HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդցիների զբոսավայրը քարուքանդ ու բաց դիտահորերով փողոցն է

Մայրամուտին` թուլացող շոգից հետո, Ալավերդու Ս/Սարահարթ թաղամասի բնակիչների մեծ մասը դուրս են գալիս Պղնձագործների փողոց` քայլելու եւ մաքուր օդ շնչելու: Փողոց են դուրս բերվում սայլակներով նորածիններ, որոնցից շատերը զովության մեջ անմիջապես քնում են: Քայլողների մեջ հանդիպում ենք տարեց ալավերդցիների, երիտասարդ զույգերի, նաեւ` հիվանդ ու հաշմանդամ մարդկանց, որոնց բժիշկները խորհուրդ են տվել իրենց կորցրած առողջությունը վերականգնելու համար պարզապես քայլել:

Պղնձագործների փողոցը տարածվում է Ս/Սարահարթ թաղամասի ճոպանուղու կայանից մինչեւ «Քարափ» սրճարան ու շարունակվում մինչեւ թաղամասի գլխավոր մայրուղի: Փողոցն անմխիթար վիճակում է` ասֆալտն ամբողջությամբ պատված է կարկատաններով, մայթերը` կիսաքանդ ու անբարեկարգ են: Դրանք վերջին անգամ վերանորոգվել են խորհրդային տարիներին: Ճոպանողու մոտից փողոցի ձախ կիսաքանդ մայթի ողջ երկայնքով երեք տեղ տեղադրված են աղբարկղեր: Աղբի վրա հավաքված ճանճերն ու մլակները երկար ուղեկցում են քայլողներին: Աջ մայթի մի մասը խոտածածկ եւ անանցանելի է: Մայթի երկայնքով տեղադրված 11 դիտահորերից 6-ը կափարիչներ չունեն: Դրանցից տարածվող կոյուղու գարշահոտությունը փողոցի առանձին հատվածներում անհնարին է դարձնում քայլելը: Բացի այդ, մայթի խոտածածկ դիտահորերի մի մասը դարանակալած սպասում են վտանգներից անտեղյակ անցորդներին: 

Տեղաբնակները տեղյակ են բաց դիտահորերի մասին, այն սպառնալիք է անծանոթների եւ հատկապես երեխաների համար: Ճանապարհին անզուսպ ցանկությամբ հեծանիվ են քշում թաղամասի երեխաները: Այդ ժամերին ավելանում է ավտոմեքենաների երթեւեկությունը: Թանկարժեք մեքենաների ղեկին նստած նորելուկ վարորդներն անտեսելով վտանգը` երբեմն մեծ արագությամբ սլանում են փողոցով: Մայթերի անանցանելության պատճառով բնակիչները, հեծանվորդները եւ անկառավարելի արագությամբ սլացող ավտոմեքենաները երթեւեկում են նույն ճանապարհով, որը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:

Ինսուլտով հիվանդ Գագիկ Քառյանն առողջությունը վերականգնելու նպատակով գրեթե ամեն օր քայլում է Պղնձագործների փողոցով: Նա քայլում է վտանգավոր արագությամբ սլացող ավտոմեքենաների հարեւանությամբ: Գագիկը, երբ քայլում է հարազատների ուղեկցությամբ, գրեթե հատում է ամբողջ փողոցը, երբ մենակ է քայլում, մոտ 200 մետրից վերադառնում է: «Առաջ ավտոմեքենաներն այստեղ ավելի արագ էին գնում, հիմա կարծես մի քիչ դանդաղել են»,- ասում է Գագիկը:

Ալավերդին դեռեւս քաղաքային զբոսայգի չունի: Էնգելս թաղամասում կառուցվող նոր զբոսայգին, հեռավորության պատճառով, չի կարող ծառայել քաղաքի ամենամեծ` Ս/Սարահարթ թաղամասի բնակիչներին: Պղնձագործների փողոցին հարող թաղամասի նախկին զբոսայգին անկախության տարիներին բնակիչները ցանկապատել ու դարձրել են մասնավոր այգիներ: Այսուհանդերձ, զբոսավայրը քաղաքի ամենամեծ թաղամասում մեծ պահանջարկ է վայելում:

Հիշեցնենք, որ քաղաքի ներհամայնքային ճանապարհների մայթերի վերանորոգման խնդիրը «Հետքը» Արտավազդ Վարոսյանի հետ քննարկել է դեռ 2012թ.-ի հոկտեմբերի 30-ին: Մայթերի վերանորոգումը քաղաքապետն ընդգրկել է Ալավերդու զարգացման 2013-2016թթ.-ի քառամյա ծրագրում: Այսուհանդերձ, ավանդույթի համաձայն, Ալավերդիում մայթերը շարունակվում են չվերանորոգվել:

«Այս տարի Պղնձագործների փողոցում 312 քմ ասֆալտի նորոգում է կատարվել` 1 մլն 269 հազար դրամ արժեքով: Միայն մայթերի խնդիրը չէ, ինձ նախագիծ է տրվել ամեն մի 100 մետրի վրա չափագրված փոսանորոգման համար: Մեզ ինչ պատվիրում են, այն էլ վերանորոգում ենք»,- ասաց «Տիտանյան եղբայրներ» շինարական կազմակերպության ղեկավար Սանասար Տիտանյանը:

Բաց 6 դիտահորերի մասին «Հայջրմուղկոյուղու» Թումանյանի տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը «Հետքին» հայտնեց, որ դեռ մեկ տարի առաջ իրենք Պղնձագործների փողոցի բոլոր դիտահորերին կափարիչներ են տեղադրել: Դրանց մեծ մասը գողացել են թաղամասի բնակիչները: «Ընդամենը մի քանի օր առաջ 4 բաց դիտահորին կափարիչներ ենք տեղադրել, որոնք դարձյալ տարել են»,- վրդովված հայտնեց տեղամասի պետը: Արթուր Կոլոլյանը խոստացավ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Պղնձագործների փողոցի բոլոր 6 բաց դիտահորերին կափարիչներ տեղադրել:

Մեկնաբանություններ (2)

A E
Ալավերդու Սարահարթ թաղամասի 2/6 շենք իջնող ճանապարհին կա բաց դիտահոր,որը երկար ժամանակ է լցված է կեղտաջրով: Ջրմուղի աշխատակիցների ջանքերի շնորհիվ այդ կեխտաջրերը հոսում է փողոցով ու ոչ մեկ չի հետևում: Ով պետք է մտածի այդ մասին? Չե որ երեխաները այդ կեխտաևրերի մեջով են դպրոց գնում?
Լարիսա Փարեմուզյան
Այսօր երեկոյան Թումանյանի տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը տեղեկացրեց , որ Պղնձագործների փողոցի մաթերի կոյուղու 6 բաց դիտահորերի կափարիչները արդեն տեղադրված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter