Շաբաթ, 22 սեպտեմբերի

Լարված իրավիճակ Երեւան-Շորժա գնացքում (տեսանյութ)




Այս պահին Երեւան-Շորժա գնացքում լարված իրավիճակ է, գնացքը հսկող ոստիկանը եւ աշխատակիցները պահանջում են ուղեւորներից իջնել հաջորդ կայարանում: Բանն այն է, որ հուլիսի 31-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն լրատվական կայքերով, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 2-ին, երթեւեկությունը ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում ուղեւորների համար կլինի անվճար:

Սակայն գնացքի անձնակազմը պահանջում է ուղեւորներից վճարել տոմսի համար կամ իջնել գնացքից առաջիկա կանգառում: Ուղեւորներից Փառանձեմ Հովհաննիսյանը «Հետքին» հայտնեց, որ անձնակազմի պահանջը բողոքի ալիք է առաջացրել ուղեւորների շրջանում: Ողեւորները չեն ենթարկվել գնացքը հսկող ոստիկանի Չարենցավանում իջնելու պահանջին եւ այս պահին նրանք գտնվում են Չարենցավանում:

«Գնացքը լիքն է, մեզ ստիպում էին իջնել եւ արդեն վեճ էր բռնվել: Երբ ոստիկանին ցույց տվեցինք հայտարարությունը, որ դեռեւս առկա է մի շարք կայքերում, նա հանգստացավ, ասաց զանգեք տնօրինությանը: Ուղեւորներին վախեցնում են, թե եթե չվճարեք, գնացքը հետ չի վերադառնալու, մնալու եք Սեւանում, տաքսիով ավելի թանկ եք հետ գալու»,- ասում է Փառանձեմ Հովհաննիսյանը:

«Հետքի» հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ աշխատակիցը պարզաբանեց, որ հայտարարությունը, որ գնացքն անվճար է լինելու օգոստոսի 2-ին, սխալմունք է եղել:

«Ես այսօր եկել եմ աշխատանքի ու ասացին, որ 2-ին չի անվճար, այլ 3-ին: Սխալ հայտարարություն է գնացել կայքերով: Ես ոչինչ չեմ կարող ավելացնել իրավիճակի մասին»,- ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ աշխատակիցը:

«Հետքը» չկարողացավ կապվել ընկերության լրատվության բաժնի հետ, սակայն գնացքի անձնակազմն ուղեւորներին էր փոխանցել տնօրինության հեռախոսահամարը: Այդ հեռախոսահամարով մեզ պատասխանեց մի կին, ով չներկայացավ, միայն նշեց. «Այդ հարցերով զանգեք լրատվականին, ով այդ հայտարարությունը տարածել է, ես չեմ նման հայտարարություն տարածողը»:  

Հ. Գ. Քիչ առաջ «Հետքի» խմբագրություն զանգահարեց գնացքի անվտանգության ներկայացուցիչ Հայկ Սիրունյանը, ով նշեց, որ բողոքում է մեր հրապարակման դեմ. «Ես ոչ ոքի Չարենցավանում չեմ իջացրել, ես ասել եմ՝ ով տոմսերը չի վճարում, խնդրում եմ առաջիկա կայարանում իջնի: Ոչ մի վատ բան ուղեւորներն ինձնից չեն տեսել»,- ասաց Սիրունյանը: 

Տեսանյութը՝ Փառանձեմ Հովհաննիսյանի

Լուս.՝ a1plus.am-ից


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Քրիստինե14:13 - 2 օգոստոսի, 2014
Նախ 2 չէ այլ 3-ին է անվճար լինելու. http://www.ukzhd.am/news/press-centre/arm/press_arm813.html Բայց որ դեպի կղզի տոմսը 600 դրամ է, բայց տոմսը տալիս են 300 դրամի:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ