HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե Սողոմոն Քոչարյանի թիկունքին ինչ-որ հեղինակավոր մարդ լիներ, վաղուց ազատության մեջ կլիներ»

Մինչև դատական նիստի սկսվելը 19 տարի առաջ մահապատժի դատապարտված (2003 թ.-ից ցմահ ազատազրկում) Սողոմոն Քոչարյանի մայրը, քույրերը, հարազատները, Արցախյան պատերազմի զինակից ընկերները անհանգիստ սպասում էին.

-Տեսնես կբերե՞ն Սողոմոնին,-հարցրեց 19 տարի բանտում գտնվող Սողոմոն Քոչարյանի մայրը՝ Զինա Քոչարյանը:
 
Սողոմոնի փաստաբան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը պարզաբանեց, որ բողոքի քննություն է, ոչ թե քրեական գործ, ուստի ամենայն հավանականությամբ Սողոմոն Քոչարյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից չեն բերի նիստին:
 
Բողոքի քննության առաջին նիստը սկսվեց ու ավարտվեց առանց Սողոմոն Քոչարյանի ներկայության, ով դատապարտվել է մահապատժի 1995 թ-ին՝ մեղադրվելով իրանահպատակ ադրբեջանցու՝ Իրաջ Փուր Միրզաբեկի սպանության մեջ:
 
Սակայն 19 տարի անց «Հետք» ինտերնետային կայքին հայտնի է դարձել, որ  1995 թ-ին Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ, ներկայում թոշակի անցած Ժիրայր Խառատյանը համաձայն չի եղել մահապատիժ նշանակելուն: Իր հարցազրույցում դատախազը պատմել է, որ պատժի առավելագույն չափ է պահանջել այն ժամանակ Իրանի դեսպանը՝ մտնելով ուղիղ Գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի աշխատասենյակ: Հակառակ դեպքում՝ դեսպանը սպառնացել է քաղաքական սկանդալ բարձրացնել:
 
Դատախազ Խառատյանի այս հայտարարության հիման վրա «Հետքը» դիմել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով 19 տարվա վաղեմություն գործով վերաբացման վարույթ սկսելու խնդրանքով: Սակայն մերժում էինք ստացել: Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ Գ. Բաղդասարյանը գտնում է, որ դատախազ Խառատյանի հայտարարությունը քաղաքական ճնշման մասին նոր երևան եկած հանգամանք չի կարող դիտվել, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի 426 պրիմ 6 հոդվածի 3-րդ կետի պահանջների տիրույթում չի տեղավորվում: Բացի այդ, ըստ նրա մերժման որոշման, դատախազի պահանջած պատիժը որևէ կերպ չի կարող ազդել դատարանի վրա, քանի որ դատարանը ինքնուրույն է կայացնում դատական ակտերը: Դատախազը նաև վկայակոչեց դատական ակտերի կայունության սկզբունքը: Սակայն փաստաբան Ռևազյանը նշեց, որ, անշուշտ, դա կարևոր է, բայց ոչ անձի՝ արդարադատությանը հասնելու միջոցների հաշվին:
 
«Ինչպես գործող, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերն ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժի տեսակն ու չափը որոշելը, ի թիվս այլ հարցերի, վերապահում են դատարանի՝ որպես գործի լուծման գործառույթն իրականացնող մարմնի բացառիկ իրավասությանը: Դատարանը կաշկանդված չէ ինչպես ամբաստանյալի մեղավորության, այնպես էլ նրա նկատմամբ նշանակվող պատժի հարցերի վերաբերյալ մեղադրողի դիրքորոշմամբ»,-ասված է գլխավոր դատախազության մերժման որոշման մեջ:
 
Սակայն Սողոմոն Քոչարյանի փաստաբանը գտնում է, որ դատարանը պետք է պարտավորեցնի գլխավոր դատախազությանը գործի նորոգման վարույթ սկսել, քանի որ դատախազն իր հարցազրույցում շեշտում է, որ մահապատժի դատավճռի հետ համաձայն չի եղել, այն համարելով խիստ չափազանցված. «Սա իրողություն է, որը վկայում է անձի նվազ մեղավորության մասին: Իսկ նման հանգամանքի առկայության պարագայում, ըստ նույն քրեական դատավարության օրենսգրքի, գործը կարող է վերաբացվել: Իսկ ինչ, եթե դատախազը պնդեր, որ անձը անմեղ է, բայց մահապատիժ պահանջեր: Ի՞նչ կասեր Գլխավոր դատախազությունն այդ պարագայում: Եթե այս գործով, այս հիմքով վերաբացում չլինի, նշանակում է կանաչ լույս ենք վառում այլ երկրների դեսպանների, պարզապես ազդեցիկ մարդկանց համար, թե կարող եք ճնշել դատախազությանը, և դրանից հետո որևէ իրավական հետևանք չի լինի»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Ռևազյանը:
 
Դատավոր Արմեն Բեկթաշյանը  մինչև օգոստոսի 25-ը կուսումնասիրի գլխավոր դատախազության ու Սողոմոն Քոչարյանի փաստաբանի ներկայացրած նյութերը:
 
«Գոնե մի քանի տարի մայր ու տղա միասին լինենք»
 
Նիստի ավարտին «Հետքի» հարցերին պատասխանելով՝ Սողոմոն Քոչարյանի մայրը՝ տիկին Զինան պատմեց, որ երեկ է եղել «Նուբարաշենում», ուտելիք է տարել տղային. «15 օրը, որ լրանում է, չեմ դիմանում: Ուզում եմ գնամ, տան ճաշ տանեմ: Ախր առողջություն էլ չունի: Դեղեր եմ հասցնում ու սնունդ: Չեմ հասկանում՝ ինչի չեն ազատում, համարյա 20 տարի է անցել: Ինքը պետքական մարդ է հայրենիքի համար, պատերազմի սկզբից մինչև զինադադարը մասնակցել է: Գոնե բավարարվեն էսքանով ու իրեն բաց թողնեն: Գոնե մի քանի տարի մայր ու տղա միասին լինենք: Ընտանիքն էլ վերացավ, կինը, աղջիկը… նրանք արդեն չկան»,- ասաց Զինա Քոչարյանը:
 
«Դատախազությունը պիտի նոր հանգամանք գտներ, որ Սողոմոնին ազատեր»
 
Տիկին Զինային ուղեկցող դուստրերից Անժելան կարծիք հայտնեց. «Հիմա իրենք՝ դատախազությունը պիտի նոր հանգամանք փնտրեր-գտներ, որ Սողոմոնին ազատեր: Ոչ թե լրագրողը գնար արխիվ, փնտրի, գտներ փաստեր, իսկ դատախազությունն էլ ասեր, թե դա լավ հանգամանք չի: Եթե նման հնարավորություն Ադրբեջանում լիներ, հիմա դատարանի դահլիճից էին ազատել իրենց քաղաքացուն: Ես իմ եղբորը չեմ համեմատում Սաֆարովի հետ, ճիշտ հասկացեք: Սաֆարովը քնած մարդ է սպանել, իսկ Սողոմոնի գործով անգամ կանխամտածված սպանության վարկածն է կասկածի տակ: Ես զարմանում եմ, որ մինչև հիմա եղբայրս բանտում է»,- ասաց Անժելա Քոչարյանը:
 
«Ոչ թե Սողոմոնին լավություն կանեն, որ ներում կամ արդար վճիռ տան, այլ իրենց»
 
Այսօր դատարանում էր նաև Սողոմոնի հրամանատար, ընկեր, բեյրութահայ Հայկազ Թամրազյանը, ով «Հետքին» պատմեց Սողոմոն հետախույզի մասին՝ ասելով, որ նաև Սողոմոնի ու Ստելլայի հարսանիքի կնքահայրն է եղել:
 
«Ես 1992 թ-ից եղել եմ Սյունիքի դաշնակցական կամավորական խմբերի ղեկավարը: Կոմանդոսից հետո Սողոմոնը եկավ մեզ մոտ, մենք դիրքավորված էինք Շուռնուխում: Լավագույն հետախույզներից է, որ երբևէ տեսել եմ: Գերիներ բերեց, հետո վիրավորվեց ոտքից: Բացառիկ մարդ է իր հայրենասիրությամբ, իր նվիրվածությամբ: Ինքը կյանքով է ապացուցել, որ հայրենիքին նվիրված է: Մարդիկ կան՝ պատերազմից են խոսում, բայց քարտեզի անգամ Ղարաբաղի տեղը չգիտեն: Եթե Սողոմոն Քոչարյանի թիկունքին ինչ-որ հեղինակավոր մարդ լիներ, Սողոմոնն արդեն վաղուց ազատության մեջ կլիներ, լավ գործի կլիներ: Դժբախտաբար արդար մարդ է եղել, իր շրջապատում էլ այդպիսի մարդիկ են, չեն կարող մեշոկով փող տանեն տան: Ոչ թե Սողոմոնին լավություն կանեն, որ ներում կամ արդար վճիռ տան, այլ իրենց. այս պետությունն ավելի նման կլինի պետության»,-ասաց Սողոմոն Քոչարյանի հրամանատարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter