HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սառը ջուր՝ համայնքապետարանի աշխատակիցներին, բարձրախոսներ՝ համայնքի բնակիչներին

Արարատի մարզի Բուրաստան համայնքում մեկնարկել է բակային ճամբարը, ինչը մեծ տոն է երեխաների համար: Այդ առիթով համայնքապետարանի բակը զարդարված է գույնզգույն ժապավեններով ու թղթերով: Բակը միայն համայնքապետարանինը չէ, նույն շենքում են գործում նաեւ մշակույթի տունը եւ  մարզադահլիճը:

Համայնքապետ Աշոտ Թարվերդյանն ասում է, որ գյուղի միակ նորությունը ճամբարը չէ: Վերջին տարիներին համայնքում դրականը գերակշռում է, սակայն անելիքները շատ են, ծրագրեր ունեն, բայց դրանց կատարմանը խոչընդոտում են ֆինանսական սուղ միջոցները:

Աշոտ Թարվերդյանն իր ղեկավարած համայնքն սկսում է ներկայացնել առաջնահերթ խնդիրները թվարկելով. Բուրաստանը երկու մեծ հիմնախնդիր ունի՝ գյուղը չունի դպրոց եւ մանկապարտեզ: Երեխաները հաճախում են հարեւան Մասիս համայնքի դպրոց: Համայնքի քառամյա զարգացման ծրագրով նախատեսել են դպրոցի կառուցումը, բայց որքանով է դա հեռանկարային` համայնքապետը դժվարանում է ասել, բայց նշեց, որ  ասօրվա դպրոցն իրենց բավարարում է, թեկուզ այն հարեւան գյուղում է:

Բուրաստանում մանկապարտեզի հարցը մասամբ լուծում են նախակրթարանով: Աշոտ Թարվերդյանի ասելով՝ մանկապարտեզի կառուցման համար նախահաշիվ չեն արել եւ պարզ չէ, թե որքան գումար է անհրաժեշտ: Նախ, մանկապարտեզի տիպային շենք չունեն, եւ եթե ֆինանսավորում լինի` նախատեսում են նախակրթարանին կից ավելացնել ննջասենյակներ, խոհանոց եւ այդպես լուծել խնդիրը:

Դեռ մանկապարտեզի հարցը չլուծած համայնքապետն իր առջեւ խնդիր է դրել գյուղում զարկ տալ մշակույթի եւ սպորտի զարգացմանը: «Ճոխ բառեր չեմ ասում, բայց նպատակս դա է»,-ասում է Ա. Թարվերդյանը: Վերջինս արդեն խոսել է մի քանի մարզիչների հետ, որպեսզի գյուղում օլիմպիական մարզաձեւերի պարապմունքներ անցկացնեն:

Սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Մշակույթի տան շենքը, որտեղ նաեւ համայնքապետարանն ու մարզադահլիճն են տարածք զբաղեցնում, կառուցվել է 1970-ականներին եւ մինչ օրս կապիտալ չի վերանորոգվել: Համայնքապետի ասելով՝ 350 տեղանոց դահլիճն անհապաղ պետք է վերանորոգվի, պետք է փոխվի նաեւ մարզադահլիճի հատակը, սակայն գումարներ չկան:  Բացի այդ, շենքը չունի զուգարան, ավելի ճիշտ դրանք գործող չեն: Այս տարի երկու զուգարան վերանորոգելու համար համայնքի բյուջեից գումար են հատկացրել:

Աշոտ Թարվերդյան

Աշոտ Թարվերդյանն ասում է, որ իրենք ամեն ինչ հաշվարկված են անում: Նախատեսվել էր ձեռք բերել նոր ծառայողական ավտոմեքենա՝ 6-7 մլն դրամի շրջանակում, սակայն «փոշմանել» են եւ որոշել, որ իրենց ձեռք է տալիս նույնիսկ հին «Վազ 3110» մակնիշի ավտոմեքենան, եւ այդ գումարը նախատեսում են ուղղել համայնքային խնդիրների լուծմանը: Օրինակ՝ մտադիր են ժամանակակից կահավորանքով կանգառ կառուցել: Այս նպատակով արդեն հատկացվել է 1 մլն 400 հազար դրամ:

Համայնքապետը թվարկեց նաեւ ձեռքբերումները. համայնքապետարանի բակում այգի են կառուցել, տեղադրել են տեսախցիկներ՝ այգու անվտանգությունն ապահովելու նպատակով, համայնքապետարանի աշխատակիցներին ամառվա տապից փրկելու համար ձեռք են բերել ջուրը սառեցնող սարքավորում, իսկ համայնքային խնջույքները բարձր մակարդակով անցկացնելու համար՝ երկու հզոր բարձրախոսներ:              

Աճուրդ-վաճառքը չարդարացրեց համայնքապետի հույսերը

Այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով սեփական եկամուտներից հողի հարկը հավաքագրել են 50.1%-ով, իսկ գույքահարկը՝ 64.8%-ով: Տեղական տուրքերի գծով նույնպես հավաքագրումը գերազանցել են 50%-ը: Աշոտ Թարվերդյանն ասում է, որ հարկերի հավաքագրման առումով գրեթե խնդիրներ չի ունենում, գյուղացիները, տեսնելով կատարված աշխատանքը, ինքնակամ բերում վճարումները կատարում են:

Նա նշեց, որ համայնքի բյուջեն 44 մլն 780 հազար դրամ է, որից մոտ 27 մլն-ը դոտացիան է: Համայնքային բյուջեն լրացնելու համար հուլիսի 18-ին բնակելի կառուցապատման հողամասերի աճուրդ-վաճառք էր կազմակերպվել: Համայնքապետ Թարվերդյանը հույս ուներ, որ աճուրդներից կգոյանա 2 մլն դրամ, որն էլ կուղղվի գյուղի եւ գերեզմանոցի քարտեզագրման ֆինանսավորմանը: Համայնքապետի հույսերը գոնե այս աճուրդով չիրականացան, աճուրդ վաճառքից գոյացավ ընդամենը 1 մլն 200 հազար դրամ:

Հողերի օտարման մեկնարկային գինը սահմանվել էր կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 540.000 դրամ, իսկ աճուրդային մեկ քայլի չափը՝ 5000 դրամ: Աճուրդի դրված համայնքային հողերից օտարվեց երկուսը: Առաջինի դեպքում հողն օտարվեց 4 քայլից հետո, մյուսը՝ 9 քայլից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter