HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կինս էնքան դույլերով ջուր է կրել` ձեռքերը ոտքերից երկարել են»,- կաճաճկուտցին մարզպետին

Կաճաճկուտի համայնքապետ Մխիթար Թամազյանը գյուղի 2013-2016 թթ.-ի քառամյա զարգացման ծրագիրը ձեւական փաստաթուղթ է համարում: Համայնքապետը քառամյա ծրագրով 35 մլն դրամ նախատեսել է գյուղի ճանապարհի, իսկ 95 մլն դրամ գազիֆիկացման համար: «Սրանք մեծ-մեծ խնդիրներ են, չէ՞: Ամեն  քառամյա ծրագրով նույն խնդիրը դնում ենք, բայց դրանց լուծման համար գյուղը ոչ մի հնարավորություն չունի»,- դժգոհեց Մ.  Թամազյանը: 

Կաճաճկուտի 2014թ.-ի բյուջեի եկամուտները նախատեսված են 8,9 մլն դրամ, որը հնարավոր չէ 100%-ով հավաքագրել: Գյուղը մանկապարտեզ չունի, թեեւ այստեղ նախադպրոցական հասակի 3-5 տարեկան 12 երեխա կա: Հիմնական դպրոցում 42 երեխա է սովորում, բայց նրանց թիվը տարեցտարի նվազում  է:  Դպրոցի մասնաշենքը հիմնանորոգված է: Վերանորոգվել է նաեւ գյուղի մշակույթի տունը: «Բայց թե ընդհանուր որ ասեմ էդ ակումբը մենք օգտագործում ենք, չենք օգտագործում»,- խոստովանում է Մխիթար Թամազյանը: Գյուղից 64 տղամարդ ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: «Եթե բաշարեն հիմնավորվեն` կհիմնավորվեն, բայց չեն բաշարում»,- հավելում է Մ. Թամազյանը:  

Կաճաճկուտն անասնապահական գյուղ է` 367 գլուխ խոշոր եռղջերավոր  անասուն է գրանցված գյուղի գույքագրման գրքում: Կաճաճկուտցի Հայկազ Դավթյանն ասում է, որ անասնապահությամբ զբաղվող կաճաճկուտցիների խոտը հիմնականում մնում է խոտհարքներում, քանի որ գյուղի տղամարդկանց մեծ մասը հնձի ժամանակ գյուղում չեն լինում: Ձմեռն էլ խոտի գինը բարձրանում է, եւ գյուղացիները կանգնում են դժվարությունների առաջ: Հայկազը դժգոհեց, որ առանց այդ էլ այս տարի Կաճաճկուտում խոտի գործը լավ չէ: Համայնքապետը հայտնեց, որ Հագվի գյուղից երկու կաթ տեղափոխող ավտոմեքենաներ են գալիս եւ լիտրը 140-150 դրամով կաթ են հավաքում Կաճաճկուտի սարերից:

Մխիթար Թամազյանը դա գյուղի համար մեծ օգնություն համարեց: «Մինչ այդ հնարավորություն չկար, մարդը 10 լիտր կաթը կամ կաթնամթերքը տանում էր Ալավերդի ռեալիզացնելու: Գյուղացու արտադրած կարագը խանութում մի 1000 դրամ էժան էր վաճառվում: Բացի դա, գյուղից Ալավերդի ավտոբուս չի աշխատում: Տաքսիով են գնում-գալիս` մի կողմը 500 դրամով»,- բացատրեց նա: Այսուհանդերձ, գուղի առաջնահերթ խնդիրը Մ. Թամազյանը համարեց Կաճաճկուտ-Աքորի միջհամայնքային 5 կմ երկարությամբ անանցանելի ճանապարհի բարեկարգումը:

Հայկազ Դավթյանն ասում է, որ գյուղի ճանապարհին ամենանոր ավտոմեքենան երկու տարում շարքից դուրս է գալիս: Համայնքապետն էլ հիշեց, որ դեռ 2012թ.-ին Ալավերդու մշակույթի պալատում, իր խոսքով` «ականջը կանչած» Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը, որի ժամանակ Կաճաճկուտ-Աքորի ճանապարհի խնդիրը բարձրացրել է: Նախկին վարչապետը, թեեւ խոստացել է նույն տարում միջհամայնքային ճանապարհը բարեկարգել, սակայն այն մինչ օրս անանցանելի է: «Էդ ժամանակ մարզպետը փոխվեց: Փոխմարզպետ Արսեն Դարբինյանը կառավարությունից եկած որոշման հիման վրա մեզ գրություն տվեց, որ 2012թ.-ին այլեւս հնարավոր չէ ճանապարհը վերանորոգել, բայց հայտնել էր, որ 2013թ.-ի հրատապ ծրագրում է մեր ճանապարհի վերանորոգումն ընդգրկված, որը նույնպես չեղավ»,- հայտնեց  Մխիթար Թամազյանը:

«Էդ ճանապարհով բերվող վառելափայտի գինը թանկանում է: Վարորդը, որ կարող է ճանապարհն անցնել 20 լիտր բենզինով, արդեն 100 լիտր բենզին է վառում, որ կարող է ավտոմեքենային 10 խմ փայտ բարձել, 5 խմ է բարձում: Շուկայում 1 խմ փայտի արժեքը 8 հազար դրամ է, որ հաշվում ենք մեր վրա 1 խմ փայտը նստում է 17-18 հազար դրամ»,-  ճանապարհի անսարքության պատճառով գյուղացիներին պատճառված նյութական վնասներն է ներկայացնում համայնքի ղեկավարը:

Կաճաճկուտցի  Լարիսա Պետրոսյանն ամեն օր դույլերով  խմելու ջուր է  կրում գյուղամիջի աղբյուրից: «Մեր թաղամաս խմելու ջուր չի հասնում, դրա համար էլ ստիպված դույլերով ջուր ենք տանում գյուղամիջի աղբյուրից: Բա ի՞նչ անենք»,- ասաց Լարիսան: «Մարզպետը մի անգամ Կաճաճկուտ էր եկել, գյուղացիներից մեկը  մարզպետին ասաց, թե կինս էնքան դույլերով ջուր է կրել` ձեռքերը ոտքերից երկարել են»,- հիշեց համայնքապետը: Գյուղի ներքին թաղից կանայք նախկինում 1 կմ-ից ավելի ոտքով ջուր էին կրում: «2008թ.-ին խմելու ջրի խնդիրը լուծել ենք` միայն մեկ թաղամաս չի ստանում ջուր»,- ասաց Մխիթար Թամազյանը:

Հայկազ Դավթյանի կարծիքով` օրենքով Կաճաճկուտում խմելու ջրի հարցը լուծված է, սակայն համայնքապետարանը չի կանոնանակարգում ջրամատակարարման խնդիրը, որի հետեւանքով գյուղի վերեւի թաղի բնակիչները խլում են ներքեւի թաղի խմելու ջուրը:

Կաճաճկուտցիները տեղյակ էին իրենց գյուղի վարչական տարածքում 2010թ.-ին «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» ընկերության կատարած լեռնահետախուզական աշխատանքների մասին, սակայն տեղյակ չէին «Կաճաճկուտի վարչական սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական  հողերի  նպատակային նշանակությունը փոփոխելու եւ «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի հետ հողի վարձակալության պայմանագիր կնքելու մասին» այս տարվա ապրիլի 11-ի N 6  որոշման մասին: «Էդ մեր համայնքապետի խասիաթն է, գյուղից թաքուն սրան-նրան որոշումներ է տալիս, հետո, երբ բացահայտվում է դա,  տնետուն  ընկած` գյուղացիներին համոզում եւ ստորագրություններ է հավաքում, թե բողոք չունեն իր ընդունած որոշման դեմ»,- ասաց Հայկազ Դավթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter