HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը հետաձգեց դատական նիստերը

Անահիտ Բաղդասարյան

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում հուլիսի 24-ին շարունակվեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործով նախնական դատական նիստը: Դատական նիստին ներկա չէր ո́չ հայցվորը, ո́չ էլ պատասխանողը:

Դատավոր Մուրադ Հովակիմյանը տեղեկացրեց, որ հայցվոր Սամվել Հարությունյանը նախորդ դատական նիստի ժամանակ խնդրել էր, որ գործը քննվի իր բացակայությամբ, իսկ պատասխանող, հակըդդեմ հայցվոր Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը դատարանին դիմում է ներկայացրել, որով հայտնել է, որ հիվանդության պատճառով չի կարողանա ներկայանալ դատական նիստին եւ խնդրել է նախնական դատական նիստ նշանակել մեկ այլ օր: Ս. Խաչատրյանի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ հաջորդ դատական նիստում գրավոր ապացույցներ կներկայացնի:   

Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը:

Հիշեցնենք, որ  Ս. Հարությունյանը դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Սուրիկ Խաչատրյանին shamshyan.com լրատվական կայքի միջոցով ներողություն խնդրել` տարբեր լրատվամիջոցներում հրապարակված հարցազրույցներում իրեն «հոգեկան հիվանդ» անվանելու համար եւ փոխհատուցել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:

Նույն օրը տեղի ունեցավ նաեւ Սամվել Հարությունյանն ընդդեմ Սուրեն Բաղդասարյանի դատական նիստը: Նշված գործով հայցվոր Ս. Հարությունյանը պահանջում է lurer.com լրատվական կայքի միջոցով հրապարակայնորեն հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող փաստացի տվյալները եւ ներողություն խնդրել: Պահանջում է նաեւ զրպարտության միջոցով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար պատասխանողից բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով գումար, եւս նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով՝ վիրավորանքի միջոցով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար:

Մարտին Զիլֆուղարյանը, ով նաեւ պատասխանող Սուրեն Բաղդասարյանի ներկայացուցիչն էր,  դատարանին դիմում էր ներկայացրել` հետաձգելու դատական նիստը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter