HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին 10 տարի պայքարում է իր ժառանգական իրավունքի ճանաչման համար

Հոդվածի հերոսուհին Երևանի Գ.Նժդեհի փողոցի 17 բնակարանի երբեմնի բնակչուհի Աննա Մարգարյանն է, ով օրեր առաջ դիմեց «Հետքին»՝ նշելով որ արդեն 10 տարի պայքարում է իր ժառանգական իրավունքի ճանաչման համար: Այդ հարցի լուծման համար նա անցել է դատական եռաստիճան համակարգով, դիմել պետական համապատասխան բոլոր մարմիններին՝ չունենալով փաստաբանական աջակցություն:

Աննան պատմեց, որ մեկ տարեկան է եղել, երբ մայրը մահացել է, և իրեն պահել, մեծացրել է մորաքրոջ դուստրը՝ Նելլի Հաբեթյանը, սակայն առանց Աննային պաշտոնապես որդեգրելու: Իսկ երբ Նելլին մեծացել է, Աննան է խնամել նրան ու նրա ծեր մորը, այսինքն՝ նաև իր մորաքրոջը:

Ամեն ինչ սկսվել է Նելլի Հաբեթյանի մահվանից հետո, երբ մեկ օրում Աննա Մարգարյանի առջև փակվել են իր ապրած տան դռները:

«Ես մենակ եմ խնամել Նելլիին ու նրա ծեր մորը, որևէ մեկը չի օգնել ինձ, որևէ մի բարեկամ ձեռք չի մեկնել: Սակայն երբ Նելլին մահացավ, բարեկամները շատացան: Նելլին հանկարծամահ եղավ 66 տարեկանում ու որևէ կտակ չէր կազմել: 2004թ. սեպտեմբերի 7-ն էր: Նրա մահվան տարելիցի արարողությունն էինք անում: Տանից դուրս եկա որոշ հարցեր կարգավորելու: Վարադարձա, դռան փականը փոխված էր, թակեցի ոչ մեկը չբացեց: Անմիջապես դիմեցի Շենգավիթի ոստիկանությանը, դիմում գրեցի նաև ՄԻՊ Լարիսա Ալավերդյանին: Չունեի փաստաբան, չէի կարող գումար վճարել, ամեն ինչ փորձում էի մենակ անել: Եթե ունենայի իրավական աջակցություն, տունը ձեռքիցս չէին կարող խլել»,- պատմեց Աննա Մարգարյանը:

«Հետքն» ուսումնասիրեց 10 տարի բոլոր դատական ատյաններով անցած գործը, Աննայի բոլոր դիմում-բողոքները` ուղղված դատախազություն, այլ պետական մարմիններ: Ամենաուշագրավը, թերևս, ԱՆ նորտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանի պատասխանն էր քաղաքացուն, որտեղ նա պարզապես խնդրել էր՝ պետական մարմինները չհեղեղել դիմումներով:

Դռան փականը փոխողը ԴԱՀԿ ծառայությունն է, նաև ոչ այլ ոք, քան Նելլի Հաբեթյանի եղբոր՝ Ռուբենի տղան՝ Կարապետ Գևորգյանը, ով նոտարով ձեռք է բերել 2-րդ հերթի ժառանգի վկայագիր: Նույն Կարապետը հոր տված լիազորագրով հանդես է եկել նրա ու եղբոր անունից դատարանում: Աննային իր ապրած բնակարանից վտարելու պահանջով դիմել է Շենգավիթի դատարան, որտեղ բավարարվել է նրա պահանջը: ԴԱՀԿ-ն Աննա Մարգարյանին 2004 թ. սեպտեմբերի 7-ին փաստորեն վտարել է Շենգավիթի դատարանի կայացրած վճռով, որտեղ անվավեր է ճանաչվել Աննա Մարգարյանի ժառանգության իրավունքի վկայագիրը:

«2004 թ.-ից ճամփա ընկած ծանուցագիրը մինչ օրս ինձ չի հասել: ԴԱՀԿ-ից ոչ մի ծանուցում չեմ ստացել, թե ազատեք բնակարանը: Եկել են ու մի քանի ժամում փական փոխել Կարապետի հետ: Իմ բոլոր իրերը, անգամ հագուստը մնացել էին այդ բնակարանում: Չէի կարողանում անգամ տարրական հարցեր լուծել»,-պարզաբանեց Աննան՝ նշելով, որ ԴԱՀԿ-ի գործողությունները ևս վիճարկել է դատարանում:

«Դատավոր Սմբատյանին (Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարան) երբ բացարկ էի հայտնում, ինձ հեռացրեց նիստերի դահլիճից ու դատն առանց ինձ արեցին: Հետո նյութեր ուսումնասիրելով՝ հայտնաբերեցի, թե ինչպես են գործին կցել ԴԱՀԿ-ի փաստաթղթերը, թե քաղաքացի Աննա Մարգարյանին պատշաճ ծանուցվել է բնակարանն ազատելու մասին»,-ասաց Աննա Մարգարյանը: Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանը մերժել է Աննայի հայցն ընդդեմ ԴԱՀԿ ծառայության:

«Ունեմ ապացույցներ, որ 1 տարեկանից այդ տանն եմ ապրել: Ես ներկայացրեցի մի ամբողջ մեծ թղթապանակ ապացույցներ, որ Նելլի Հաբեթյանն է ինձ պահել, ներկայացրել եմ նաև մորս հարևանների վկայություններն այդ մասին՝ նոտարով հաստատված: Կենտրոնի նոտարը ինձ հարցրեց՝ ինչ հիմքով եք ուզում ճանաչվել ժառանգ, չէ որ դուք 4-րդ հերթի ժառանգ եք՝ ներկայացման իրավունքով, քանի որ մորաքրոջ աղջիկն եմ: Ես ասացի, որ ոչ ոքի չեմ ճանաչում, որ Նելլին ամուսին չի ունեցել, մայրը մահացել է, ուրիշ ոչ մեկը գոյություն չի ունեցել: Նա ազդվեց, ասաց, որ բարոյականության տեսանկյունից ես կարող եմ լինել նաև 1-ին հերթի ժառանգ: Բայց, ասաց, որ իրավական առումով կարող է ինձ ձևակերպել որպես 4-րդ հերթի ժառանգ: Այդ վկայագիրը ես ստացա»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Աննա Մարգարյանը՝ ավելացնելով, որ 2-րդ հերթի ժառանգ են ճանաչվում Նելլիի եղբայրները, ում անունից հանդես էր գալիս եղբայրներից մեկի՝ Ռուբենի տղան՝ Կարապետ Գևորգյանը:

«Բայց ժառանգության իրավունքի վկայագիրն առաջինն ինձ է հատկացրել Կենտրոնի նոտարը՝ Ալվարդ Մելքոնյանը: Ինձնից հետո միայն անօրինական ճանապարհով այն ստացել են Գևորգյանները»,-ասաց Աննան: 

Շենգավիթի դատարանը վեճի առարկա բնակարանը ժառանգության իրավունքով հանձնել է Նելլի Հաբեթյանի երկու եղբայրներին՝ որպես 2-րդ հերթի ժառանգների ներկայացման իրավունքով: Այնուհետև նրանց մահից հետո նրանց անունից հանդես եկող Կարապետը մնացել է որպես միակ ժառանգ ու կարողացել է բնակարանը միանձնյա վաճառել: Հիմա այդ հասցեում ապրում են նոր գնորդները:

Քաղաքացի Աննա Մարգարյանը դատարան է ներկայացրել նաև իր գույքը ետ ստանալու պահանջագիր՝ նշելով մոտ 400 անուն ապրանք, կատարված ծախսեր՝ 19 մլն դրամ ընդհանուր գումարով: Սակայն նույնիսկ դա չի փոխհատուցվել: Այնտեղ ներառված են նաև Նելլիի բուժման ու թաղման ծախսերը, որոնք Աննան հոգացել է միայնակ:

2005թ. հոկտեմբերի 12-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ 178-րդ հոդվածի հատկանիշներով (խարդախություն)՝ Աննայի հաղորդման հիմքով: Նախաքննությամբ ուսումնասիրվել և ստուգվել են Աննա Մարգարյանի դիմումներում բերված փաստերն ու պատճառաբանությունները, որոնք ժխտվել են: Քրգործի վարույթը կարճվել է հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Գործը քննող քննիչը եղել է Բաբկեն Մարտոյանը, ով տարիներ անց այլ գործով ապացույցները խեղաթյուրելու մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

«Քննիչ Մարտոյանը անգամ չէր բարձրացնում աչքերը, որ ինձ նորմալ բացատրի, թե ինչպես է, որ հանցակազմ չի տեսնում: Նա միայն ինձ ասաց՝ գնացեք գործ արեք: Էդպես էլ չհասկացա, թե ինչ նկատի ուներ քննիչը այդ բազմանշանակ արտահայտությունն անելով: Ճիշտ է, ես գումար չունեմ, բայց միթե իրավունքներ էլ չունեմ»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ ակնկալելով, որ մամուլի հրապարակումները կարող են օգնել իրեն վերականգնել իր ժառանգության իրավունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter