HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուտով կծնվի իմ չորրորդ «երեխան»

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Վերջին 3 տարիներին 3 «երեխա» ունեցա, շուտով կծնվի չորրորդը… Միայն թե իմ «երեխաները» ծնվում են ոչ թե ծննդատներում, այլ տպագրատներում:

Շուտով լույս աշխարհ կգա «Orange»-ի հայտարարած գրական մրցույթին ներկայացրած իմ «Դեպի ցմահ ազատություն» ստեղծագործությունը՝ երեք լեզուներով ու յուրահատուկ ոճով նկարազարդված գրքույկով: Այս ամենը հնարավոր դարձավ շնորհիվ գրող, լրագրող Վահան Իշխանյանի նախաձեռնության, որին արձագանքեցին անարդարությունների նկատմամբ ոչ անտարբեր մարդիկ. գրքի տպագրման համար Դուք տրամադրեցիք այն գումարը, որը «Orange»-ը խոստացել էր լավագույն ստեղծագործության համար, քանի որ իմ ստեղծագործությունը դուրս մնաց ժյուրիի քվեարկությունից միայն այն պատճառով, որ ես ցմահ դատապարտյալ եմ: Այս եռալեզու գիրքը չի վաճառվելու, այն ոչ անտարբեր մարդկանց՝ Ձեր նվերն է ինձ, ես էլ ուզում եմ իմ նվերը կիսել Ձեզ հետ:

Սեպտեմբերին նորից կհանդիպենք, այս անգամ «Դեպի ցմահ ազատություն» գրքի շնորհանդեսի առիթով, և ես էլ առաջին անգամ կտեսնեմ նկարիչ Տիգրան Մանգասարյանի կոմիքսներն իմ գրքում: Գրքի շնորհանդեսի ժամանակ սպասվում է նաև մեկ այլ շատ հետաքրքիր միջոցառում: Չեմ ասի. թող անակնկալ լինի:

Այժմ էլ մի նախագիծ ունեմ, որի արդյունքում «երկորյակներ» են ծնվելու. թե ինչու «երկորյակներ», թուլ տվեք դեռ գաղտնիք մնա, մինչև….. Կարծում եմ՝ գարնանը լույս աշխարհ կգա «Զգացմունքների պետություն» վիպակը:

Սովորելով իրավագիտության ֆակուլտետում, բանտախցում սեղանիս վրա ունենալով բազմաթիվ գրքեր՝ համաշխարային և մասնավորապես Հայաստանի պետության և իրավունքի պատմության մասին, մտածեցի ստեղծել մի դասագիրք-ձեռնարկ, որտեղ կլինեն, ոչ թե թվեր ու փաստեր, այլ զգացմունքներ, որոնք միշտ թաքցնում է պատմությունը…

Երբ այս մտադրության մասին պատմեցի ինձ ոգեշնչող մուսային, ում անկեղծ և կանացի բնազդի վրա հիմնված կարծիքը միշտ իրավացի է, ասաց.

-Մհե՛ր, ինչքան էլ լավ աշխատություն գրես, եթե մարդիկ ցանկանան ուսումնասիրել Հայաստանի պետության և իրավունքի պատմությունը, կվերցնեն, ասենք, մի պրոֆեսորի, ճանաչված պատմաբանի գրած գիրք, այլ ոչ թե ցմահ բանտարկյալի, ով դեռ 2-րդ կուրսի ուսանող է:

Ես սկսեցի առարկել` ասելով.

-Չէ՞ որ այդ պրոֆեսորները նույնպես տարբեր գրքեր են ուսումնասիրել, որոնք գրվել են հարյուրավոր տարիներ առաջ: Բայց չէ՞ որ նրանք չեն գրել ամենակարևորի մասին, նրա, թե ինչ է զգացել այս կամ այն թագավորը պատերազմից առաջ: Ու հետո, մարդկության պատմությունը արդյո՞ք միայն պատերազմների պատմություն է: Իսկ ո՞ւր մնաց սերը:

Հետո սկսեցի օրինակներ բերել.

- Թոմազո Կամպանելան իր «Արևի քաղաքը» գրել է բանտում, Թոմաս Մոռը «Ուտոպիան», Սերվանտեսը «Դոն Քիշոթը» կամ Պաուլո Կոելիոն, ով իր «Ալքիմիկոսը» գրեց բանտում:        

Մի փոքր լռելուց հետո մուսան ասաց.

- Չեմ ցանկանում, որ կրկնես նրանցից շատերի ճակատագիրը, իսկ գրքերդ էլ սկսեն կարդալ և գնահատել, երբ արդեն չլինես: Երբ դու պատմություններ ես պատմում, նամակներում գրում քո զգացմունքների մասին, ինչի հետ էլ դա կապված լինի, նույնիսկ պետության քո ընկալման, ես կլանված լսում եմ, տեղափոխվում քո աշխարհ, ասես, ինքս եմ այդ ամենը տեսնում և լսում, սկսում եմ զարմանալիորեն նոր ձևով ընկալել աշխարհը: Թե պատմության ընթացքում որ թագավորը ինչ է արել, որ թվին ինչ պատերազմ է եղել, ինչ օրենքներ են գրվել… այդ չոր ու ցամաք թվերը չեն փոխանցի տվյալ ժամանակաշրջանի ոգին, մենք երբեք չենք իմանա, թե մարդիկ ինչ են զգացել… Գրի այն, ինչ դո՛ւ ես զգում, գրի անկեղծ և պարզ, ինչպես պատմում ես ինձ, և մարդիկ կընկալեն, կհասկանան, կլսեն ու …     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter