ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Օլիմպիական գործող չեմպիոն Հայաստանին միավորից զրկեց Սերգեյ Մովսեսյանը



Նորվեգական Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատի 41-րդ օլիմպիադայում արդեն կայացել է 3 տուր: Տղամարդկանց մրցաշարում, որտեղ գործող չեմպիոնի կարգավիճակով հանդես է գալիս Հայաստանի ընտրանին, 11 թիմ ցույց է տվել 100-տոկոսանոց արդյունք: Արշակ Պետրոսյանի ղեկավարած հնգյակը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Տիգրան Քոթանջյան) առայժմ 39-րդն է: Եվ դա այն պատճառով, որ առաջին տուրում 4-0 հաշվով հաղթելով ճապոնացիներին, ապա 3-1 առավելության հասնելով Ավստրալիայի հանդեպ՝ մեր թիմը երեկ 1,5-2,5 հաշվով պարտվեց Ֆրանսիայի հավաքականին: Ոչ-ոքի ավարտվեցին Արոնյան-Վաշիե-Լագրավ, Բաքրո-Սարգսյան, Էդուար-Հակոբյան պարտիաները: Սպիտակներով հանդես եկող Մովսեսյանը պարտվեց Ֆրեսինեին: Մովսեսյանն, ընդհանրապես, վերջին թիմային առաջնություններում մեր ընտրանու ամենաթույլ օղակն է:

Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի Կոստա Ռիկայի ընտրանու հետ: Տեղի կունենան Գոնսալես-Արոնյան, Սարգսյան-Ռոմերո, Պինեդա-Մովսեսյան, Հակոբյան-Մուրիլյո պարտիաները:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը շախտամային օլիմպիադաների եռակի չեմպիոն է: Մեր թիմը հաղթել է 2006, 2008, 2012 թթ.: Եթե չհաշվենք ՍՍՀՄ-ի թիմի ցույց տված արդյունքները, որը երկար տարիներ չուներ իր հավասարը (18 անգամ դարձել է առաջինը), ապա մեր թիմը զիջում է միայն Ռուսաստանի (6-3-1), ԱՄՆ-ի (5-5-9) եւ Հունգարիայի (3-6-2) ընտրանիներին: Բացի 3 ոսկուց Հայաստանի հավաքականը նվաճել է նաեւ 3 բրոնզ (1992, 2002, 2004):

Ներկա առաջնությունում 177 թիմերի մեջ Հայաստանի հավաքականն իր թիմային վարկանիշով (2704) 4-րդն է եւ զիջում է Ռուսաստանի (2773), Ուկրաինայի (2722), Ֆրանսիայի (2719) ընտրանիներին:  

Օլիմպիադայի կանանց մրցաշարում, որն անցկացվում է 26-րդ անգամ հաջող են խաղում մեր կանայք: Արթուր Չիբուխչյանի կոլեկտիվը (Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Սարգսյան) նախ 4-0 հաշվով հաղթեց Գվատեմալային, ապա նույն հաշվով՝ Բանգլադեշին, իսկ երեկ 3-1 հաշվով առավելության հասավ Վիետնամի նկատմամբ: Սպիտակներով խաղացող Դանիելյանն ու Գալոյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Մկրտչյանն ու Կուրսովան հաղթեցին: Մեր թիմը, որը վարկանիշով (2382) 10-րդն է, այս պահին ընթանում է 3-րդ տեղում: 

Այսօր կկայանա Ինդոնեզիա-Հայաստան մրցավեճը. Սուկանդար-Դանիելյան, Մկրտչյան-Աուլիա, Սիհիտե-Գալոյան, Կուրսովա-Սիտրա: 

Հիշեցնենք, որ օլիմպիադաներում մեր կանայք դեռեւս մրցանակակիր չեն դարձել: 

Լուս.՝ armchess.am


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ