HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկնային մանանան» հաշմանդամություն ունեցողների համար է

Արփինե Մինասյան

«Երկնային մանանա» արտադրամասը հաշմանդամություն ունեցողների համար կարծես հրաշք է: Սեւանի «Երկնային մանանա» ՍՊԸ-ի հաշմանդամություն ունեցող 12 աշխատակիցներն այսպես են բնութագրում իրենց աշխատավայրը:

Այն հիմնվել է 2013թ. դեկտեմբերի 3-ին, հաշմանդամների միջազգային պաշտպանության օրը, հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությամբ: Սեւանի «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ն 2013թ.-ին ծրագրային առաջարկով դիմել է «Սեյվ դը չիլդրեն» (Փրկենք երեխաներին») միջազգային կազմակերպության «Լայֆ» ծրագրին: Այն հավանության է արժանացել եւ «Սեյվ դը չիլդրենը» ծրագրի իրականացման համար տրամադրել է 14 մլն դրամ: Ծրագրի իրականացման համար եվս 3 մլն դրամ, տարեկան 10% տոսադրույքով վարկ է վերցրել Սեւանի «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ն:

Արտադրամասում հիմնականում աշխատում են հենաշարժողական խնդիրներ ունեցողները: Աշխատակիցներին ընտրել են զբաղվածութան պետական գործակալության Սեւանի տարածքային կենտրոնի աշխատակիցների հետ միասին: Աշխատանքի համար ընտրվածները երեքամսյա ուսուցում են անցել, երկու ամիսը` տեսական, մեկը` գործնական:

Ռուզանը գորգագործական ֆաբրիկայի համար չորս տարի գորգեր է գործել, երբեք կոլեկտիվ աշխատանք չի կատարել եւ, իր ասելով` սիրով է աշխատում հրուշակեղենի արտադրամասում: «Արտադրամասին մոտ եմ ապրում, տաքսիով եմ գնում-գալիս: Սայլակով դժվար է, արտադրամաս մտնել դուրս գալիս աշխատակիցներն օգնում են»,- ասում է 38-ամյա Ռուզանը: Նրա կարծիքով` Սեւանի մի շարք հաստատությունների մուտքերի մոտ կառուցված թեքահարթակները չափորոշիչներին չեն համապատասխանում: Թեքահարթակների թեքությունը շատ է, եւ սայլակից օգտվողի համար թեքահարթակը միայնակ հաղթահարելը դժվար է: 

Արտյոմն ու Նաիրան ամուսիններ են, աշխատում են արտադրամասում: Նաիրան լսողության խնդիր ունի, խոսում է ժեստերի լեզվով: Նրանք զբաղվում են նաեւ ձեռքի աշխատանքով: Սիրով ցուցադրում են իրենց պատրաստած կոմպոզիցիան, որի վրա տեղադրված է աշխատանքային կոլեկտիվի լուսանկարը, եւ, ինչպես Արտակն է նշում, նկարի շուրջ ստեղծել են հայկական կոլորիտ:

58-ամյա Սիրվարդ Ավետիսյանը մասնագիտությամբ հաշվապահ է: Սեւանի էլեկտրական գործադիր սարքերի գործարանի փակվելուց հետո որեւէ տեղ չի աշխատել: Այժմ նա արտադրամասում, որտեղ պատրաստում են փախլավա, փքաբլիթներ, գաթաներ, տարատեսակ թխվածքներ, սուխարի, խաչապուրի, ժինգյալով հաց եւ խմորեղենի այլ տեսականիներ, խմոր է հունցում:

Ծնունդով ղարաբաղցի Էլմիրան ժինգյալով հացի պատրաստման եղանակը լավ գիտի: «Ժինգյալով հացի խմորը ես եմ պատրաստում: Ուղղակի ստեղի կանաչիներով ենք անում, նաեւ բազուկ ենք լցնում»,- ասում է Էլմիրան:   

Արտադրամասում 2 մլն դրամի չափով օգնություն են ակնկալում զբաղվածության պետական գործակալությունից: Այդ գումարով թեքահարթակ են կառուցելու: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ֆինանսավորմամբ` հրուշակեղենի արտադրամասի համար ձեռք բերված սարքավորումները (էլեկտրական հարիչ, գրտնակ եւ այլն) թեթեւացրել են ձեռքի աշխատանքը: «Աշխատողների համար բոլոր պայմանները հարմարացված են: Կա սանհանգույց, լոգարան, հանգստի սենյակ: Նրանք աշխատաժամով են աշխատում եւ ժամաքանակով են վարձատրվում»,-նշում է «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի ղեկավար Սաթիկ Բադեյանը:

Նրա հավաստմամբ` ալյուրով հրուշակեղենի արտադրության մեջ փխրեցուցիչներ ու բարելավիչներ չեն օգտագործում: Ջանում են էկոլոգիապես մաքուր արտադրանք մատուցել: Հարսանիքների եւ այլ տոների համար պատրաստվող թխվածքների պատվերներ են ընդունում: «Մենք դեռ իրացման խնդիր ունենք: Եթե լավ իրացնենք արտադրանքը ե’ւ եկամուտը կավելանա, ե’ւ նոր աշխատատեղեր կնացվեն: Հավանաբար սեպտեմբերից տեսականին եւս կավելանա:

Սեւանի «Երկնային մանանա» արտադրամասի աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ զրույցից ակնհայտ է դառնում, որ արտադրամասում աշխատում են ոչ այնքան գումարի, որքան միմյանց հետ շփվելու, օրն ավելի գունեղ դարձնելու համար: Երգելով են աշխատում, ճաշի ժամին միասին սեղան են նստում, հյուրերին էլ` առանց թխվածքաբլիթները համտեսելու, չեն թողնում հեռանան:  

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter