HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջրահովիտի աճուրդի «մրցակիցները»` մայր ու որդի, հարս ու սկեսուր

Արարատի մարզի Ջրահովիտ համայնքը մինչ օրս գլխավոր հատակագիծ չունի: Պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է: Այդ հարցը լուծելու համար հուլիսի 23-ին համայնքապետարանը համայնքային սեփականություն հանդիսացող 9 լոտ հողի աճուրդ-վաճառք էր հայտարարել: Հողերի վաճառքի մեկնարկային գինը սահմանվել էր կադաստրային արժեքի 120%-ի չափով, իսկ աճուրդի քայլը` 10.000 դրամ:

Աճուրդն սկսվեց նախատեսված ժամից 1,5 ժամ ուշացումով: Կազմակերպիչները չէին նախատեսել, որ լրատվամիջոցները, հնարավոր է, հետաքրքրվեին աճուրդով, հետևաբար «մոռացել» էին, որ աճուրդին պետք է ներկա գտնվեն նաև հավանական գնորդները:

1,5 ժամվա ընթացքում համայնքապետարանի աշխատակազմը մի կերպ հավաքեց մասնակիցներին աճուրդն սկսելու համար: Այդ ընթացքում հասցրեցին նաև մասնակիցներին բաժանել իրենց դերերը, ասենք՝ ով պետք է առաջին քայլն անի, որ հաղթի նախապես որոշված մասնակիցը, կամ քանի քայլից հետո պետք է մի երկու խոսք ասեն, թե իբր հողը թանկ է, չարժե դրա համար ևս մեկ քայլ անել և այլն:

Ամենաանկեղծը գտնվեց առաջին լոտի մասնակիցը, ով չկարողացավ իր դերը խաղալ: «Կարեն ջան, ասա ճիշտը ոնց ա՞, այդպես էլ անենք, ես չեմ ուզում հողը, Արթուրն ա ուզում»,- ասաց ազգությամբ եզդի մասնակիցը` դիմելով Ջրահովիտի համայնքապետարանի հաշվապահին: Հաշվապահը «ձևականությունների» հետևից չընկավ, միանգամից ձևակերպեց երեք քայլ և հաղթող ճանաչեց Արթուր Մարգարյանին:

Հաջորդ մասնակիցները ևս «մատնեցին» իրենց: Աճուրդավարի հարցին, թե ով է անում առաջին քայլը, նայեցին իրար երեսի, և մասնակից Էլմիրա Սահակյանը մատով ցույց տվեց Նարեկ Կարապետյանին: Նախատեսված երեք քայլից հետո, երբ Էլմիրա Սահակյանը «հանձնվեց», և հաղթող ճանաչվեց Նարեկը, տիկինը սկսեց հետաքրքրվել, թե ե՞րբ պետք է վճարումը կատարվի, որքա՞ն գումար, ո՞ւմ միջոցով և այլն: Մի բան, որը չպետք է հետաքրքրեր պարտվող կողմին: Մինչդեռ պարզվեց, որ Էլմիրան ամենևին անտարբեր չէր կարող լինել, հաղթողն իր որդին էր, ինքը պարզապես սիմվոլիկ ներկայություն է ապահովել, որ որդին կարողանա աճուրդում հաղթել:

Գրեթե նույն պատմությունը կրկնվեց հաջորդ լոտի ժամանակ: Առաջին քայլը կատարեց 74-ամյա Քնարիկ Ղազարյանը, նրա մրցակից Արաքսյա Մանուկյանը հանձնվեց: Երբ շնորհավորեցին հաղթողին, Արաքսյան էլ չդիմացավ. «Մամ, արդեն ուշ ա, հել տեղիցդ»: Այս լոտի «մրցակիցներն» էլ հարս ու սկեսուր էին:

Նշենք, որ բոլոր լոտերը վաճառվեցին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով՝ առանց իրական մրցակցության և բոլորն էլ երեք քայլով: Համայնքապետ Համլետ Ղազարյանը պարզաբանեց, որ հողերը գտնվում են մարդկանց տների դիմաց, հետևաբար կանխատեսելի է, որ հենց նրանք պետք է գնեն, հակառակ դեպքում, եթե այլ մարդ գնի, «մարդասպանություն կլինի»:

Համայնքապետը դժգոհում է. «Բյուջե չունեմ»

Մինչ աճուրդը մեկնարկելը համայնքապետ Ղազարյանը նշում էր, որ իր գյուղը փոքր է, բյուջե չունի, հետևաբար չի կարողանում լուրջ ներդրումներ կատարել: Ըստ նրա` եթե պետական սուբսիդիան չլինի, սեփական եկամուտներով միայն կկարողանա աշխատավարձ վճարել ու մի երկու մանր-մունր աշխատանքներ կատարել:

Ջրահովիտի համայնքային բյուջեում սեփական եկամուտները կազմում են մոտ 5 մլն դրամ, մոտ 18 մլն դրամ էլ դոտացիան է: Համլետ Ղազարյանի խոսքով` այդ գումարից միայն 7 մլն դրամ նախատեսված է մանկապարտեզի համար, որտեղ հաճախում է շուրջ 30 երեխա, 1,5 մլն դրամ տրամադրվում է աղբահանությանը, 1 մլն դրամ՝ գլխավոր փողոցի լուսավորությանը եւ այլն:

2012թ. գյուղը գազիֆիկացվել է, սակայն որոշ հատվածներ դուրս են մնացել ծրագրից: Համայնքապետի խոսքով` այս տարի ծրագիր է մշակվել և այդ հատվածներն էլ կգազիֆիկացվեն: Մոտ օրերս փոխելու են դպրոցի պատուհանները:

«Դե մեր վիճակն էլ նույնն է, ոնց հանրապետության բոլոր գյուղերում, այնպես էլ մեր մոտ: Կարելի է ասել մեր վիճակը միջինից էլ ցածր է: Փոքր գյուղ է, հողեր չունենք, ընդհանուր 150 հա հող ունենք: Պիտի աշխատենք ապրենք, որ հիմա բողոքեմ, չեն բերելու մեզ պահեն»,-ասում է Հ. Ղազարյանը:

Վերջինս շարունակում էր պնդել, որ համայնքային բյուջեն բավարար չէ գյուղում մի բան անելու համար: Նույնիսկ չեն կարողանում գումար հատկացնել, որ Անդրանիկի հուշահամալիրը կարգի բերեն: Համայնքապետարանում այդպես էլ «գլխի» չեն ընկնում, որ համայնքային գույքը «ջրի» գնով օտարելով երբեք էլ բյուջե չեն ունենա ներդրումներ կատարելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter