HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նոր Նորքի անտառի կառուցապատումը անօրինական է․ շրջանցել են փորձաքննությունը»

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը տարածել է նոր հայտարարություն Նոր Նորքի անտառի մասին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Քաղաքապետարանում վերջնականապես փլուզել են էկոլոգիական հանձնաժողովը, որպեսզի անեն ինչ և որտեղ ցանկանան 
Վերջապես այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարանը հրապարակեց իր հերքումը Նոր Նորքի անտառապուրակի ձևափոխման մասին և փորձեց մոլորեցնել լրատվամիջոցներին, պարզ է դառնում հետևյալը․ 
-    Քաղաքապետարանի որոշումն ու սկսած գործողությունները ապօրինի են, քանի որ ՀՀ բնապահպանության նախարարության «Փորձաքննություն» ՊՈԱԿ-ը չի անցկացրել բնապահպանական փորձաքննություն և չկա դրական կարծիք։ Այդ փորձաքննությունը օրենքով պարտադիր է 1500 քմ և ավելի տարածքի կառուցապատման համար։ Այստեղ գործ ունենք շուրջ 6 հեկտար կազմող անկանոն տնկարկներով տարածքի հետ։ Մինչև երեկվա ահազանգը այս գործողության վրա աչք է փակել նաև ՀՀ բնապահպանական տեսչությունը։ 
-    Նախագծի մասին վկայող միակ հանրային տեղեկությունը տեղում կախված երեք գունավոր նկարներն են (տես՝ կցված նկարը), որոնցից երևում է, որ մեծածավալ կառուցապատման աշխատանքներ են նախատեսված (ամֆիթատրոն, ճեմուղիներ, խաղահրապարակներ, թենիսի հարթակ, շատրվան, ցայտաղբյուրներ և այլն) հիմնական բետոնային աշխատանքներով։ Այսինքն հնարավոր չէ կառուցապատման փոխարեն այն անվանել բարեկարգում։ 
-    Տրամաբանական պետք է լիներ, որ ցանկություն կա այդ տարածքում լավ նախագիծ իրականացնել։ Սակայն, ինչպես հաճախ է լինում, ծառածածկ ռեկրեացիոն գոտին փորձում են վերածել կառուցապատված գոտու։ Տարօրինակ է այս պարագայում նաև Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր պարոն Հովհաննես Թոքմաջյանի մասնակցությունը այս նախաձեռնությանը և այդ տարածքի ընտրությունը։ 
-    Նոր Նորքի անտառապուրակը այն վերջին հատվածներից է, որոնք կարող են ծառայել որպես մարդու ազդեցությունից հնարավորինս զերծ մնացած էկոլոգիական գործառույթ կատարող գոտի։ Այս հատվածի կառուցապատման արդյունքում ջրաշխարհի միջև կմնա մի նեղ ծառահատված, որի կառուցապատումն էլ ժամանակի հարց է։  
-    Երևանի քաղաքապետարանում վերջնականապես փլուզվել է էկոլոգիական հանձաժողովը, քանի որ այն խանգարում էր նման կամայական կառուցապատումների իրականացմանը։ Իսկ քաղաքաշինական խորհուրդն էլ այլևս նիստեր չի գումարում։ Արդյունքում, ինչպես այս դեպքում օրենքի կոպիտ խախտումներով և առանց էկոլոգների եզրակացության որոշումներ են կայացվում։ 
-    Այս պահին, Երևանի վերջին երեք անտառները՝ Նոր Նորքում, Մարաշում և Մոնումենտում գտնվում են տոտալ հարձակման տակ, իսկ Ծիծեռնակաբերդի անտառը տարիներ շարունակ չի ջրվում։ Թերևս այս փաստերը վկայում են քաղաքաշինական կառավարման մակարդակի և, մի կողմից որոշ այգիներ բարեկարգելով, Երևան քաղաքի թոքերը ի սպառ հիվանդացնելու մասին։ 
Անդրադառնալով Նոր Նորքի անտառապուրակին՝ պահանջում ենք այս պահին դադարեցնել ապօրինի գործողությունները և կառուցողական տեսանկյունից առաջարկում ենք սահմանափակել տարածքի բարեկարգումը ոռոգման համակարգի ստեղծմամբ և ծառահատվածի խտացմամբ՝ զերծ մնալով բետոնալցման աշխատանքներից և թողնելով տարածքին իր ռեկրեացիոն գործառույթը։ 
Այն թույլ կտա նաև միջոցներ խնայել անմիջական հարևանությամբ գտնվող մի շարք անխնամ և հենց զբոսանքի համար նախատեսված այգիներ բարեկարգելու համար։ 
Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են օրենքներ, որոնք պարտադիր են կատարման համար և վեր են ցանկացած անհատի կամայականություններից և ճաշակի պարտադրանքից։
Մենք վերստին շեշտում ենք, որ օրենքի խախտումը ենթադրում է պատասխանատվություն, իսկ Երևանում այլևս երկու անգամ քիչ է այն ծառերի քանակը, որոնք բավարար կլինեին երևանցիների համար թթվածին արտադրելու համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter