HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրականությունը` փաստերով. ներկայացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ներկայացնում է ադրբեջանական կողմի կրած կորուստները.

«Ադրբեջանի պետական ու ոչ պետական քարոզչության որդեգրած մարտավարությանն ուշադիր հետևելու դեպքում առաջին հերթին այն տպավորությունն ես ստանում, որ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի նշված ոլորտի պատասխանատուները ոչ թե հակված են գոնե ինչ-որ չափով ներկայացնել առկա ռազմաքաղաքական զարգացումների իրական վիճակը, որքան` իրենց քիմքին հարիր, ցանկալին մատուցել իրականի փոխարեն: Դա հատկապես երևում է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտած աննախադեպ լարվածության ֆոնի վրա, երբ մի կողմից նախահարձակ հակառակորդը փորձում է իրեն ներկայացնել հայկական ագրեսիայի զոհ, իսկ մյուս կողմից ցույց տալ, թե ինչպիսի հակահարված ու կորուստներ է հասցնում Արցախի բանակին: Մինչդեռ իրողությունը լրիվությամբ հակառակն է և այն ունի հետևյալ պատկերը:

Ս.թ. հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցից յուրաքանչյուրում ստանալով արժանի հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ինչպես պաշտպանական, այնպես էլ կանխարգելիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները` ըստ օրերի և ուղղությունների հակառակորդին հասցրել են հետևյալ կորուստները`
- հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել.
- նույն օրը` Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության անհաջող փորձն ավարտվել է 1 զոհով ու վիրավորներով.
- հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ասկյարի.
- Պաշտպանության բանակի կողմից օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ասկերանի ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Իրենց ոտքով փախուստի են դիմել 19 ասկյարից միայն 3-ը.
-նույն ժամանակահատվածում /օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը/ Մարտակերտի ուղղությամբ հետախուզադիվերսիոն գործողություն ձեռնարկած հակառակորդի շուրջ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր.
- տակավին նույն օրը` Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ասկյար, 4-ին` վիրավորել.
- օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:
Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:
Սա է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին հինգ օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների իրական պատկերը, որին դեռևս կանդրադառնանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter