HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Երևանի բնակիչներն ու քաղաքապետարանը չեն հասկանում իրար

Այս օրերին Երևանում կրկին քննարկվում է հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը և, ի տարբերություն նախորդ տարվա, առաջարկվում է ոչ թե բոլոր սակագների բարձրացում, այլ մի մոդել, որում ցանկացած ուղղությամբ կլինեն տարբեր գներով երթուղիներ` 100-ից 200 դրամ:

Այսինքն` քաղաքում Ա կետից Բ կետը հնարավոր կլինի հասնել երկու երթուղով, որոնցից մեկը կլինի էժան, մյուսը` թանկ: Եկեք քննարկենք այս մոդելը և փորձենք հասկանալ, թե ինչու Երևանի բնակիչներն ու քաղաքապետարանը չեն հասկանում իրար:

Նույն ծառայությունը` երկու գնո՞վ

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ասում է, որ յուրաքանչյուր ուղղությամբ կլինի երկու երթուղի, որոնք կտարբերվեն «ծառայությունների որակով»: Ըստ քաղաքապետի` «ծառայության որակի» չափանիշ է, օրինակ, պարբերականությունը. եթե թանկ երթուղայինը կգնա15 րոպեն մեկ, ապա էժանը` կես ժամը մեկ պարբերականությամբ:

Այստեղ հարկ է հասկանալ, որ ավտոբուսի (միկրոավտոբուսի) վրա կատարվող ծախսերի տեսանկյունից որևէ տարբերությւոն չկա, թե ինչ պարբերականությամբ են գծի վրա ավտոբուսները գնում: Վարորդի աշխատավարձի, վառելիքի, քսայուղի, անվադողի, պահեստամասի և մյուս ծախսերի չափը կախված է բացառապես անցած կիլոմետրերից և աշխատաժամերից ու որևէ կերպ չի փոխվում` կախված նրանից, թե այդ մեքենայից առաջ երթուղով մեքենան անցել է 5, թե 35 րոպե առաջ:

Մյուս կողմից, եթե Երևանի փոխքաղաքապետը դա հայտարարում է, ուրեմն կան գծատերեր, ովքեր համաձայն են մեծ պարբերականությամբ, սակայն 100 դրամ ուղեվարձով սպասարկել այդ երթուղիները:

Եթե հնարավոր է այդ բոլոր ծախսերն ու գծատիրոջ շահույթը ապահովել 100 դրամով ուղեվարձով, ապա ծագում է հարց. իսկ ինչու՞ նույն երթուղին սպասարկող մեկ ուրիշ ավտոբուս պետք է ուղեվորներից  գանձի 150 կամ 200-ական դրամ:

Էլ ի՞նչն է մտնում «ծառայության որակի» մեջ

Թեև Վահե Նիկոյանը չբերեց «ծառայության որակի» մյուս բաղադրիչները (բացի պարբերականությունից), մենք կարող ենք ենթադրել, որ խոսքը ավտոբուսների (կամ, միկրոավտոբուսների) լցվածության աստիճանի և սպասարկման ոլորտի այլ բաղադրիչների (չծխող վարորդ, սրահի մաքրություն և այլն) մասին է:

Ավտոբուսի առավելագույն ուղևորատարությունը սահմանվում է դրա տեխնիկական բնութագրով և օրենքով: Օրինակ` օրենքը «Գազելում» արգելում է կանգնած ուղևոր փոխադրելը, իսկ «Բոգդանում» թույլատրում է: Նույնը վերաբերում է վարորդի ծխելուն, ինչը օրերս արված օրենսդրական փոփոխություններով բավական մեծ տուգանք է ենթադրում (20.000 դրամ):

Ինչ վերաբերում է սրահի մաքրությանը, այստեղ ևս հարկ է ընդգծել, որ ցանկացած հանրային տրանսպորտի մեքենայի սրահ պետք է լինի մաքուր և համապատասխանի սանիտարական նորմերին` անկախ տվյալ երթուղու սակագնից:

Այսինքն` գործող օրենսդրությամբ կարգավորված են երթուղային ավտոբուսների ու միկրոավտոբուսների սպասարկման որակի հարցերը և քաղաքապետարանը որևէ իրավասություն չունի գնալ զիջումների կամ տարանջատել լավ սերվիսը վատից: Այն կամ օրենքի շրջանակում է կամ դրանից դուրս է և վերջ:

Օդորակիչով ավտոբուսի չսպասեք

Անշուշտ, եթե ավտոբուսների մի մասը լինեն, ենթադրենք, «Մերսեդես-Բենց» մակնիշի, շատ փափուկ և օդորակիչով, ապա դա, անշուշտ, կդիտարկվի որպես ավելի որակյալ ծառայություն:

Սակայն ակնհայտ է, որ բոլոր գծերն էլ սպասարկվում են ամեաէժան մեքենաներով: Գծատերերը բիզնեսմեններ են և գնելիս առաջնորդվում են մեքենաների ամրությամբ, երկարակեցությամբ, սպասարկման էժանությամբ և այլն: Ցանկացած երթուղի սպասարկում են այնպիսի մեքենաներ, որոնք այդ գծի ուղևորահոսքի համար ամենաեկամտաբերն են:

Որոշ գծերի դեպքում դա ավոտբուսներ են, որոշների դեպքում` միկրոավտոբուսներ: Եվ դա կախված է միայն ուղղության ծանրաբեռնվածությունից և ոչ ուղեվարձից: Դա հեշտությամբ ապացուցվում է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում այժմ գործում է մեկ միասնական սակագին (100 դրամ), որով մի երթուղի ձեռնտու է սպասարկել միկրոավտոբուսով, մյուսը` ավտոբուսով (ինչը և արվում է):

Բացի այդ, կառավարության որոշման համաձայն` Երևանում գործող երթուղիների վրա այլևս նոր միկրոավտոբուսներ չեն բերվելու, իսկ գործող «Գազել»- ները աստիճանաբար փոխարինվելու են ավտոբուսներով:

Այսինքն` եթե Երևանի քաղաքապետարանը մտադիր չէ, օրինակ, օդորակիչով «Մերսեդես-Բենց»-եր ներմուծել, ապա «ծառայության որակի» տարբերությունները, կախված երթուղու ուղեվարձից, մեղմ ասած, անհասկանալի են ու մշուշոտ:

Իսկ միգուցե բլե՞ֆ է

Ստեղծվում է տպավորություն, որ Երևանի քաղաքապետարանը չհիմնավորված  փոփոխություններ է անում: Երբ քաղաքին սուր անհրաժեշտ են տրանսպորտային ռեֆորմներ, որոնց մասին բազմիցս ենք խոսել, կատարում են փոփոխություններ, որոնց արդյունքում ոմանք կստանան գերշահույթներ, իսկ քաղաքացիները նույն ծառայության համար կվաճարեն երկու սակագնով:

Ակամա առաջ է գալիս մեկ այլ վարկած: Իսկ միգուցե այդ 100-դրամանոց «էժան» երթուղիները լինելու են միայն թղթի վրա (կամ համարյա թղթի վրա): Միգուցե դրանք գործելու են տրոլեյբուսի պես` երկու ժամը մեկ, և քանի որ համարյա ոչ ոք 2 ժամ չի սպասելու դրանց, ստիպված բոլորը օգտվելու են 150 և 200 դրամանոցներից: Եվ միգուցե քաղաքապետարանը պաշտպանում է ոմանց բիզնես-շահերը: 

Թող դատի ընթերցողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter