HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

25 մլն դրամ` մեկ օրվա աճուրդից. Զովքում տնամերձ հողամասերի հերթ է

Կոտայքի մարզի Զովք գյուղում հաստատվել է համայնքի բնակելի կառուցապատման հողատարածքների քարտեզը: Արդյունքում համայնքապետարանն այս տարի առաջին անգամ իրականացրեց 30 լոտ բնակելի կառուցապատման հողատարածքի աճուրդ-վաճառք:

«Ժողովուրդը երկար ժամանակ էր սպասում տնամերձերի բաժանմանը: Մի 16-18 տարի առաջ պետք է բաժանվեր, հազիվ եկավ պահը, որ կարողացանք էս ամեն ինչը անել, ուղղակի մեր նպատակն էն է, որ շուտ բաժանենք, գյուղում մեծ ընտանիքներ կան. երեք եղբայր ամուսնացած են, չեն կարողանում իրենց տունը կառուցեն, իրենց տնտեսությունն ունենան», - ասաց Զովքի համայնքապետ Նորիկ Գևորգյանը:

Տուն չունենալու պատճառով Զովքի բնակիչների մի մասը, համայնքապետի խոսքով, Երևանում բնակարաններ է վարձակալել: «Հիմա ինչ ամիսը, օրինակ, 80 հազար դրամ վարձ կտան, փոխարենը իրենց տան վրա գործ կանեն: Ինչքան իրենց տունը, տնտեսությունը ունենան, էնքան չեն ուզի դուրս գնալ գյուղից: Մեր նպատակը հենց այն է, որ ժողովրդին ապահովենք հողով, դուրս չգնան»,- ավելացրեց համայնքապետը:

Գյուղի բնակելի կառուցապատման հողատարածքների քարտեզագրումը երկար ժամանակ քննարկվել է տարածքային կառավարման նախարարությունում, սակայն չի հաստատվել, քանի որ ներառել է բնակելի կառուցապատման արդեն իսկ սեփականաշնորհված մի հողատարածք: Թե ում էր պատկանում այդ հողատարածքը կամ ինչպես էր ներառվել համայնքային հողերի նախագծում, համայնքապետը չհստակեցրեց:  Միայն ասաց, որ վերջապես նախարարությունն այդ տարածքը հանել է նախագծից, իսկ մնացած հողերը թույլատրել է դնել աճուրդի:

Զովքում բնակվում է 1080 մարդ, 317 տնտեսություն եւ բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Գյուղում չսեփականաշնորված գյուղնշանակության հողատարածք չկա, և համայնքապետի խոսքով` դրանք բոլորը մշակվում են: Գյուղում գործում է «Չանախ» կաթնամթերքի գործարանը, գյուղացիներն իրենց ունեցած կաթը հիմնականում հանձնում են այս գործարանին: Բնակիչների մի մասն աշխատում է Երևանում:

«Մարդիկ գալիս խնդրում են, որ տնամերձ հողի կարիք ունեն, անունները նախօրոք ես ունեմ, հաշվարկ ենք անում` քանի հոգի կան, արդեն մենք պատկերացում ունենում ենք, հենց հայտարարությունը տալիս ենք, գալիս, հայտերը գրում են, ակուրատնի բացատրում ենք կարգը, օրենքը»,- ասում է Նորիկ Գևորգյանը: Նրա ձեռքին համայնքի` հողի պահաջարկ ունեցող բնակիչների երկար ցուցակն էր:

Չնայած բնակելի կառուցապատման հողերի նման պահանջարկին` աճուրդի մասնակիցները գրեթե չեն մրցակցել միմյանց հետ: Լոտերը հիմնականում 1000 քմ մակերեսով հողատարածքներ են, որոնց մեկնարկային գինը, ավագանու որոշմամբ, սահմանվել է կադաստրային արժեքի 150% չափով` 792 հազար դրամ: Տնամերձ հողատարածքներից յուրաքանչյուրի համար, բացառությամբ մեկ լոտի, սակարկել է երկու հոգի:

Թե ինչպես է նման պատկեր ստացվել, Նորիկ Գևորգյանը բացառում է համայնքապետարանի միջամտությունը: «Մենք օրենքի համաձայն` հայտարարություն ենք տվել «Հայաստանի Հրանապետություն» թերթում ու azdarar.am կայքում, նաև գյուղապետարանում փակցնում ենք հայտարարությունը և հողերի սխեման»,- ասաց համայնքապետը` ավելացնելով, որ իրենք նախապես չգիտեն, թե ով է լինելու հաղթողը:

Աճուրդի դրված լոտերը սակարկվել են հիմնականում 4 քայլով, քայլը` 20 հազար դրամ: Լոտերից մի քանիսի համար մրցակցած մասնակիցները, ըստ պետռեգիստրի, ունեն բարեկամական կապեր. այս դեպքում սակարկությունը կարող էր ավարտվել նաև, օրինակ, երկու քայլով և չհասնել 4-ի: Սակայն այստեղ համայնքապետը ևս բացառում է որևէ միջամտություն` նշելով, որ քայլ անելու պարտադրանք չի եղել:

«Մարդիկ, եթե կարողանում են անել, անում են, ժողովուրդը հնարավորություն ունի, հետո երկար ժամանակ են սպասել, մարդիկ էդ գումարը կուտակած ունեն, ի վերջո էդ գումարը չի գնալու ուրիշ տեղ, գյուղում շատ ծախսեր ունենք անելու»,- հավաստիացնում է Նորիկ Գևորգյանը:

Աճուրդի դրված բոլոր լոտերն օտարվել են, և եթե հաղթած մասնակիցները կատարեն վճարումները, համայնքային բյուջե կմուտքագրվի 25 մլն  226 հազար 832 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter