HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: 

Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման գործում, միաժամանակ կօգտագործի ձեռքբերած փորձը՝ հատկապես ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենի պաշտոնում, ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը և վստահեցրել, որ մեր երկրում պատրաստ են կառուցողական համագործակցության: 

Հերբերտ Զալբերն ընդգծել է, որ իր նշանակմամբ Եվրոպական միությունը ցանկանում է առկա հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու և համագործակցության պատրաստ լինելու ազդանշան հղել: Նրա խոսքով, նշանակումից կարճ ժամանակ հետո իր այցը տարածաշրջանի երեք երկրներ միտված է հենց այդ նպատակին: 
Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն` hանդիպմանը ՀՀ Նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել, որ Եվրամիությունը տարբեր մակարդակներով իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ և միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանը:

Սերժ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը, ըստ որի Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Նախագահի խոսքով, նման մոտեցման գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ անցած ավելի քան երկու տասնամյակում այդ խումբը կուտակել է զգալի փորձ և ինստիտուցիոնալ հիշողություն: Մինսկի խումբն առաջարկել է սկզբունքներ, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող են հակամարտության լուծման առանցք դառնալ: Նախագահը նշել է, որ, ցավոք, Ադրբեջանը չի ընդունում այդ սկզբունքները, թեև հայտարարում է հակառակը: Սերժ Սարգսյանի խոսքով, այդ իսկ պատճառով է, որ Ադրբեջանը սադրանքներ է հրահրում և մեծացնում լարվածությունը շփման գծում, մշտապես մերժում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ խնդրի լուծումը պետք է տան Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, Մինսկի խումբն այդ գործընթացում ընդամենը միջնորդ է, որն իր լիազորությունների շրջանակում անում է հնարավորը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter