HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու Հայաստանը չպետք է լռեր Լևոն Հայրապետյանի ձերբակալության հարցում

Ավելի քան երկու շաբաթ է` հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը Ռուսաստանում գտնվում է անազատության մեջ: Նրան, ինչպես հայտնի է, մեղադրում են փողերի լվացման մեջ: Մի քանի օր առաջ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերահաստատեց առաջադրված մեղադրանքները, և առողջական լրջագույն խնդիրներ ունեցող գործարարը, Լեռնային Ղարաբաղի մեծագույն զավակն ու նվիրյալը շարունակելու է մնալ նախնական կալանքի տակ: Նրա փաստաբաններին չի հաջողվում հասնել խափանման միջոցը գոնե տնային կալանքով փոխարինելուն, ինչը հնարավորություն կտար կանգնեցնել Հայրապետյանի առողջության օր-օրի վատթարացումը և լրջորեն զբաղվել բուժմամբ: Չնայած օրենսդրությունը տալիս է այդ հնարավորությունը, սակայն Ռուսաստանի իրավապահ մարմինները հետևողականորեն գործում են Հայրապետյանին մեկուսացված պահելու տրամաբանությամբ: Ըստ ամենայնի` տվյալ պահին կարևորը նրանց համար դա է, այլ ոչ թե  գործի արդարացի քննությունը, հանգամանքների ամբողջական բացահայտումը:

Գործարարի շահերի պաշտպանները, մտերիմներն ու հարազատները չեն ցանկանում հարցը քաղաքականացնել, խոսել այս ձերբակալության բոլորովին էլ ոչ քրեական մոտիվների մասին` նրան ավելի մեծ վնաս չհասցնելու համար: Նրանց խնդրանքով չկայացավ ի պաշտպանություն Հայրապետյանի` Երևանում պլանավորված երթը դեպի ՌԴ դեսպանատուն, այդ թեմայով ասուլիսներ չեն տրվում. հասարակական բոլոր շրջանակները, որոնք սրտացավորեն ցանկանում են օգտակար լինել Լևոն Հայրապետյանին, հիմա համբերատար սպասում են: Պարզ է, որ նրանցից այլևս ոչինչ կախված չէ, թեև բոլորը հրաշալի հասկանում են, որ Հայրապետյանի վրա պարզապես գործ է սարքվում, և նա քաղաքական թե տնտեսական ինչ-որ հանգամանքների զոհ է դառնում:

Համբերատար սպասում է նաև Հայաստանը` որպես պետություն, չնայած այն հանգամանքին, որ Հայրապետյանը բոլորովին էլ երկրորդական մարդ չէ, շարքային ռուսաստանցի գործարար չէ և ԼՂՀ-ի զարգացման համար արել է գուցե անհամեմատ ավելին, քան Հայաստանի պետությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներից յուրաքանչյուրն առանձին և բոլորը միասին վերցրած: Հայրապետյանի ձերբակալությունից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ում էլ ձերբակալեն, իրենց հետ կապ չունի, և եթե մարդը օրենք է խախտել, իրենք ոչինչ անել չեն կարող: Վարչապետն այսպիսով, առաջ ընկնելով նույնիսկ ՌԴ քննչական կոմիտեից և դատարանից, Հայրապետյանին արդեն դատապարտեց քրեական հանցագործություն կատարած լինելու մեջ: Ի դեմս վարչապետ Աբրահամյանի, դրանով, փաստորեն, Հայաստանը հանձնեց Հայրապետյանին` հասկացնելով, որ չի պատրաստվում ոչինչ անել նրան օգնելու համար: Իսկ սա արդեն նույնիսկ սպասողականություն էլ  չէ, սա «պիղատոսություն» է, ձեռքերն այդ գործից և այդ մարդուց  լվանալու ակտ:

Մինչդեռ իրականում առնվազն 4 պատճառով հենց Հայաստանը պետք է շահագրգռված լիներ Հայրապետյանին օգնելու հարցում: Նախ` որովհետև իշխանությունը ցանկության պարագայում դա կարող է անել այնքանով, որքանով այս գործը քրեական չէ: Խոսքը տվյալ դեպքում չի վերաբերում Հայրապետյանի նկատմամբ մեղադրանքները չեզոքացնելուն, քրեական գործը ջրելուն: Այլ ընդամենը` նրա առողջության պահպանման համար նպաստավոր պայմաններ ապահովելուն: Այս հարցը ռուսաստանյան իշխանությունների հետ համաձայնեցնելն ընդամենը ցանկության հարց է: Եթե այն չկա, նշանակում է չկա Հայրապետյանին ազատության մեջ տեսնելու կամ ցանկություն, կամ կարողություն: Նշանակում է` գոնե այդքանին հասնելու ունակություն Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի իշխանությունը չունի:

Երկրորդ` դեռ նախորդ տարի Եվրոպայի հայկական միությունների ֆորումի 15-րդ հոբելյանական համագումարի ժամանակ Լևոն Հայրապետյանը չափազանց կոշտ քննադատության էր ենթարկել Հայաստանի գործող իշխանություններին` վարած ներքին քաղաքականության, երկրում տիրող անարդարության և արտագաղթի համար: Որքան Հայաստանի իշխանությունները ձգում են պիղատոսյան այս լռությունը, այնքան Հայաստանի և Արցախի հասարակություններում խորացնում են համոզմունքը, որ, գործարարին չեն ուզում օգնել հենց այդ պատճառով, այսինքն՝ առաջնորդվում են պրիմիտիվ, նեղ խմբակային վրեժխնդրությամբ: 

Երրորդ` չկա համոզվածություն, որ Հայրապետյանին չեն մեկուսացնում հենց ԼՂՀ-ի կայացմանն ուղղված նրա նախաձեռնություններին խանգարելու, դրանք կասեցնելու համար: Իսկ այն ձեռնարկումները, որոնցով զբաղված էր այդ պահին Լևոն Հայրապետյանը, ուղղակիորեն առնչվում էին ԼՂՀ-ի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

Խոսքը վերաբերում է ինչպես ԼՂՀ Վանք գյուղում ռազմական վարժարանի կառուցմանը, այնպես էլ տարբեր երկրների ռազմական ուժերում ծառայած հայ վետերանների  համահայկական կազմակերպություն ստեղծելուն` դրա ներուժը պատերազմի հնարավոր վերսկսման պարագայում օգտագործելու համար: Կասկած լինել չէր կարող, որ եթե սկսվեր պատերազմը, Լևոն Հայրապետյանն իր հնարվորությունների չափով ուղակիորեն զբաղվելու էր նաև հայկական բանակի սպառազինության ապահովմամբ: Նման անհատականությանը թողնել բախտի քմահաճույքին, նշանակում է հարված հասցնել բոլոր այն շրջանակներին, որոնք ունեն այդ պոտենցիալը, չարժևորել նրանց արածն ու անելիքը:

Չորրորդ` միայն այն կասկածները, որ Հայրապետյանի ձերբակալությունը կապ ունի ԼՂՀ-ում նրա ծավալած գործունեության հետ, պետք է Հայաստանին դրդեր բացահայտ կամ կուլիսային մակարդակով պարզաբանումներ ստանալ Ռուսաստանից: Որովհետև ստացվում է, որ հարված է հասցվում ԼՂՀ-ի թիկունքից և այդ հարվածը հասցնում է հենց Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Որքան դավադրական է այդ նույն դաշնակցի կողմից քո թշնամուն առաջնակարգ հարձակողական զինտեխնիկայով զինելը, նույնքան էլ դավադրական է հայկական կողմին ձեռք մեկնելու պատրաստ օղակներին ու անհատներին չեզոքացնելու վարքագիծը: Եթե նույնիսկ հնարավոր չլիներ ոչինչ անել, գոնե այդպիսով:

Հայաստանը ցույց պետք է տար իր դժգոհությունը տեղի ունեցողից և հասկանալ տար, որ դա բոլորովին էլ ռազմավարական գործընկերոջ վարքագիծ չէ: Մինչդեռ կողքի քաշված, վախվորած իրադարձությունների ընթացքին հետևելը նույնն է, թե կանաչ լույս վառես նաև մյուս պոտենցիալ նվիրյալներին «շարքից հանելու» գործընթացի առաջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter