HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացակա 2-րդը կամ Սյունիքի մարզկենտրոնը Կապանը չէ

Փողը խոշորացույց է. բարին իր փողով օգնում է քեզ, իսկ ոչ-բարին՝ քեզ ստրկացնում: Պետությունն էլ նույնն է. լավ պետությունը օգնում է քեզ, իսկ վատը՝ քեզ ստրկացնում:

Հայը դարերով պետություն չի ունեցել ու նայել է վերևում նստած (հաճախ օտար) մե՛կին. ուղղահայաց/վերտիկալ (top-down) մտածելակերպը նստվածք է տվել հայի մեջ:

Այսօրվա Հայաստանը «1»-ի տիպիկ պետություն ու հասարակություն է. «շեֆը» հրահանգում է իր ենթաշեֆին, ենթաշեֆը՝ իր ենթաշեֆին, վերջինս էլ՝ իր ենթաշեֆին... ու այսպես մինչև մանկապարտեզի ամենավերջին դաստիրակը: Բոլորը նստած-սպասում են «շեֆին»:  Հենց սրա՛ համար հային «ինչ-որ մեկը միշտ պիտի «փրկի»»:

Նույն իրավիճակն է Հայաստանի դատա-իրավական համակարգում, որտեղ  անցումը ժյուրիով դատավարություններին  վաղուց իրագործված պիտի լիներ:

Այսինքն՝ Հայաստանում չկա՛ պրոֆեսիոնալիզմ:

«1»-ի ցայտուն օրինակ է Հայաստանի միապալատ պառլամենտն ու (սահմանադրորեն) անատամ մարզերը:

Ուժեղ երկրները երկպալատ են ու դեսենտրալիզացված: Ուժեղ երկրները ֆեդերատիվ են. «2»-ի տեսակից:

Հայաստանում մարզերն (օրենսդրորեն) այնքան արհամարված են,որ նույնիսկ  «մարզի մայրաքաղաք» անվան փոխարեն օգտագործվում է «մարզկենտրոն» բառը: Բոլոր լավ երկրներում օգտագործում են «մայրաքաղաք» (capital) բառը: Սյունիքի մարզկենտրոնը Կապանը չէ ու չի էլ կարող լինել, որովհետև Կապանը Սյունիքի կենտրոնում չէ, այլ հարավում: Նույնը՝ մյուս մարզերում:

Հայաստանի քաղաքական կյանքում մարզերն այսօր բացարձակ ոչինչ չունեն ասելու. ո՛չ մի էական լծակ չկա: Դեռ ավելին՝ նույնիսկ  մարզի ներքաղաքական կյանքում նրանք բացակա են: Մարզերում այլևս քաղաքական (անկախ) միտք ու ինտելիգենցիա չկա: Սա քաղաքական ինքնասպանություն է. և՛ մարզի, և՛ պետության համար:

Եվ ինչպե՞ս մարզի ներքաղաքական կյանքում մարզերն ասելիք կարող են ունենալ, երբ ՀՀ  Կուսակցությունների մասին օրենքի հակադեմոկրատական հոդված 5 (1)-ը թույլ չի տալիս տեղական անկախ կուսակցությունների ստեղծում: Ամեն ինչ պիտի հսկվի Երևանից («1»): «1»-ի մյուս ցայտուն օրինակն այն է,որ այսօր,օրինակ, Կապանում համարյա ամեն հաստատություն Երևանյան մասնաճյու՛ղ է: Եթե սրան գումարենք այն,որ մարզպետը չի ընտրվում ու չկա ժողովրդի կողմից ընտրվող «Մարզային Ժողով»,ապա պարզ է դառնում, թե մարզերն այսօր ինչու են քաղաքականապես մեռած: Եթե ձեզ թվում է,թե քաղաքականապես մեռած մարզերում տնտեսություն կարելի է զարգացնել,ապա իրոք  սխալվում եք:

Հայաստանում բացակա է 2-րդը՝ «2»-ի մոդելը. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ մտածելակերպն ու գործելաձևը (team work), առանց որի Հայաստանը չի հզորանալու: Վաղու՛ց ժամանակն է, որ Հայաստանն էլ  անցնի «2»-ի մոդելի՝  բոլոր բնագավառներում: Ուստի՝ նախ և առաջ.

 1. Հայաստանի ֆեդերատիվ հանրապետություն,

 2. Ժողովրդի կողմից ընտրովի «Մարզային Ժողով», որը կկարգավորի  մարզի բոլոր ներքին խնդիրները,

 3. Երկպալատ  պառլամենտ, որի վերին պալատում պիտի նստեն «Մարզային  Ժողովների» պատգամավորները,

 4. Մարզերի թիվը դարձնել 5 (Արարատ, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Սյունիք՝   գումարած Երևան): Մարզերը պիտի ունենան սեփական ավտոնոմ  բյուջե և սեփական դրոշ, գերբ, հիմն, որ մարդիկ է՛լ ավելի ամուր կապվեն իրենց մարզերին:

5. Կապանը  դարձնել Հայաստանի 2-րդ մայրաքաղաք և ազատ առևտրի  գոտի՝ որպես ստրատեգիական հարավում ամրոց: Իսկ Սյունիքի մարզի նոր մայրաքաղաք դարձնել Դաստակերտ քաղաքը:

Վարազ Սյունի

Ամստերդամ

28.07.2014

Մեկնաբանություններ (10)

Karen
Վարազ Սյունի?????????? էդ էլի սկսեցիր դատողություններ անել????դե իհարկե Հոլլանդիայում նստած շատ հեշտ է ...իսկ Մեղրիի տեղը քարտեզի վրա գիտես??????????քո անձնական միջոցներն ես տրամադրելու, որ պետք եղած դեպքում մեղրեցին Կապանի փոխարեն Դաստակերտ հասնի???????????????????????????
Սասուն Մանուկյան
Սյունիքի մարզկենտրոն, իսկ ավելի ճիշտ՝ մայրաքաղաք Կապանը, իրոք գնահատումի ու ուշադրության կարիք ունի: Սյունիքը և հատկապես Կապանը մշտապես եղել է պետության կողքին: Սյունեցին և կապանցին խաղաղ ժամանակ աշխատանքի գործիք են բռնել, պատերազմի ժամանակ՝ զենք: Ու այսպես դարեր ի վեր: Բայց մենք երբեք պատրվակ չենք լինի Հայաստանը նորից բաժանման տանելու համար: Անդադար միասնությունից խոսելու ու գրեթե ամեն օր հրադարարը խախտելու ժամանակ երկրի ներսում միայն թշնամին կերազեր բաժանումներ տեսնել: Քանի որ դա նշանակելու է կենտրոնաձիգ պետության քայքայում: Ինչպես միջնադարում ու երբ կորցրինք պետությունը: Այնպես չէ, որ առաջարկի հեղինակը չգիտի այս մասին: Դրա համար Արցախի մասին խոսք չկա: Այս վիճակին հասնելուց առաջ, բնականաբար Արցախը կորցրած կլինենք: Ինչու եմ ասում բաժանումներ՝ այն էլ պետական ատրբուտներով: Այդ ամենին կարճ ժամանակ կհետևի հորդորը, որ օրինակ՝ Սյունիքը, անկախ ավելի լավ կապրի: Հետո մյուսը: … Այս հոդվածը, գուցե առիթ է մտածել ոչ թե բաժանելու, այլ Արցախը ՀՀ մարզ դարձնելու մասին: Նախիջևանը նույնպես, բայց օկուպացված պարագայով ինչպես Ուկրաինան վարվում է Ղրիմի դեպքում: Եվ ոչ թե հակառակը: Կարճ ասած՝ սա այն է ինչ չի կարելի անել:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հոդվածում իմ առաջարկած մոդելը (որն այսօր գործում է շատ երկրներում) Հայաստանը ոչ թե բաժանելու է,այլ միավորելու և հզորացնելու: Նախ՝ հիմա միջնադար չէ, այլ 21-րդ դար. միջնադարյան Հայաստանում չկար ո՛չ պառլամենտ,ո՛չ էլ նման որևէ այլ հաստատություն: Իրականում իշխանական տները կենտրոնախու՛յս էին, որովհետև ամբո՛ղջ երկիրը կառավարվում էր (ավելի ճիշտ՝ տնօրինվում էր) մեկ ԹԱԳԱՎՈՐԻ (ու իշխանամոլ մեկ կաթողիկոսի) կողմից: Առաջինն ասում էր՝ «ազգը ես եմ», իսկ երկրորդը՝ «ազգը եկեղեցին է»: Հե՛նց այս տիպիկ «1»-ի մոդելն էր,որ, ի վերջո, թուլացրեց Հայաստանը և 11-րդ դարում թյուրքական պրիմիտիվ ցեղերը ԱՅԴՔԱՆ ԱՐԱԳ գրավեցին ողջ Հայաստանը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե Հայաստանում (ապագա) բոլոր 5 մարզերը և 2 մայրաքաղաքները լինեն օրենսդրորեն (համա)ՀԱՎԱՍԱՐ, ինչու՞ որևէ մարզ պիտի ցանկանա անջատվել երկրից. Հայաստանը միատարր երկիր է: Ո՞վ կուզի լավ ամուսնությունից դուրս գալ: Հետո՝ այսօր Հայաստանի ոչ մի մարզ՝ ըստ միջազգային իրավունքի՝ անկախանալու իրավական հիմք չունի (նույնիսկ Ղրիմը չունի): Եթե այսպես շարունակվի՝ 10 տարի հետո մարզերում ու գյուղերում մարդ մնացած լինելու՞ է: Երևանը ներկում են, իսկ մարզերը դատարկվում են: Ստեփանակերտը ներկում են,իսկ ազատագրված տարածքները և գյուղերըը դատարկ են: Իհարկե՝ Արցախը (և հուսանք նաև Նախիջևանը) նույնպես կարող է և պիտի դառնա Հայաստանի մարզ:
Մ.Կ.
Շատ ավելի լավ կլիներ. ազատվել սովետական մտածելակերպից.
Սասուն Մանուկյան
Միջնադար թե նախնադար եթե նույն բան ես անում, ուրեմն արդյունքն էլ նույն կլինի: Հո, այնպես չէ, որ միջնադրաում 2+2 հավասար է չորս, հիմա` հինգ կլինի: Եթե կենտրոնախույս ուժեր ապա նաև հնրավորություն երկիրը բաժանելու համար: Ինչ ասել է օրենսդրորեն հավասար? Այսինքն ոչ միշտ է, որ կենտրոնական իշխանությունն է որոշում կայացնում? Այսինքն, հենց իշխանական տները օրենսդրորեն վերկանգնում ենք...Ասում եք լավ ամուսնությունից ով կհրաժարվի, բայց կարող է չէ? Մնաց ցանկությունը? Դա էլ ներկայիս իրողությունների պարագայում մի քանի միլիոն դոլոր գրանտի հարց է, որը քողարկված կանեն թուրքերը...Ամբողջ ասածի մեջ տեղին է գյուղերի ու մարզերի արտագաղթը, բայց կասկած չունեմ, որ այդ հարցի լուծում այդ ճանապրհով չի լինելու: Այլ ելք է պետք ու առաջին հերթին ռազմավարական կառույցների ազգայնացում: Բայց դա արդեն այլ քննարկման առրակա է...Բայց հաստատ մտածել, որ արտագաղթ է բաժանենք, որ գոնե մի տեղ լավ ապրեն` համաձայն չեմ...Դա ընդամենը արագ քանդելու ճանապարհ է...
Վարազ Սյունի
Իսկ ինչ վերաբերում է «2»-ի մոդելով Հայաստանի որևէ մարզի ապագա հնարավոր անջատմանը/անկախացմանը. դա իրավաբանորեն հնարավոր չէ՝ ոչ՛ միջազգային, և ո՛չ էլ ներպետական տեսանկյունից: Ենթադրենք X տարի հետո Սյունիքը ցանկանում է անջատվել/անկախանալ Հայաստանից: Դա ի՞նչ իրավաբանական ճանապարհով պիտի կատարվի. ճանապարհ չկա՛: Նույնիսկ եթե ռեֆերենդում անեն ու անկախանալ ցանկանան, միևնույնն է՝ Հայաստանի մարզերի դեպքում դա միա՛յն ցանկություն կլինի՝ առանց որևէ իրավաբանական հետևանքի (legally not binding): Կատալոնիան էլ է հանրաքվե ցանկանում,բայց Իսպանիայի սահմանադրությունը դա արգելում է. պատմության վերջը: Սա դեռ Կատալոնիան,որ տարբեր ազգ է և դարերով ճնշվել է իսպանացիների կողմից:
Վարազ Սյունի
Ըստ ՀՀ Կուսակցությունների մասին օրենքնի այդ հոդված 5(1)-ի՝ «Կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, եւ տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երեւան քաղաքում»:.................................. Ենթադրենք, Կապանում 100 մարդ ցանկանում է ստեղծել տեղական մի անկախ կուսակցություն, զբաղվել բացառապես Կապանի հարցերով ու մասնակցել միայն Կապանի (ու ապագա «Մարզային Ժողովի») ընտրություններին: Ինչո՞ւ պիտի սա հնարավոր չլինի: Այսօր, օրինակ, նաև Հոլանդիայում այսպիսի շատ տեղական կուսակցութուններ վաղուց մրցակցում են մեծ ու համապետական կուսակցությունների հետ և վերջիններիս ստիպում ԼՐՋՈՐԵՆ զբաղվել տեղական խնդիրների լուծմամբ. հակառակ դեպքում տեղացի բնակիչները քվեարկում են տեղական կուսակցությունների օգտին: Այ սա՛ է դեմոկրատիա: Այ սա՛ կլինի քաղաքական լծակ՝ մարզի ու մարզային քաղաքների մակարդակով:
Վարազ Սյունի
Նախ՝ ես համաձայն եմ, որ ռազմավարական կառույցների ազգայնացում էլ է պետք: Բայց սա ոչ թե ստրուկտուրայի՛ն,այլ ստրատեգիակա՛ն խնդիր է:Իմ հոդվածը նրա մասին է,որ Հայաստանի (և մարզերի) քաղաքական ստրուկտուրա՛ն օպտիմալ չէ, որի հետևանքով՝ հատկապես մարզային մակարդակով, չկա՛ն քաղաքական լծակներ և հակակշիռներ (checks and balances)՝ մարզերում (մրցակցային) տնտեսություն զարգացնելու համար,որը արտագաղթի հիմնական պատճառն է: Մարդիկ արտագաղթում են,որովհետև ազգային հարստությունը անհամաչա՛փ է բաժանվում. իսկ սա՛ արգելելու համար ՔԱՂԱՔԱԿԱՆ էֆեկտիվ հակակշիռներ Հայաստանում (դեռ) չկան: «Օրենսդրորեն հավասար»՝ ի նկատի ունեմ նաև այսպիսի քաղաքան լծակների առկայություն (նաև մարզերում): Դրա համար այնքա՛ն կարևոր է տեղական անկա՛խ կուսակցությունների հնարավոր լինելը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Karen (1) - Մեղրու տեղը գիտեմ, եղել եմ այնտեղ ու հաճելի քաղաք է: Մեղրի-Դաստակերտը համարյա նույն հեռավորությունն ունի,որքան Կապան-Սիսիանը: Հյուսիս-հարավ ճանապարհի շահագործումից հետո Դաստակերտ հասնելու տևողությունը կրճատվելու է: Հետո՝ մարզի ներսու՛մ էլ դեսենտրալիզացիա պիտի կատարվի,որ ամեն հարցով չհասնեն մարզի մայրաքաղաք: Եվ սա էլ՝ երբ Կապանը դառնա Հայաստանի 2-րդ մայրաքաղաք, Մեղրին նույնպես օգտվելու է սրանից և ավելի շատ կապ ունենալու է 2-րդ մայրաքաղաքի, քան մարզի նոր մայրաքաղաքի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter