HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

No Woman, No Cry. Ձոներգ՝ Բոբ Մառլիից

«Ինչն է բաժանում Բոբ Մառլիին այլ մեծագույն երգահանների՞ց,- գրում է ամերիկացի երգիչ, երաժիշտ Ժան Վայքլեֆը,- նրանք չգիտեն, թե ինչի է նման անձրևի հոսքով լցված տունը, նրանք չեն էլ կարող պատկերացնել, թե ինչպես կարող են սնվել՝ առանց միկրոալիքային վառարանների կամ գազօջախների, փայտից կրակ վառել և ձուկ եփել հենց օվկիանոսի ափին: Մառլին եկել էր Յամայկայի աղքատ ու անարդար իրականությունից, և այս ամենով ներծծված էր նրա ապստամբ ձայնը: Նրա ոգեշնչման աղբյուրը մարդիկ էին: Բայց դժվար է նրան համեմատել այլ երաժիշտների հետ, որովհետև երաժշտությունը նրա էության միայն մի մասն էր: Նա  հումանիստ էր և միևնույն ժամանակ հեղափոխական: Մառլին Մովսեսի նման էր. երբ Մովսեսը խոսում էր, մարդիկ շարժվում էին, երբ Մառլին էր խոսում, մարդիկ դարձյալ շարժվում էին»:       

Յամայկացի այս լեգենդի մահվանից արդեն 33 տարի է անցել, բայց մինչ օրս նա խորհրդանիշ է: Ասում են՝ նրա ամենահայտնի երգերից մեկը՝ “No  woman no cry”-ը, սովից փրկել է հարյուրավոր յամայկացիների, և գիտե՞ք ինչպես. երգի վաճառքից հավաքված ողջ գումարով իր ընկերոջ՝ Վինսենթ Ֆորդի փոքրիկ ճաշարանում կերակրվում էին Թրենչթաունյան գետտոյի չքավոր բնակիչները: Երաժշտական մասնագետների մեծ մասը վստահ է, որ երգի հեղինակը Մառլին է, բայց հեղինակային իրավունքը նա հետագայում տվել է նույն ընկերոջը, որ առանց խնդիրների վերջինս կարողանա շարունակել բարեգործությունը: Մայրաքաղաք Քինգսթոնի այս առանձնացված թաղամասում էր մեծացել նաև Բոբ Մառլին, ուստի լավ գիտեր իր այս քայլի անհրաժեշտությունը: Թրենչթաունը հիշատակվում է երգում՝

«I remember when we used to sit.
In the government yard in Trenchtown».

Մառլին երգը գրեց իր համար դժվար մի շրջանում, երբ մայրը ծանր հիվանդ էր, և որպեսզի նրան ուժ և հավատ ներշնչեր, որոշեց ձոներգել մայրերի դերը, առհասարակ, կնոջ մեջ թաքնված ուժը, որով նա կյանքում դիմակայում է մեծ դժվարությունների: Մառլին երգը գրեց, որ ոգևորի իր հիվանդ մորը, սակայն այն դարձավ ողջ աշխարհում կանանց նվիրված ձոներգ, հիմն՝ խորհրդանշելով նրանց մեծությունը կյանքում: Այն կանանց, ովքեր երբեք չեն հանձնվում, թեպետ շատ դժվարությունների ու տառապանքների գնով են կարողանում պահպանել ընտանիքը: 

«NME» ամսագրին տված հարցազրույցում խմբի բասիստ Ասթոն Բարեթը, անդրադառնալով երգին, ասել է. «Կանայք ուժեղ են և, գիտե՞ք, կախված չեն տղամարդկանցից: Իհարկե, տղամարդիկ նրանց պետք է նեցուկ կանգնեն, բայց յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքում անպայման լավ կին կա կանգնած»:  

Bob Marley & The Wailers  խումբը  «No woman, no cry»-ն առաջին անգամ հանրությանը ներկայացրեց 1974թ., Natty Dread ստուդիական ալբոմով, սակայն առավել հայտնի և սիրված է երգի համերգային տարբերակը, որն ամփոփվեց 1975թ-ի «Live» ալբոմում, հետագայում՝ 1984 թ-ին, նաև “Legend” հիթային հավաքածուում:  Ռեգգի ոճում ստեղծված այս երգը խմբի կատարմամբ տարածվեց աշխարհում, դարձավ հայտնի ու սպասված տարբեր լսարաններում: Այն կատարել են տարբեր երգիչներ և երաժիշտներ:  Հայտնի է 60-ից ավել կատարում, այդ թվում՝ Նինա Սիմոնի, Ջո Դասենի, Boney M-ի և այլ աշխարհահռչակ արտիստների մատուցմամբ:

Երգի բնօրինակում “No woman, nuh cry” է, որտեղ «nuh»-ը  ժխտական ձև է՝ մի՛-no- don’t: Այդպես էր հնչում Բոբի հայրենիքում: Այն դարձավ Մառլիի ամենահաջող և հանրահայտ երգերից մեկն աշխարհում, շատերի կարծիքով՝ դա երգչի այցեքարտն էր, որով նրա անունը դուրս եկավ Յամայկայի սահմաններից դեպի «սպիտակների աշխարհ»:

Երգը գլխավոր հորիզոնականներ զբաղեցրեց բրիտանական, ամերիկյան, դանիական և մի շարք այլ երկրների հեղինակավոր հիթ-շքերթներում: Մառլիի մեծությունը միայն նրանում չէր, որ նա երաժշտության պատմության մեջ նոր ու գունավոր էջ բացեց՝ ռեգգի անվամբ, այլ այն, որ իր բերած աշխարհը՝ չափազանց զգացմունքային, իրական, ներծծված են իր հայրենիքի, առհասարակ մարդու խնդիրներով, որոնք ստեղծում է նույն մարդը: Մառլին իր երգերով դրանք բերում և կանգնեցնում է այս հարցերը չնկատող կամ դրանցից փախչող մարդկանց առջև. մի բան, որով մշտապես հաստատվեց ռեգգիի չափանիշը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter