
Ժիրայր Սեֆիլյան. «Ռուսաստանը մեզ ներքաշում է ռուս-թուրքական հերթական սիրախաղի մեջ»
«Հետք»-ի հարցերին է պատասխանում «Նախախորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը
- Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կրկին հետաձգվեց: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հայտարարեց, որ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա հունվարի 1-ից: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է պարբերաբար ձգձգվում ՀՀ անդամակցությունը, արդյոք Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը չե՞ն ուզում, որ ՀՀ-ն անդամակցի ԵՏՄ-ին:
- Նախ՝ ինչպես բազմիցս ասել եմ, այստեղ էլ կրկնեմ, որ ԵՏՄ-ն մեռելածին ծրագիր է, այն իրականություն չի դառնա: Իսկ ռեժիմի որևէ ներկայացուցչի, այդ թվում՝ նշված պարոնի խոսքը արժեք չունի: Նրանք բազմիցս դա ապացուցել են: Նրանց պարագլուխը հարկ չի համարում իր օտար տերերից ստացած հրահանգների մասին իրազեկել իր բանդային, առավել ևս՝ քննարկել դրանք: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի անդամակցության հարցը ձգձգվում է, ինչն ինքնին պետք է համարել դրական հանգամանք: Սակայն այդ ձգձգումների պատճառը, ցավոք, Հայաստանի ինքնիշխան դիրքորոշումը չէ, քանի որ Ռուսաստանի համար այսօր ինքնիշխան Հայաստան գոյություն չունի:
Նրանց կարծիքով Հայաստանի խնդիրը լուծված է, այսինքն՝ նրանց հաջողվել է կուլ տալ ՀՀ-ն ու Արցախը։ Ձգձգման գլխավոր պատճառն Ադրբեջանի գործոնն է: Ռուսաստանը ձգտում է Ադրբեջանին համոզել կամ պարտադրել միանալու ԵՏՄ-ին և ամենայն հավանականությամբ՝ ռուսական կողմը որոշել է, որ Հայաստանի մուտքը ԵՏՄ պետք է լինի Ադրբեջանի հետ միասին: Եթե անգամ Ադրբեջանը պաշտոնապես չհայտարարի ԵՏՄ-ին միանալու մասին, ապա գոնե նրա ղեկավարությունից բանավոր խոստում ստանալուց հետո միայն Հայաստանը պետք է մուտք գործի այդ միություն: Ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից ԵՏՄ-ին միանալու գործընթացի հետաձգումները շարունակվելու են և մի օր էլ լսելու ենք, որ այդ ծրագիրը հօդս է ցնդել:
Միևնույն ժամանակ՝ մենք պետք է շատ զգույշ և զգոն լինենք, քանի որ չնայած ԵՏՄ ծրագիրը մեռելածին է, սակայն Ռուսաստանն, այնուամենայնիվ, մեզ ներքաշում է դրա գործընթացում տեղի ունեցող ռուս-թուրքական հերթական սիրախաղի մեջ, որպեսզի մեր հաշվին կարողանա առևտուր անել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Չի բացառվում, որ այդ նպատակով Ռուսաստանը ձգտի ապակայունացնել տարածաշրջանը և զորք մտցնի Արցախ։ Իրադրության նման զարգացման դեպքում մենք պարտավոր ենք այն ամեն կերպ խափանել։
- Այսինքն խնդիրը Լեռնային Ղարաբա՞ղն է: Համամի՞տ եք այն տեսակետներին, որ ԵՏՄ անդամ-պետությունները ցանկություն ունեն ՀՀ-ԼՂՀ մաքսակետի պայմանի դեպքում միայն Հայաստանը տեսնել ԵՏՄ կազմում:
- Ինչպես արդեն նշեցի, Արցախն աշխարհաքաղաքական առևտրի առարկա է: Իսկ առհասարակ՝ մենք պետք է մտածենք ոչ թե ԵՏՄ անդամ պետությունների ցանկությունների, այլ մեր շահերի մասին: Իսկ մեր շահերը հուշում են, որ մենք ոչ մի դեպքում չպիտի հաշտվենք Արցախի և մեր պետականության հաշվին աշխարհաքաղաքական առևտրի առարկա դառնալուց՝ անկախ այդ գործարքի պայմաններից: Ուստի մենք պետք գիտակցենք մեր շահերը և մերժենք բոլոր այն գործընթացները, որոնք կապված են մեզ որևէ վերպետական միավորման, այդ թվում՝ ԵՄ կամ ԵՏՄ մեջ ներառելուն:
- Այս օրերին գործարար Լևոն Հայրապետյանի հետ տեղի ունեցածը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել: Հայրապետյանի ձերբակալությունը շատերը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորում: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին:
Լևոն Հայրապետյանը մեր ժամանակաշրջանի հազվադեպ հայ մեծահարուստներից է, որն իր կարողությունն ու կապերը ծառայեցրել է hայրենիքին: Մեծ է նրա ավանդը ինչպես Արցախյան հաղթանակի, այնպես էլ հրադադարից հետո Արցախի վերականգնման գործում: Բացի այդ, նա միշտ օգտագործել է առաջատար պետությունների ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչների և ղեկավարների հետ ունեցած իր կապերն Արցախյան հարցի հայանպաստ լուծման համար: Նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դրդապատճառների մասին առայժմ ձեռնպահ կմնամ միանշանակ կարծիք հայտնելուց: Բոլոր դեպքերում ծանր առողջական վիճակի պարագայում նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորման կիրառումը, ակնհայտորեն խոսում է հալածանքի մասին: Հատկանշական է, որ այդ քայլը կատարում է այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը, որի կյանքում նույնպես Լևոն Հայրապետյանը մեծ ավանդ ունեցող երևելի անհատ է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել