HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քանդե՞լ, թե՞ օրինականացնել Գառնիի արգելոցի «այլանդակությունը»

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը Գառնիի համայնքապետի հաստատմանն է ներկայացրել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող անօգտագործելի շինությունն օրինականացնող նախագիծ: Վարչությունն այդ անօրինական կառույցն անվանել է «հնագիտական հանգրվան բնակելի տուն»:

 «ՀՀ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով պետք է տրամադրվի ԳԱԱ «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին»,- մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է Պետգույքի կառավարման վարչությունը:

 «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ավետիսյանը մեզ հայտնեց, որ այդպիսի պահանջ չի ներկայացրել Պետգույքի կառավարման վարչությանը: Պ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ մեկ տարի առաջ` 2013թ. սկզբներին, մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Վլադիմիր Պողոսյանը  խնդրել է այդ սենյակը հանձնել ՊՈԱԿ-ին: Վ. Պողոսյանը խոստացել է անհրաժեշտություն դեպքում այն օգտագործման տրամադրել հնագետներին: Հնագիտության ինստիտուտի տնօրենը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հետ համաձայնեցնելով, շինությունը փոխանցել է մշակույթի նախարարության հիշյալ ՊՈԱԿ-ին:

«Խորհրդային շրջանում այն փոխանցվել է ինստիտուտի հաշվեկշռին, սակայն այն ժամանակ էլ շենքը, որպես շինություն, փաստաթղթերով գոյություն չի ունեցել: Այն ապօրինի կառույց է եղել, ինստիտուտի հաշվեկշռում շենք էր նստած, որը ոչ մի կոպեկի արժեք չի ունեցել, օրինական կառույց չի եղել, նախագիծ եւ փաստաթուղթ չի ունեցել: Դա ինձ պետք չէր, եւ ես ուզում էի ազատվել այդ կառույցից: Գառնիի արգելոցի տարածքում ապօրինի կառույց չպետք է լինի, այդ այլանդակությունից ազատվել է պետք»,- ասաց Պ. Ավետիսյանը:

Շինությունը կառուցվել է անցյալ դարի 70-ական թվականներին, այն ժամանակ, երբ վերականգնվում էր Գառնիի տաճարը, եւ հնագետները տարածքում պեղումներ էին կատարում: Հնագետների խմբի ղեկավար Ժորես Խաչատրյանն ամիսներ առաջ մեզ հայտնել էր, որ այդ սենյակը կառուցել էին իրենց գործիքները եւ աշխատանքային հագուստներն այնտեղ պահելու համար: Կիսախարխուլ վիճակում գտնվող սենյակը զբոսաշրջիկների աչքից «թաքցնելու» համար դիմացը խաղողի վազ ու թթենի էին տնկել:

Պեղումներն ավարտելուց հետո նախատեսվում էր քանդել այն: Պեղումներն անցյալ դարում են ավարտվել, սակայն շինությունը չի քանդվել, իսկ մի քանի տասնամյակ հետո Պետգույքի կառավարման վարչությունն այն օրինականացնելու գործընթաց է նախաձեռնել:

Հետաքրքիր է, թե գույքի վարչությունն ինչո՞ւ է ցանկանում այսքան տարի հետո օրինականացնել մի կիսախարխուլ շինություն, որն ի սկզբանե կառուցվել է ժամանակավոր խնդիր լուծելու համար, սակայն թյուրիմացաբար պահպանվել է մինչեւ մեր օրերը: Կառավարության 346-Ն որոշումը, որին հղում է կատարել Պետգույքի կառավարման վարչությունը իր քայլը հիմնավորելու համար, կայացվել է 2006թ.-ի մարտի 21-ին: Որոշման 2-րդ կետով վարչությանը հանձնարարվել է ա) եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների (տարածքների) հանձնման-ընդունման աշխատանքները: Այս շինությունը, եթե այդ ցանկում ընդգրկված լիներ` վարչությունը վաղուց այդ հարցը պետք է լուծած լիներ եւ ոչ թե դրան անդրադառնար միայն 8 տարի հետո: 


Այդ կառույցի մասին, պարզվում է, վարչությանը հիշեցրել է ոչ թե «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, այլ` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը: Հիշեցնենք, որ արգելոցի տարածքում սրճարան կառուցելու ծրագրի ձախողումից հետո էլ նա պարբերաբար հայտարարել է, որ այդ հարցը դեռեւս ավարտված չէ: Այս անգամ նա թաքնվել է «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի» թիկունքում եւ Պետգույքի վարչության աջակցությունն ստանալով փորձում է հաստատվել արգելոցի տարածքում: 

Հիշեցնենք, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն զբաղեցնում է 3,5 հա տարածություն (պահպանական գոտու հետ միասին` 5,1 հա) եւ ներառում պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ` Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների եւ հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) եւ կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը եւ այլն: 

Արգելոցը մինչ օրս կադաստրային վկայական չունի եւ ՊՈԱԿ-ի տնօրենն այն առայժմ չի կարեւորում: Մի քանի տարի է, ինչ մամուլն ահազանգում է, որ «Գառնի» պատմա-մշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող բաղնիքի խճանկարը վնասված է, ձյան հալոցքները վտանգում են եզակի խճանկարը, սակայն հիշյալ կառույցների պահպանությունն ստանձնած ՊՈԱԿ-ը դեռեւս այն ոչնչացումից փրկելու քայլեր չի ձեռնարկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter