HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս կիսել ջուրը. Արեգնադեմում հարցը չի կարգավորվում արդեն 10-ը տարի

Մարիամ Խալաթյան

Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի 13-րդ թաղամասի բնակիչների միջեւ արդեն տասը տարի է, ինչ կռիվը չի հանդարտվում: Այս թաղամասը գյուղի ջրամատակարարումից չի օգտվում, բնակիչներն իրենք են սարից ջուր բերել ու բաշխել միմյանց միջեւ: Սակայն ջուրն հասանելի է սարին ավելի մոտ գտնվող տներին, մյուսներին ջուրը չի հասնում: Հարեւաններն էլ իրար չեն զիջում՝ նախընտրելով ամենօրյա կռիվները: Երբ փորձում են ուժեղացնել ջրի հոսքը, որ բոլորին էլ հասանելի լինի, այդ ժամանակ էլ փտած խողովակներից ջուրը լցվում է փողոցները:

«Ոչ մեկը ձեռք չի մեկնում, բայց բոլորը ջուր են ուզում. մեր փոխարեն ո՞վ պետք է անի, կարո՞ղ է ոստիկանությունը կամ «ԿԳԲ»-ն գան մեզ համար խողովակ վերանորոգեն»,- ասում է Արեգնադեմի բնակչուհի Նազիկ Բադալյանը: Համայնքապետ Աղունիկ Հազրյանն առաջարկել է համայնքի 50% համաֆինանսավորումով, համատեղ ուժերով փոխել ջրագծերը, բայց բնակիչները չեն համաձայնում, թեպետ համարվում են իրենց ուժերով ստեղծած ջրամատակարարման համակարգի «սեփականատերեր»:

Աղունիկ Հազրյան

«Վթարը կա, ջուրը կա, բայց իրենք չեն ուզում վերանորոգել խողովակները, որովհետեւ Պողոսին կամ Պետրոսին անջուր թողնելն ավելի հեշտ է, քան խողովակ նորոգելը: Ջրի հարցը շատ հեշտ լուծվող է, բայց մարդիկ չեն ուզում դրա համար մի կոպեկ ավել վճարել»,- բացատրում է Արեգնադեմի համայնքապետը: Նա անգամ որոշել է` հարեւանների համաձայնության չգալու դեպքում` կդիմի մարզպետին այդ հատվածը եւս ջրմուղին տրամադրելու համար, որպեսզի բոլորը ջուրն օգտագործեն ջրաչափերով: «Իրենք ձրի ջուր են օգտագործում, բայց ջուրը համայնքինն է, անկախ նրանից, թե ովքեր են խողովակներով հասցրել տները»,- ասում է Աղունիկ Հազրյանը:

Արեգնադեմի ջրամատակարարման համակարգը 1996թ.-ից շահագործում է «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն ՝ բացառությամբ 13-րդ թաղամասի: Համայնքապետն ասում է, որ նշված թաղամասը երկար ժամանակ զրկված է եղել խմելու ջրից, բնակիչները գյուղի դիմացի սարի աղբյուրներից սեփական ուժերով են հասցրել գյուղ՝ վճարելով խողովակների համար: Միայն մեկ խնդիր կա՝ ավազանը, որն իրենց միջոցներով կառուցել են գյուղացիները, բաց է: Արեգնադեմի բնակչության 70%-ի ջրամատակարարումն ապահովվում է Աշոցքից եկող ջրատարի միջոցով: 2012թ. KFW ծրագրով գյուղում պետք է 1800 մ նոր ջրագիծ անցկացվեր, սակայն ծրագիրն այդպես էլ մնաց թղթի վրա: «Շիրակ ջրմուղ-կոյուղին» միայն քլորացման կայան կառուցեց գյուղում, իսկ ջրագծի կառուցման աշխատանքներն հետաձգվեցին երեք տարով:

Ամեն դեպքում, համայնքապետի համոզմամբ, ջուրն այն խնդիրը չէ, որի համար պետք է այդպիսի աղմուկ բարձրացնել, քչից-շատից այն կա: 480 բնակիչ ունեցող Արեգնադեմն ավելի մեծ խնդիրներ ունի. գյուղամիջյան ճանապարհներն, ինչպես եւ շինությունների զգալի մասն անբարեկարգ են, գյուղը գազիֆիկացված չէ, տիպային դպրոց, մանկապարտեզ չունեն, ջուրը սակավ է:  

Դպրոցը Չկառուցված դպոցի հիմքը

Արեգնադեմի առաջնային խնդիրը դպրոցի շենքի կառուցումն է, հիմա համայնքի դպրոցը գործում է երեք բնակելի տներում: Համայնքի ղեկավար Աղունիկ Հազրյանն ասում է, որ տարբեր ժամանակներում, տարբեր ծրագրերով այդ հարցը մտցվել է պետական բյուջե, բայց նույն հաջողությամբ էլ դուրս է մնացել ֆինանսավորումից մեկ` ինչ-որ մեկի քմահաճույքի, մեկ` ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով:

Որոշ ժամանակ առաջ պայմանավորվածություն է եղել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության եւ կառավարության միջեւ, որ նոր դպրոցի հիմքերը կկառուցի առաջին կողմը, կշարունակի` պետությունը: Սակայն, ինչպես համայնքապետն է ասում՝ այստեղ էլ են հուսախաբ արել, ու հիմա համայնքապետարանի հարեւանությամբ տեսանելի են միայն նոր դպրոցի հիմքի վեր խոյացած ամրանները: «Վերջերս այս հարցով հանդիպեցի Շիրակի մարզպետ պրն Ցոլակյանին, եւ նա խոստացավ հնարավորից ավելին անել: Մենք էլ հույսով սպասում ենք», - նշեց Ա. Հազրյանը:

Արեգնադեմի դպրոցը 63 աշակերտ ունի: Համայնքապետի ասելով՝ այս թիվն այլեւս նվազման միտում չունի, քանի որ երիտասարդ ընտանիքները շատացել են, միայն այս տարի 4 երեխա է առաջին դասարան հաճախելու:

Համայնքը նաեւ մանկապարտեզ չունի, Աղունիկ Հազրյանն ասում է, որ վաղուց ժամանակն է մտածել դրա մասին: Միայն անցած տարի այս փոքր գյուղում 11 երեխա է ծնվել, այս տարի էլ շատ ծնունդներ են սպասվում: Համայնքապետը նախակրթարանի հարցում արտերկրի օգնությանն է սպասում: Նրա փոխանցմամբ` Բրազիլիայի հայկական համայնքը մոտ 30 հազար դոլարի դրամահավաք է կազմակերպելու Արեգնադեմին աջակցելու համար:

Կաթի մթերման կետը

Արեգնադեմը նաեւ հասարակական տրանսպորտ չունի եւ բնակիչներն օգտվում են Գյումրի-Ամասիա-Գյումրի երթուղուց: Թե' միջհամայնքային, թե' ներհամայնքային ճանապարհները քարուքանդ են: Արեգնադեմի բյուջեն մոտ 10 մլն դրամ է, ինչը թույլ չի տալիս բարեկարգել ճանապարհները, ուստի կատարվում են հարթեցումներ, որն էլ անձրեւների պատճառով նորից ավերվում է:

Արեգնադեմի ղեկավարն ամբողջ զրույցի ընթացքում միայն մի դրական բան մատնացույց արեց. գյուղում կառուցվում է կաթի մթերման կետ, որտեղ պատրաստվող կաթնամթերքը՝ հիմնականում պանիր, արտահանվելու է: Այս պահին շենքը նորոգվում է:

Մեկնաբանություններ (1)

Սուրեն Պետրոսյան
Արդեն գյուղի ցուցանակն էլ չի հանդուրժում. անգլերենով կարդացեք - ԱՊԵ ԳՆԱ ԴԵՄ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter