HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդավառը՝ սարերում

Էմմա Պետրոսյան

Վարդավառի տոնը Շամուտ գյուղում Ամանորից հետո երկրորդն է, որին անհամբերությամբ են սպասում: Տոնից մեկ օր առաջ արդեն շամուտեցիները, գործ ու հոգս թողած, դռներն են կողպում և ճանապարհ ընկնում յայլաներ: Մոտակա սարերում շամուտեցիներից ամեն մեկն իր տեղն  ունի, որտեղ էլ տոնում է Վարդավառը: Վարդավառի օրերին գյուղում գրեթե մարդ չի մնում, խոտհարքները դատարկ, բակերը՝ լուռ են լինում:

Վարդավառից առաջ, թերևս, միայն գյուղապետն է գյուղում մնում, այն էլ անհամբերությամբ՝ հաջորդ առավոտյան արդեն դեպի մոտակա սար ճանապարհ ընկնելու սպասումով:  

«Ես էլ սար ունեմ, ինձ բախտ չի վիճակվում՝ էսօր գնամ, բայց էգուց կգնամ: Ամենքը իրանց սարն ունեն էլի, ով էլ չունի՝ բարեկամի մոտ է գնում, քաղաքներից են գալիս, գնում սարերը՝ իրանց բարեկամների մոտ: Ոնց որ սա մի հանդիսավոր տոն լինի էլի, մեր մոտ ամեն տարի սա կատարվում է՝ անկախ նրանից եղանակը անձրև կլի, արև կլի, թե ինչ կլի՝ էդ տոնը անում ենք մենք»,- ասում է Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը:

Միայն հաշված մարդիկ են գյուղում մնում Վարդավառի օրերին: Դրանց թվում է նաև 85-ամյա Եզեկ Վերմիշյանը: Վերջինս Վարդավառին չի մասնակցելու, քանի որ դժվարանում է սար բարձրանալ: Նրա ընտանիքի անդամները, սակայն, սարում են, բայց Վարդավառի տոնին Եզիկ Վերմիշյանին մենակ չեն թողնելու: Ասում է՝ հարազատներն են սարից գյուղ իջնելու՝ տոնը միասին նշելու համար: Շամուտում, սակայն, սա եզակի դեպք է: «Վարդեվորը սարվորի օր ա, որ հիշում ենք բոլորս, ուզում ա գյուղում ըլի, ուզում ա՝ սարում, նույն բանն ա: Մեր հայկական թանկարժեք օրերից մեկն ա: Հին հայկական օրենք ա, անփոխարինելի»,- ասում է Եզեկ Վերմիշյանը:

Ու մինչ վերջինիս ընտանիքը պատրաստվում է սարից եկվորներին դիմավորելու, Մարտուն Վանյանի ընտանիքն էլ արտերկրից ժամանած հարազատների հետ վերջին պատրաստություններն է տեսնում դեպի յայլաներ ճանապարհ ընկնելու համար: «Ամեն տարի ավանդույթ ա մեզ մոտ՝ սարվորի օր որպես. մենք՝ փոքրերս, գնում ենք սարվորին ուրախացնելու: Գնում ենք ուրախացնում ենք, սարում քեֆ ենք անում, գառ ենք մորթում, ուտում-խմում, էլի հետ գալի»,- պատմում է Մարտուն Վանյանը: Ասում է՝ սարվորները նախապես արդեն տեղյակ են լինում գնացողների մասին  ու սպասում հյուրերին: Եվ սարում են պատրաստություն տեսնում, և գյուղից գնացողներն են պատրաստված գնում: «Էն էլ ոնց գիտեն, որ գնալու ենք, մեզանից էլ լավ գիտեն, ամենքն էլ սպասում են մեր գնալուն: Ում հարազատները քաղաքից են գալիս, ումն էլ գյուղից են գնում, քաղաքից եկող խնամի ա, հարազատ ա, ախպեր ա, քիր ա, աղջիկ ա, հավաքվում են գնում բոլորը: Եթե մենք չգնանք, ընդեղ սարվորն իրան ընկճված կզգա,  բայց որ գնում ենք՝ ընդեղ անասունը մորթում մին մեր ձեռով, կրակ վառում, խրոված անում, ուտում-խմում, էն վախտ հաճելի ա ըլում և մեզ համար, և սարվորի համար»,- ասում է շամուտեցի Վանիկը: Գյուղում մեծացած մարդկանցից գրեթե բոլորի մանկությունն էլ սարերում է անցել: 75-ամյա Նարգիզ Նալբանդյանը հիշում է՝ բոլոր Վարդավառներն այնտեղ է նշել: «Այն ժամանակ ուտելիքի պակաս կար, բայց դրանից տոնի նկատմամբ սերը չէր պակասում: Մանուկ ժամանակ մենք երեխեքով գնում էինք աղբյուրնին, բայց ուտելիք չկար էլի: Հմի, ասենք թե, ուտեստով ենք գնում, բայց ընդով էդ էլ չունեինք, պակասություն էր, չկար, բայց գնում էինք ուրախ-ուրախ խաղ անում, աղբյուրների մոտ իրար ջրում մինչև վերջի կաթիլ ջուրը: Եթե սարումը Վարդեվոր չես անում, դա չի հիշվում էլի, ստի՝ գյուղում, ինչքան ուզում ա քեֆ անես, էն հաճույքը չես ստանում, ինչ որ սարում»,- պատմում է Նարգիզ Նալբանդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter