HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսեց գլորվել 19-րդ տարին, որ բանտում եմ. տեսնես ինչքա՞ն մնաց…

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Գրեթե այնքան, որքան ազատության մեջ եմ ապրել, այդքան էլ ապրել եմ բանտում: 20 տարեկանում հայտնվեցի կլոր գերեզմանոցում, շուտով կդառնամ 39 տարեկան: 1996 թ. հուլիսի 12-ից այստեղ եմ՝ ֆիզիկական անազատության մեջ. սկսեց գլորվել 19-րդ տարին: Տեսնես ինչքա՞ն մնաց… Հուլիսյան այս օրերին առավել քան երբևէ հիշողություններն ինձ տանում են ետ դեպի 1996 թվական…

1996 թվական, նոյեմբերի վերջին օրերն են, ուշ երեկոյան «վոռոնյոկը» մտավ «Նուբարաշեն» բանտի տարածք: Մինչ այդ դատի տանել-բերելուց ինձ «վոռոնյոկում» պահում էին երկու ընդհանուր խցերից որևէ մեկում` մնացած կալանավորների հետ: Այս անգամ ես մեկուսացված եմ ահավոր փոքր մենախցում, որտեղ ոչ կանգնել կարող ես, ոչ նույնիսկ կես քայլ անել:

Մեքենայի մեջ մեկուսացման պատճառը նա էր, որ դատախազն այդ օրը պահանջել էր իմ նկատմամբ կիրառելիք «անհրաժեշտ»…… պատժաչափը՞, թե պատժատեսակը՞, սակայն այդ մասին բանտում դատարանից իմ վերադարձին սպասող խցակիցներս դեռ չգիտեին:

Առաջին հարկի «բոքս» կոչված կեղտոտ, գարշահոտով լցված խցերից մեկում դեռ երկար պահելուց հետո բարձրացրեցին խուց: Դուռը բացվեց, ներս մտա: Տղաները հարցական հայացքներով անհամբեր ինձ են սպասում: Լռում եմ:

- Հը՞, Մհե՛ր, ինչքա՞ն,- հարցնում է տղաներից մեկը:

Շարունակում եմ լռել:                

- Ա՛յ ախպեր, բան ասա, ինչքա՞ն ուզեց դատախազը:                            

- Շատ,- վերջապես կարճ ասում եմ ես:           

- 8-ից շա՞տ,- զարմացած հարցնում է մեկը (8 տարվա ազատազրկումը նվազագույն շեմն էր այն հոդվածով, որով մեղադրանք էր առաջադրվել Արամ Հարությունյանին ու ինձ):                 

Գլխով եմ անում:       

- 10 տարի՞...         

- Ավելի բարձր,- ասում եմ ես:

- 12՞,- հարցնում է մեկ ուրիշը:                                                      

- Ավելի բարձր,- կրկնում եմ ես:                                                                                 

-Ա՛յ ախպեր, կարո՞ղ ա 15 ա ուզել էդ … դատախազը,- այս անգամ շշմած հարցնում է մեկ ուրիշ կալանավոր՝ ժողովրդական բանահյուսությամբ մի համեմված որակում տալով դատախազին:                                                      

Այդ օրվա մեջ առաջին անգամ դեմքիս ժպիտ երևաց:

- Ավելի բարձր,- ասացի ես:

Իսկ «ավելի բարձրը» նշանակում էր մահապատիժ:

Բոլորը քարացած ինձ էին նայում: Մահապատիժ: Զարհուրելի բառ է, գրեթե ոչ մի բանով չի տարբերվում մարդասպանությունից: Շնչելու օդ չկա ոչ միայն ինձ համար, այլև խցի բոլոր տղաների: Դատարանում արդեն արտասանել էի վերջին խոսքս, ասել էի, որ ես չեմ սպանել համակուրսեցուս, որ մեղավոր չեմ:

Մի քանի օր հետո դատավոր Զինավոր Ղուկասյանը, ընդունելով դատախազի պահանջը, ինձ՝ 20-ամյա ուսանողիս, դատապարտեց մահապատժի: Դատավճռի հրապարակման պահին առերևույթ հանգիստ էի ինձ պահում, բայց ներսս փոթորկվում էր: Հասկացա, որ սա վերջն է, որ կյանքը կանգ առավ, որ ես այլևս գոյություն չունեմ մարդկանց համար: Ես չկամ պարզապես:

Մտա խուց, վերցրեցի իրերս: Ինձ տեղափոխում էին մահապատժի դատապարտվածների հարկաբաժին: Այդպես 20 տարեկանում դարձա 20-րդ մահվան դատապարտվածը Հայաստանում:

Ինձ մահվան դատապարտեցին առանց ապացույցների, միայն գործով մեղադրյալ Արամ Հարությունյանի՝ չորս անգամ փոփոխված ցուցմունքներից վերջինը հիմք ընդունելով: Ինձ դատապարտեցին մահապատժի 2 ամիս տևած նախաքննությամբ, 2 ամիս տևած դատավարությամբ, ընդամենը 3 հատորանոց խղճուկ գործով, որի ուղիղ կեսը ստորագրություններ են՝ մահապատժի պահանջով, կայծակնային արագությամբ (Արամին՝ 15 տարվա ազատազրկման):

Վերջերս իմացա, որ դատավոր Զինավոր Ղուկասյանն այլևս չկա: Նա իր հետ տարավ գաղտնիքը, թե ինչպես առանց համալիր փորձաքննության, առանց քննչական փորձարարության, առանց բավարար ապացույցների հաստատված համարեց իմ մեղքը: Բայց մյուս դատավորները, ովքեր դեռ ողջ են, կարող են մարդկային կյանքեր փրկել: Նրանք կարող են պատմել ճշմարտությունը ճնշումների մասին, խոստովանել, որ ստիպված են նման պատիժներ նշանակել, ներողություն խնդրել ու սեփական խղճի հետ համերաշխ ապրել, իսկ հեռանալիս թողնել խիզախ դատավորի անուն: Ուտոպիստական պատկեր եմ նկարագրում, հասկանում եմ: Հասկանալով դա՝ պայքարում եմ ինքս ու գիտեմ, որ իմ պայքարով ոգևորում եմ մարդկանց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter