HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժողներից որևէ մեկը հարված չի ստացել. միայն նրանց աչքերն են արցունքոտվել

Շանթ Հարությունյանի ու 13 քաղաքացիների գործով դատական հերթական նիստին ցուցմունք տվեց հինգ ոստիկան: Բոլորն էլ պատասխանեցին, որ արցունքոտվել են իրենց աչքերն ու մրմռացել են: Մեկի կոշիկն է այրվել, մյուսի՝ շալվարի փողքը: Բայց նրանցից և ոչ մեկը չի դիմել բժշկական օգնության:

Տուժողներից Ազիզ Մելքոնյանին, ով պատմեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ի դեպքի մասին, ամբաստանյալները, փաստաբանները, դատախազը, դատավորը հարցեր չտվեցին:

Ոստիկան Ռազմիկ Խառատյանը պատմեց, որ երթի մասնակիցների ձեռքին կային փայտեր, որոնք հիշեցնում էին բահի կոթ: Հարցին, թե իրեն կոնկրետ հարվածել են, ոստիկանը պատասխանեց՝ ոչ:

-Ինչո՞վ եք տուժել նոյեմբերի 5-ին,- հարցրեց փաստաբաններից մեկը:

-Ծխից աչքերս արցունքոտվեցին, մի քանի վայրկյան չէի կարողանում աչքերս բացել, մրմռում էին, հետո անցավ:

-Դիմեցի՞ք բժշկի:

-Հրաժարվեցի,- պատասխանեց ոստիկան Ռազմիկը:

-Ոստիկանները բարձրախոսով զգուշացրեցի՞ն, որ երթի մասնակիցները մայթ բարձրանան,- հարցրեց փաստաբան Արա Զաքարյանը:

-Չեմ հիշում:

-Ոստիկանների մեջ կայի՞ն քաղաքացիական հագուստով ծառայողներ:

-Այո,- պատասխանեց Ռազմիկ Խառատյանը:

Այնուհետև դատարանը լսեց Հարություն Գրիգորյանին, ով հարցերին հիմնականում պատասխանում էր՝ «չեմ հիշում» արտահայտությամբ: Հարությունը ևս ասաց, որ պայթուցիկի ծխից աչքերն են արցունքոտվել:

-Աչքերս են մրմռացել, շալվարիս փողքը վառվել է,- ասաց տուժող ճանաչված ոստիկանը:

Դատարանը լսեց նաև այս գործով տուժող ճանաչված ոստիկան Արթուր Վարդգեսյանին, ով պատմեց, որ հայհոյանքներ է լսել, նաև լսել է՝ «միլիցա է, խփեք» արտահայտությունը: Բայց, թե ով է եղել այդ հայհոյողն ու խփողը, չգիտի: Ասաց, որ հորդորել է ազատել Մաշտոցի պողոտան, երբ արդեն պայթուցիկներ էին գցված պողոտայի վրա:

Մի ուրիշ ոստիկան էլ՝ Ազատ Հովսեփյանը, պատմեց, որ դեպքի օրը պատրաստվում էր ուղեկցել Շանթ Հարությունյանին ու ընկերներին Բաղրամյան 26, բայց նրանք փայտերով դուրս եկան փողոց: 

-Դուք տեսե՞լ եք դեպքին նախորդող պահին երթևեկություն,- հարցրեց փաստաբան Արա Զաքարյանը:

-Այո՛:

-Ո՞վ դուրս եկավ առաջինը պողոտա:

-Շանթ Հարությունյանը, եթե չեմ սխալվում: Հետո իրեն մոտեցավ գումարտակի հրամանատարը, բռնեց ձեռքը, ասեց՝ դուրս եկեք մայթ,- պատասխանեց ոստիկանը:

Հետո Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ:

«Եթե Գեորգի Վանյանը փորձեր պաշտպանել ադրբեջանցի դիվերսանտների իրավունքները` որպես կալանավորների, գուցե հասկանայի, բայց դիվերսանտին ակնհայտ համարել պատանդ, դա կանի միայն հայրենիքի դավաճանը... Նա Մոսկվայի գործակալ է և գործում է Հայաստանի դեմ ռուսական ԿԳԲ-ի ցուցումով: Եթե Վանյանը թուրք-ադրբեջանական գործակալ լիներ, նրան Հայաստանում վաղուց կձերբակալեին, բայց անպատիժ գործել այսօր կարող են միայն Ռուսաստանի գործակալները»: 

Ավետիս Ավետիսյանը իր հայտարարությամբ անդրադարձավ արժեքների կորստին՝ ասելով, որ ոտքի է կանգնել աճող սերնդի համար. «Իշխանությունը, լինելով բարոյազուրկ, ուզում է հասարակությունն էլ դարձնեն այդպիսին»: Նա կոչ արեց քաղաքացիներին պայքարել:

Ալեք Պողոսյանը շնորհավորեց Ավետիսի ծննդյան օրը, շնորհավորեց նաև իր ու կնոջ ամուսնության 15-ամյակը: Ցանկանում էր տիկնոջը՝ Մանեին, խոսք ուղղել, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ չտվեց.

-Ըստ Էության, Պողոսյան, դա տեսակցության ժամանակ կասեք: 

Հիշեցնենք, որ Ալեքն ու Մանեն 5 անչափահաս երեխա ունեն: Նրանց խնամքն արդեն 9 ամիս Մանեն հոգում է միայնակ:

Պահեստազորի մայոր Արմեն Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ներկայանալով քաղաքական գերության մեջ գտնվող Արմեն Հովհաննիսյան. «Լինելով հայ, ճանաչելով Շանթին, չհանդուրժելով ստեղծված վիճակը՝ ես համարեցի անհրաժեշտ միանալ Շանթին, սակայն իշխանությունների սադրիչ գործողությունների շնորհիվ հայտնվեցինք ամբաստանյալի աթոռին… Գործող պետական մեքենան ոտնահարել է ժողովրդի իրավունքները: Սա պոռթկում է ենթադրում»:

Վարդան Վարդանյանն էլ անդրադարձավ Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը: «Կոմանդոսի ու Վահան Շիրխանյանի կարծիքով՝ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը ռուսական ԿԳԲ-ի միջոցով է արվել, բայց Ռուսաստան պետությունը նրանց կարծիքով կապ չունի: ԿԳԲ-ն ՍՊԸ չի, որ ինչ ուզի, անի: Ես ծառայել եմ, գիտեմ... Մեկ էլ, մի խնդրանք կառավարությանը՝ ոստիկանության աշխատավարձերը բարձրացրեք, թե չէ բոլոր ոստիկանները դատարան են գալիս ճղած շալվարներով»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter