

Վկա Վռամ Վարդանյանը պատմեց, որ կոտրել են Վարդան Պետրոսյանի մեքենայի նստատեղը եւ կարողացել նրան դուրս բերել: «Հետո մեքենաները տարան, մենք կատարեցինք լվացում»,- ասաց վկա Վարդանյանը:

-Որևէ մեկը չասա՞ց, թե դա դեպքի վայր է ու չի կարելի մաքրել հետքերը,- հնչեց փաստաբան Բաղդասարյանի հարցը:

-Ո՛չ, չի եղել նման բան:

Մինչ այդ վկան հայտնել էր, որ գետնին թափված են եղել ապակիներ, պլաստմասե կտորներ, հեղուկ, փոշի:

- Իսկ գետինը լվանալիս որտե՞ղ լցրեցիք գետնին թափված ապակիները, պլաստմասե կտորները,-հարցրեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

-Լցրեցինք աբոչինայի մեջ,-պատասխանեց վկան:

-Շատ կարևոր է սա, քանի որ դեպքի հաջորդ օրը քննիչը վայրի զննության արձանագրություն է կազմել՝ նշելով, որ կողնակում հայտնաբերվել են ապակու կտորներ ու պլաստմասաներ: Դրա պատճառով էլ իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել կողնակում վթար կատարելու համար,- պարզաբանեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Քրեական գործում առաջին օրը կազմված արձանագրությունների մեջ կա նաև վկա Վռամ Վարդանյանի ստորագրությունը՝ դեպքի վայրի, ավտոմեքենաների զննության, սխեմայի մեջ: Սակայն վկան նշեց, որ ոչ մի գործողության չի մասնակցել, միայն իր գործն է արել:

-Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք, որ Ձեր ստորագրությունն է դրված այս փաստաթղթերի տակ,-հարցրեց պաշտպան Բաղդասարյանը:

-Չգիտեմ, քաղաքացիական հագուստով մեկը բերեց, թե՝ ստորագրի, ես էլ առանց իմանալու, թե ինչ թղթեր են, ստորագրել եմ՝ որպես հերթափոխի պետ:

Հաջորդ դատական նիստին, որը կկայանա օգոստոսի 29-ին դատարանը կշարունակի լսել վկաներին: 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (2)

G.
Այս պատմությանը հետեւլով` կարելի է ողբալ ու ամաչել, որ նման որակի մարդիկ, «օրինականություն ու արդարադատություն» ունենք: Ինչ է նշանակում ծեծելով մարդ սպանել, մի դատարկ պատճառով հայը հային գնդկահարել, քանի քանիսը! Այս դեպքում, ընդամենը ճանապարհային ՊԱՏԱՀԱՐ է, (շատ ցավալի, սակայն էությունը չի փոխվում:) Ցանկացած կիսագրագետ ոստիկան կես ժամվա ընթացքում ի վիճակի է դեպքի վայրն ուսումնասիրելով, 99% ճշտությամբ որոշելու ինչն ինչպես է եղել: Ինչու՜ են ռեզինի նման ձգում ու սղոցում-խելագարացնում արդեն իսկ ահավոր դժբախտության մեջ հայտնված մարդկանց (երկու կողմերին էլ վերաբերվում է:) Ես մտածում եմ անկեղծորեն - ինչու՜ ենք բարոյապես այսքան ցածր ու անհոգի, եւ միթե հենց սրա մեջ չէ գլոբալ ձախորդությունների հիմնական պատճառը?
Վեհարի Առաքելյան
Այս դատական նիստում հնչեցված փաստերը ունեն այնպիսի ապացույցի ուժ, որ եթե անգամ հետագայում վկաները ահաբեկվելով իրենց ցուցմունքները փոխեն, միևնույնն է,` Վարդան Պետրոսյանը անմեղ է: Ավելի ճիշտ նա փողոցային մակարդակով գործող մեր ստախոս իշխանությունների կեղծիքների զոհն է: Պարզից էլ պարզ է թե ով է սպանել երեխաներին: Իսկ իշխանությունը իր անօրեն գործողություններով ինչպես միշտ, ուզում է փրկել տգետ մարդասպանին: Այս նիստից հետո դատավորը, եթե նա իսկապես անկախ դատավոր է, պարտավոր էր ազատ արձակել Վարդանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter