HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զանգ դատավորին` նախագահականից. ի՞նչ է նախորդել հետախույզ Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճռին

Սկիզբը

ԱՆ ՔԿՎ պետի թույլտվությամբ «Հետքը» եղավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ու քննչական սենյակներից մեկում հարցազրույց վարեց իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 1995թ. մահապատժի դատապարտված (2003-ից` ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում), 19 տարի բանտում գտնվող, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ Սողոմոն Քոչարյանի հետ:

Հիշեցնեմ, որ «Հետքը» դատարանների արխիվում ուսումնասիրել էր Սողոմոն Քոչարյանի քրեական գործը:

- Սողոմո՛ն, հիշո՞ւմ եք՝ ինչպես կայացվեց մահապատժի դատավճիռը:

- Երբ 1995թ.-ին դատախազը պահանջեց մահապատժի դատավճիռ, դատավոր Մհեր Խաչատրյանը հայտարարեց ընդմիջում: Ինձ հանեց խցից Արարատ  անունով (ազգանունը չեմ հիշում) կանվոյների ղեկավարը ու իր ուղեկցությամբ, երկուսով գնացինք դատավորի սենյակ: Երբ մտնում էինք, նա հեռախոսով խոսում էր, բայց չգիտեմ, թե ում հետ: Դրեց հեռախոսը, հրավիրեց մեզ նստելու: Արարատը զրույցը բացեց ու ասեց. «Հարգելի դատավոր, Դուք լավ գիտեք, թե Սողոմոնը ով ա, մեր ազգի համար ինչքան գործ ա արել: Գոնե բավարարվեք սրոկով՝ 10 տարի, 12 տարի, 15 տարի, որ մարդը հույս ունենա ապագայում ազատվելու»: Դատավորն էլ ասեց, որ սկզբում կասկածել է, բայց հիմա ապացույցներ ունի, որ ես մեղավոր չեմ: Ասեց, որ իրեն քիչ առաջ զանգել են Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ու հրաման են տվել՝ մեղավոր է, մեղավոր չի, կարևոր չի, պիտի տաս մահապատիժ: Դատավոր Մհեր Խաչատրյանը ասեց, որ ոչինչ չի կարող անել, քանի որ հրամանը գալիս է նախագահականից՝  Լևոն Տեր-Պետրոսյանից:

- Վիրավորվածություն կա՞ Ձեր ներսում դատավորի նկատմամբ:

- Առաջին օրերին վիրավորված էի, քանի որ մտածում էի, որ ինչքան էլ հրաման եղած լինի, ճնշում եղած լինի, բայց որոշողը մարդն է, որոշողը դատավոր Մհեր Խաչատրյանն էր: Բայց, միևնույն է, ոչ մի բանում չեմ մեղադրում իրեն:

- Ձեր գործով մեղադրող դատախազը 19 տարի անց ասում է, որ չափազանցված պատիժ են Ձեզ տվել, որ Գլխավոր դատախազության վրա 1995թ. եղել է քաղաքական ճնշում Իրանի կողմից: Ի՞նչ եք կարծում, Իրանին սիրաշահելու համա՞ր Ձեզ տվեցին մահապատիժ:

- Հիմնական պատճառը, գիտեք արդեն, այո՛, Պարսկաստանի ճնշման տակ:

- Պատկերացրեք, որ այս միջնորդավորված ձայնագրիչը չկա, ու Ձեր դիմաց իշխանության ներկայացուցիչ է նստած: Ի՞նչ կասեիք նրան:

- Եթե Դուք հայ եք, հայավարի ապրեք, որոշումները հայավարի կայացրեք, ոչ թե թուրքի պես:

- Սողոմո՛ն, իսկ Ձեր ազատության առնչությամբ ոչինչ չէիք ասի՞:

- Հիմա իմ ապրելն իմաստ չունի, քանի որ ես 4 պատի մեջ եմ: Երբեմն ինձ ասում են՝ մամա ունես, քույրեր: Բայց կինս ու աղջիկս արդեն չկան: Ու եթե ես գիտեմ, որ էս 4 պատից դուրս չեմ գալու, պիտի տանջվելով մեռնեմ, ո՞րն է նպատակը: Մի կողմում ես եմ տանջվում, մյուս կողմում՝ մայրս ու քույրերս: Մհերի գրածը կարդացե՞լ եք, որ գրում ա. «Հարազատներն այս գերեզմանոցում ծաղիկների փոխարեն սնունդ ու հագուստ են բերում»: Ես հույս չունեմ, որ կազատվեմ, էլ ի՞նչ իմաստ ունի ապրելը:

-Ո՞ւմ ձեռքին է Ձեր ազատությունը:

- Իմ կարծիքով, երկրի նախագահի... ո՛չ ներում ա շնորհում, ո՛չ համաներումների ցուցակներում ենք մենք մտնում: Մեր դատական համակարգն էլ միշտ ճիշտ ա: Ռուսաստանում անգամ պետությունն ասում ա՝ ես ունեմ սխալ դատված մարդիկ, չի ամաչում, պարզ ասում ա: Բայց փոքր Հայաստանը միշտ ճիշտ ա, ինքը կյանքում ոչ մի սխալ որոշում չի կայացրել: Ո՞նց կլինի էդպես:

- Նշում եք, որ Ձեր ազատությունը երկրի նախագահի ձեռքին է: Ինչո՞ւ չեք դիմում նրան:

- Էդպիսի տարի չկա, որ չդիմեմ: Սնցյալ տարի էլ եմ դիմել, էս տարի էլ: Բայց ես պատասխան չեմ ստացել Սերժ Սարգսյանից: Գիտե՞ք ինչպես եմ ստանում՝ Ձեր դիմումը ստացվել է, պատասխանը կստանաք արդարադատության նախարարությունից...կներեք, բայց ես դիմում եմ Ձեզ, չեմ դիմում, որ արդարացնեք կամ գործ վերանայեք: Ես խնդրում եմ դուրս գամ, հերիք ա նստեմ, տվեք շանս դուրս գամ, ապրեմ: Եթե մեկն ասի, որ ես անօգուտ եմ ապրում, օգուտ չեմ տալիս ազգին, էլի բերեք նստացրեք: Ամենամեծ հանցագործությունը անտարբերությունն է: Ու ամենամեծ անտարբերությունը գալիս ա վերևից: Անտարբեր են ժողովրդի դարդերին:

- Այն, որ Դուք այստեղ եք հայտնվել, դատակա՞ն սխալի հետևանք եք համարում:

- Կա պատահական սխալ, կա՝ նպատակաուղղված: Գիտեմ, որ սա նպատակաուղղված սխալ ա: Հատուկ են արել: Էստեղ էլ 2 անգամ մահափորձ է եղել ինձ վրա:

- Սողոմո՛ն, շուտով կլրանա 20 տարին, ինչ ազատազրկված եք: Հետախույզին, փաստորեն, իշխանությունը մոռացավ բանտում: Ձեր ներման խնդրանքով բազմաթիվ նամակներ են ուղղվել երկրի նախագահներին, անգամ ստորագրել է Ձեզ ճանաչող Կոմանդոսը, ևս 33 պատկառելի, հայտնի անուններ: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, չեն ազատում հետախույզին:

- Չգիտեմ, երևի շատ բան գիտեմ… Աստղ չեմ, էլի, բայց զարմանում եմ՝ ինչո՞ւ են հետևիցս ընկած:

- Երբ Ձեր քրեական գործին ծանոթացա, ու հոդվածներ տպագրվեցին, մարդիկ զուգահեռներ տարան Ձեր ու Սաֆարովի գործի միջև: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում:

- Ես մեղադրում եմ միայն մեր իշխանությանն ու կառավարությանը...

-Այնուամենայնիվ, իրեն ներում շնորհեցին, իսկ Դուք արդեն 19 տարի բանտում եք ադրբեջանցու սպանության համար:

- Գյուղեր ենք փրկել՝ կնանիք, էրեխեք, ծերեր: Փրկված մարդկանց եթե սկսենք հաշվել, 100-ավորներն անցնելու ա: Բայց դրա մասին ոչ մեկն էսօր չի հիշում:

- Սողոմո՛ն, Երբ Ձեր կյանքը վտանգելով՝ ինքներդ Ձեզ՝ Մհեր Ենոքյանի հետ ազատություն էիք շնորհում, երջանի՞կ էիք:

- Այո՛, էդ մի քանի օրվա մեջ ապրում էի, ես երջանիկ էի: Խցում նստած՝ ինձ տարբեր ուտելիքներ էին բերում, որը ուտում էի, համ չէի զգում: Բայց ազատության մեջ բարձրացա Հաղթանակի այգին, առա սովորական սպիտակ հաց, մի տեղ ճարեցի, որ մի քիչ խոտ էր մնացել, նստեցի դրա վրա, ցամաք հացը կերա: Համը բերանումս ա, էնպես համ ուներ, էնպես բույր ուներ, ոնց որ առաջին անգամ հաց ուտեի: Էրեխեքի տեսա, խաղացի նրանց հետ... Փախուստի ժամանակ 58 կիլո եմ եղել, որ բռնեցին, հետ բերեցին` 80 կիլո էի դարձել. կերածս նստել էր իմ վրա: Բանտի աշխատողները չճանաչեցին ինձ:

- 1995թ., երբ արդեն բանտում էիք, ծնվեց Ձեր աղջիկը: Հիշո՞ւմ եք՝ ինչպես, ո՞վ լուրը Ձեզ ասաց, որ երեխա եք ունեցել:

- Կամեռի տղերքից գնում էին դատի, գալիս էին, համար տվեցի, ասեցի՝ զանգեք, տեսեք ով ա ծնվել: Էկան, ասեցին՝ աղջիկ ես ունեցել: Կինս էլ մի քանի օրից ուղարկեց էրեխու ֆոտոն ու մի սվիտր՝ ինձ նվեր, դոշին գրած էր՝ քեզ սիրում ենք ու սպասում, վերջ…

- Այն ժամանակ տեսակցություններ չկային, 2003-ից (Հայաստանի` ԵԽ անդամ դառնալոց հետո) հետո են թույլատրել տեսնել հարազատներին: Ե՞րբ առաջին անգամ տեսաք Ձեր աղջկան՝ Սյուզիին:

- Առաջին անգամ տեսա 2004-ին, արդեն 9 տարեկան մեծ աղջիկ էր: Մեզ բերել էին Գորիսի բանտ: Էնտեղի աշխատողները ինձ լավ ճանաչում էին, հանեցին ձեռնաշղթաները: Երկար երազել էի, որ աղջիկս գա, գրկեմ բարձրացնեմ: Գրկեցի, աչքերս լայնացան, շունչս կտրվեց… դրեցի ուսերիս, հետո իջացրեցի, գլուխը դրել էր ուսիս ու երկար մնացել էր էդպես: Հետո գնաց մոր մոտ, քիչ անցավ, նորից վազելով էկավ-բարձրացավ ուսերիս: Կինս զարմացավ, ասեց՝ առաջին անգամ եմ տեսնում, որ տղամարդու ձեռքերին, ուսերին բարձրանա: Ասեց՝ ոչ մեկի մոտ չի գնում, լաց ա լինում, իսկ քո գրկից չի իջնում…

- Քանի՞ անգամ եք տեսել Ձեր աղջկան 19 տարվա ընթացքում:

- Տարին մեկ անգամ արդեն դրանից հետո թույլատրում էին տեսակցություն, բայց մեզ առաջին փախուստից հետո նորից հետ բերեցին «Նուբարաշենի» բանտ՝ Երևան, ու կինս չէր կարողանում, հնարավորություն չուներ, ֆինանսական պրոբլեմներ ուներ, որ գար Երևան, ինքն էլ հիվանդ էր: Քույրերս են մի քանի անգամ աղջկաս բերել իմ մոտ տեսակցության: Չորս անգամ եմ տեսել Սյուզիին:

- Ի՞նչն է տպավորվել հանդիպումներից:

- Ամեն անգամ ավելի մեծացած էր լինում... կողքիս նստում էր ու ամբողջ օրը թևիս տակից դուրս չէր գալիս, դեմքիս էր նայում, աչքերիս… չեմ կարողանում (հուզվում է, աչքերը փակում, սրբում արցունքները – հեղ.): Ոնց-որ իրական չլինի, չեմ հավատում, որ չկա իմ էրեխան... մամաս միշտ ասում էր, որ աղջիկը գալիս ա քո մոտ, բացվում ա, ասում էր, որ չի պարում, չի ուրախանում, չի խոսում, չի երգում: Ասում էր, որ իմ հետ շփվելուց հետո սկսում ա պարել, երգել...

- Ո՞րն է նպատակը՝ մարդուն մեկուսացնելով հասարակությունից՝ մեկուսացնել նաև հարազատներից: Կա՞ տրամաբանություն:

- Ոչ մի տրամաբանություն չկա…

- Ի՞նչ է տալիս մեկուսացումը հարազատից, ուղղո՞ւմ է մարդուն: Պատժի նպատակներից ո՞րն է իրականանում:

- Եթե մարդու ձեռքը ցավում ա, դա չի նշանակում, որ պիտի վերցնել ու ձեռքը կտրել: Բուժել ա պետք: Բայց համակարգը չի բուժում: Մատդ ցավի, ինքը ամբողջ թևդ կկտրի:

- Օրվա մեջ 24 ժամ ինչո՞վ եք զբաղվում փակ խցում:

- Ճապոնական խաչբառ եմ լուծում: Դա էլ ինչի համար, քանի որ սեր ունեմ մաթեմատիկայի հանդեպ: Ես գիտեմ, որ դադարեմ հաշվել, կբթանամ:

- Գիրք կարդո՞ւմ եք:

- Շատ եմ կարդացել, աչքերս լավ չեն հիմա, բացի էդ էլ՝ լավ գիրք չկա բանտում:

-Ի՞նչ գրքեր եք սիրում:

- Գիտական, այն, որ գիտելիք վերցնեմ՝ զինվորական, հոգեբանական, տարբերություն չկա:

- Ինչպե՞ս եք պատկերացնում ապագան, օրինակ 2 տարի հետո:

-Ապագայի մեջ էդքան չեմ խորացել, չեմ մտածել, քանի որ ես ապրում եմ այնպիսի երկրում, որ ամեն ինչ սպասում եմ: Հնարավոր ա՝ գան մի օր, դուռը բացեն ու հենց խցի մեջ սպանեն:

- Սողոմո՛ն, ազատության մեջ պատկերացնո՞ւմ եք Ձեզ:

- Իմ երազանքն ա՝ ազատության մեջ մի փոքր երեխա գրկեմ ու համբուրեմ...

- Ի՞նչ աշխատանք կանեք:

- Զորամասեր կան, որ կարող եմ մտնեմ, զինվորներին պարապացնեմ, հետախուզական գործ սովորացնեմ, սարքերի վրա աշխատեմ, որ թուրքը սահմանին չմոտեցած` մենք տեսնենք, իմանանք: Ամեն դեպքում՝ ինձ զինվորական գործի մեջ եմ պատկերացնում: Ես իմ էությամբ զինվոր եմ, ես հետախույզ եմ: Իմ կյանքը էդ ա:

-Երբ ասում են երջանկություն, ի՞նչ եք պատկերացնում:

-Երեխայի ժպիտ, դա է իմ երջանկությունը:

 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (4)

anahit
Հուսանք,որ այս խնդրի դրական լուծումը կտա ներկայիս նախացահ՝Ս.Սարգսյանը:
hasmik
ամեն անգամ երբ կարդում եմ Սողոմոնի մասին, հոգիս մղկտում է, լավ էս սերժիկները հաճույք են ստանում այս և մնացած ողբերգություններից,դարձել են ներոն մեր գլխին, ես ուզում եմ հիշեցնել դրանց ներոնների վախճանի մասին
Արի
Ոչ մի տարբերություն սաֆարովի ու մեր անգլուխ միջև,էն էշն ըսպանեց մեր քնած Գուրգենին, սրանք ինչ են անում? առավել դաժան են վարվում.... 20 տարի? ցնդելու բան ա..... արա բա սենց տղուն կփագեն? սրա արածի կեսի կեսը բոլորով չեք արել ու չեք էլ կարա անեք: ես թքեմ ձեր կերակրատաշտի մեջ... անաղուհաց քրդի շներ!!!պարակվի
Ռազմիկ
Հարգելի հեղինակ-լրագրող (խմբագիր), գրավոր դիմե՞լ եք Իրանի դեսպանին: Հաստատ նա «ճնշում» կգործադրի նախագահ ՍՍ-ի վրա, կազատեն Սողոմոն-Մարդուն կամ կփոխեն վճիռը... Ախր աստծու մեծ պատիժներ ա ստացել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter