HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյան. «Ռուսաստանը մեզ ներքաշում է ռուս-թուրքական հերթական սիրախաղի մեջ»

«Հետք»-ի հարցերին է պատասխանում «Նախախորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը

- Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կրկին հետաձգվեց: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հայտարարեց, որ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա հունվարի 1-ից: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է պարբերաբար ձգձգվում ՀՀ անդամակցությունը, արդյոք Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը չե՞ն ուզում, որ ՀՀ-ն անդամակցի ԵՏՄ-ին:

- Նախ՝ ինչպես բազմիցս ասել եմ, այստեղ էլ կրկնեմ, որ ԵՏՄ-ն մեռելածին ծրագիր է, այն իրականություն չի դառնա: Իսկ ռեժիմի որևէ ներկայացուցչի, այդ թվում՝ նշված պարոնի խոսքը արժեք չունի: Նրանք բազմիցս դա ապացուցել են: Նրանց պարագլուխը հարկ չի համարում իր օտար տերերից ստացած հրահանգների մասին իրազեկել իր բանդային, առավել ևս՝ քննարկել դրանք: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի անդամակցության հարցը ձգձգվում է, ինչն ինքնին պետք է համարել դրական հանգամանք: Սակայն այդ ձգձգումների պատճառը, ցավոք, Հայաստանի ինքնիշխան դիրքորոշումը չէ, քանի որ Ռուսաստանի համար այսօր ինքնիշխան Հայաստան գոյություն չունի:

Նրանց կարծիքով Հայաստանի խնդիրը լուծված է, այսինքն՝ նրանց հաջողվել է կուլ տալ ՀՀ-ն ու Արցախը։ Ձգձգման գլխավոր պատճառն Ադրբեջանի գործոնն է: Ռուսաստանը ձգտում է Ադրբեջանին համոզել կամ պարտադրել միանալու ԵՏՄ-ին և ամենայն հավանականությամբ՝ ռուսական կողմը որոշել է, որ Հայաստանի մուտքը ԵՏՄ պետք է լինի Ադրբեջանի հետ միասին: Եթե անգամ Ադրբեջանը պաշտոնապես չհայտարարի ԵՏՄ-ին միանալու մասին, ապա գոնե նրա ղեկավարությունից բանավոր խոստում ստանալուց հետո միայն Հայաստանը պետք է մուտք գործի այդ միություն: Ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից ԵՏՄ-ին միանալու գործընթացի հետաձգումները շարունակվելու են և մի օր էլ լսելու ենք, որ այդ ծրագիրը հօդս է ցնդել:

Միևնույն ժամանակ՝ մենք պետք է շատ զգույշ և զգոն լինենք, քանի որ չնայած ԵՏՄ ծրագիրը մեռելածին է, սակայն Ռուսաստանն, այնուամենայնիվ, մեզ ներքաշում է դրա գործընթացում տեղի ունեցող ռուս-թուրքական հերթական սիրախաղի մեջ, որպեսզի մեր հաշվին կարողանա առևտուր անել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Չի բացառվում, որ այդ նպատակով Ռուսաստանը ձգտի ապակայունացնել տարածաշրջանը և զորք մտցնի Արցախ։ Իրադրության նման զարգացման դեպքում մենք պարտավոր ենք այն ամեն կերպ խափանել։

- Այսինքն խնդիրը Լեռնային Ղարաբա՞ղն է: Համամի՞տ եք այն տեսակետներին, որ ԵՏՄ անդամ-պետությունները ցանկություն ունեն ՀՀ-ԼՂՀ մաքսակետի պայմանի դեպքում միայն Հայաստանը տեսնել ԵՏՄ կազմում:

Ինչպես արդեն նշեցի, Արցախն աշխարհաքաղաքական առևտրի առարկա է: Իսկ առհասարակ՝ մենք պետք է մտածենք ոչ թե ԵՏՄ անդամ պետությունների ցանկությունների, այլ մեր շահերի մասին: Իսկ մեր շահերը հուշում են, որ մենք ոչ մի դեպքում չպիտի հաշտվենք Արցախի և մեր պետականության հաշվին աշխարհաքաղաքական առևտրի առարկա դառնալուց՝ անկախ այդ գործարքի պայմաններից: Ուստի մենք պետք գիտակցենք մեր շահերը և մերժենք բոլոր այն գործընթացները, որոնք կապված են մեզ որևէ վերպետական միավորման, այդ թվում՝ ԵՄ կամ ԵՏՄ մեջ ներառելուն:

- Այս օրերին գործարար Լևոն Հայրապետյանի հետ տեղի ունեցածը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել: Հայրապետյանի ձերբակալությունը շատերը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորում: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին:

Լևոն Հայրապետյանը մեր ժամանակաշրջանի հազվադեպ հայ մեծահարուստներից է, որն իր կարողությունն ու կապերը ծառայեցրել է hայրենիքին: Մեծ է նրա ավանդը ինչպես Արցախյան հաղթանակի, այնպես էլ հրադադարից հետո Արցախի վերականգնման գործում: Բացի այդ, նա միշտ օգտագործել է առաջատար պետությունների ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչների և ղեկավարների հետ ունեցած իր կապերն Արցախյան հարցի հայանպաստ լուծման համար: Նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դրդապատճառների մասին առայժմ ձեռնպահ կմնամ միանշանակ կարծիք հայտնելուց: Բոլոր դեպքերում ծանր առողջական վիճակի պարագայում նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորման կիրառումը, ակնհայտորեն խոսում է հալածանքի մասին: Հատկանշական է, որ այդ քայլը կատարում է այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը, որի կյանքում նույնպես Լևոն Հայրապետյանը մեծ ավանդ ունեցող երևելի անհատ է:

Մեկնաբանություններ (2)

Gary mailyan
Right on, brother. Jirayr is one of the few diaspora Armenians, who is not sold on Russia.
Artavazd
Սա մեր ժողովրդին գլխատելու փորձ է ... Այսօր ոչ մի քաղաքական գործիչ չի կարող իր շուրջը համախմբել մեր ժողովրդին... Այնքան մեծ է հիասթափությունը ամեն ինչից... Եվ որ ամենավտանգավորն է` կորել է հավատը վաղվա նկատմամբ, հավատը մեր իշխանությունների նկատմամբ... Եթե այսօր որևէ երկրում կալանքի վերցնեին մեր որևէ օլիգարխի` անօրինական դիզած միլիոնների համար, երևի այսքան սատարողներ չլինեին... Գուցե նույնիսկ ուրախանայինք, որ մեկը պակասեց... Բայց այլ է Լևոն Հայրապետյանի պարագայում... Նա լինելով ժամանակի մեծահարուստներից մեկը, հսկայական միջոցներ է ներդնում Արցախի, Հայաստանի, մեր ժողովրդի համար... Նա մեր ժողովրդի աչքին մաքուր է մնացել... և հարկ եղած դեպքում նա կարող է համախմբել այդ նույն ժողովրդին... Իսկ այդպիսի մեկն այս պահին ցանկալի չէ մեր թշնամիների և վաաաայ բարեկամների համար... Շատ կոշտ է վերաբերմունքը նրա նկատմամբ... Կարող էին լրիվ այլ կերպ վարվել նրա հետ` նույնիսկ այդ մեղադրանքները ներկայացնելու դեպքում... Բայց նպատակը բոլորովին այլ է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter