HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման խնդիրը-2

Էդգար Վարդանյան

սկիզբը

Եվ այսպես, ինչպե՞ս է մարդկանց մոտ ձեւավորվում իրավական արժեհամակարգը: Վերջինիս ձեւավորման անհրաժեշտ պայմաններից մեկը սեփական շահերը առաջ տանելու տեսակետից ստատուս քվոյի անընդունելիությունն է, որի հիմքում ընկած է սեփական շահերի գերկարեւորումը:

Երբ ուսումնասիրում ենք եվրոպական երկրներում իրավական պետությունների ձեւավորման պատմությունը պարզ է դառնում, որ  համակարգային ռադիկալ փոփոխությունները տեղի են ունենում, երբ ինչ-որ մարդիկ, հանկարծ, զգում են, որ իրենք արժանի են ավելիին, որ նրանք ունեն կարիքներ, որոնց բավարարումը անհնար է երկրում հաստատված քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային խաղի կանոնների շրջանակներում: Եվ այս ամենը հանգեցնում է համոզմունքի ձեւավորմանը, որ միայն իրավական պետության շրջանակներում է հնարավոր սեփական շահերի ռեալիզացիան ու պաշտպանությունը:

Իշխանության նկատմամբ մենաշնորհ ունեցող արիստոկրատների մոտ, որպես կանոն, չի առաջանում նման համոզմունք, քանի որ ստատուս քվոն ձեռնտու է լինում նրանց համար: Սակայն ինչո՞ւ 17-18-րդ դարերում, հենց բուրժուաներն են եղել համակարգային փոփոխությունների ջատագովը եւ առաջամարտիկը, այլ ոչ, իրավունքներ չունեցող, այլ խումբ, օրինակ` գյուղացիները: Բանն այն է, որ գյուղացիները չեն կարողացել ձեւակերպել սեփական շահերը, նրանք, ի տարբերություն բուրժուաների, չեն ունեցել այլ,  ավելի լավ կյանքի մասին սեփական պատկերացումները եւ այդ ամենը սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքը փոխելուն ընդունակ որեւէ գաղափարի, հմտության, մեխանիզմի, գործունեության չտիրապետելու հետեւանքն է: Այսպիսով, կարող ենք նշել, որ գյուղացիները չունեին այլ կյանքի վերաբերյալ սեփական պատկերացումներ եւ բնականբար չէին կարող ցանկանալ այլ կյանք, հետեւաբար նրանց շրջանում չէր ձեւավորվում իրավական արժեհամակարգ:

Իսկ բուրժուաները կարողանում էին այնպիսի «արտադրանք» տալ, որը հարստացնում էր պետությունը, բարձրացնում նրա կազմակերպվածության մակարդակը եւ այլն: Այդ իսկ պատճառով նրանք արժեվորում էին սեփական եսը եւ ցանկանում էին ավելի լավ կյանք ստանալ:

Բուրժուաների մոտ ձեւավորվել էր յուրօրինակ պատվի զգացողություն, որը դրդում էր պայքարել արիստոկրատների դեմ եւ ձեռք բերել հավասար իրավունքներ: Նրանց մոտ, փաստացի, ձեւավորվել էր իրավական արժեհամակարգ: Հարկ է նկատել, որ սկզբնական շրջանում բուրժուաները պայքարում էին  բացառապես իրենց խավի համար իրավունքներ ձեռք բերելու նպատակով: Սակայն հենց այյդ պայքարն է, որ հանգեցրել է ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորմանը:

Ուրեմն պետք է փաստենք, որ առանց իրավական արժեհամակարգի ձեւավորման չի կարող լինել իրավունքների ձեռքբերման համար պայքար եւ չեն կարող ստեղծվել ժողովրդավարական ինստիտուտներ: Սակայն հարկ է նաեւ նշել, որ դա ամենեւին չի նշանակում, թե արժեհամակարգը պարտադիր պետք է ձեւավորվի ողջ բնակչության, կամ, նույնիսկ, դրա մեծամասնության մոտ: Փորձը ցույց է տալիս, որ ռադիկալ փոփոխությունների հասնելու համար բավարար է, որ հանրության ընդամենը մի զգալի հատված կրի այդ արժեհամակարգը: Հետագայում արդեն ձեւավորված ինստիտուտները կսանձեն հակաիրավական գիտակցության տեր մարդկանց եւ կնպաստեն նաեւ նրանց մոտ իրավական արժեհամակարգի հիմնադրմանը:

Սակայն, նույնիսկ կայացած իրավական ինստիտուտների գոյության պարագայում հնարավոր է լինում, որ հանրության լայն շրջանակներ ունենան ոչ իրավական արժեհամակարգ, ավելին, այդպիսի արժեհամակարգ կրողները կարող են նույնիսկ բարձր պաշտոնների արժանանալ: Բայց նույնիսկ այդ դեպքում, ձեւավորված ժողովրդավարական ինստիտուտները եւ հանրության մի զգալի հատվածի բարձր իրավագիտակցությունը, թույլ չեն տալիս, որ երկիրը դադարի ժողովրդավարական լինել:

Ժողովրդավարության տեսակետից մոդելային համարվող Կանադայի ամենախոշոր քաղաքի` Տորոնտոյի ներկայիս քաղաքապետի հետ կապված պատմությունը վերոնշյալի լավագույն վկայությունն է: Այդ քաղաքի քաղաքապետ Ռոբ Ֆորդը, որն այդ պաշտոնին է 2010 թվականից, հայտնի է իր էքստրավագանտ, սկանդալային, ագրեսիվ, հակաօրինական վարքագծով: Դատավարության ժամանակ նա թեեւ սկզբից ժխտել է, սակայն, վերջ ի վերջո, ընդունել է, որ երկու տարի շարունակ անօրինական կերպով թմրանյութեր է գնել: Ոստիկանության մոտ գտնվող տեսաերիզներից մեկում երեւում է, որ նա կռեկ է ծխում թմրանյութերի անօրինական բիզնեսով զբաղվող մարդկանց հետ եւ Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոյին «գոմիկ» անվանում: Տեսաերիզներից մեկում էլ երեւում է, որ Ֆորդը իրեն քննադատողին սպառնում է սպանել: Քաղաքի բնակչության մի զգալի մասը պահանջում է նրա հրաժարականը, սակայն նա չի պատրաստվում հեռանալ:  Ռոբ Ֆորդը, առ այսօր, Տորոնտոյի քաղաքապետն է: Սակայն քաղաքի ավագանին, հաշվի առնելով այն, որ իմպիչմենթի համար օրենքով նախատեսված բավարար հիմքեր չկան, գտել է նրա լիազորությունները խիստ սահմանափակելու տարբերակ եւ, այդպիսով, դե ֆակտո, զրկել նրան քաղաքի կառավարումից:  Հետաքրքիր է նաեւ այն, որ այս ամենից հետո քաղաքապետի վարկանիշը չի ընկել եւ նա վայելում է բնակչության 40 տոկոսի աջակցությունը եւ կրկին վերընտրվելու նպատակ ունի: Շատերը գտնում են, որ կարեւոր չէ, թե ինչ գիտակցության եւ վարքի տեր է քաղաքապետը, այլ կարեւորն այն է, որ նա կարողանում է արդունավետ կառավարել գերզարգացած Տորոնտոն:

Այսպիսով, ի դեմս Ռոբ Ֆորդի հետ կապված պատմության, ունենք հետեւյալ պատկերը` հակաիրավական գիտակցության եւ հակասոցիալական վարքի տեր ընտրված քաղաքապետ, անաչառ ոստիկանություն եւ դատական իշխանություն, քաղաքապետից չկախված, համարձակ եւ պրոֆեսիոնալ ավագանի, հակաիրավական գիտակցության տեր հանրության լայն շրջանակներ (նրանք, ովքեր հակաիրավական վարքի տեր իշխանավորին շարունակում են աջակցել), միեւնույն ժամանակ իրավական գիտակցության տեր լայն շրջանակներ (նրանք, ովքեր քննադատում են քաղաքապետին, պահանջում նրա հրաժարականը եւ այլն) եւ զարգացող, բարգավաճող, ժողովրդավարական քաղաք:  

Այսինքն, կարող ենք եզրակացնել, որ, չնայած հանրության մի մասի, առանձին պաշտոնյաների հակաիրավական գիտակցության եւ վարքի, ժողովրդավարական ինստիտուտների եւ ժողովրդի թեկուզ մի մասի մոտ իրավագիտակցության գոյությունը բավարար է զարգացած ժողովրդավարական պետություն ունենալու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter