HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շամուտի գյուղապետն իր խղճի ձեռքից «կրակն է ընկել»

Էմմա Պետրոսյան

Լոռու մարզի 352 բնակիչ ունեցող Շամուտի գյուղապետը պատմում է, որ չի կարողանում իր մարդկային հատկանիշները մի կողմ դնել և գյուղացիներից հարկ հավաքել, քանի որ իր աչքով է տեսնում համագյուղացիների տանջանքն ու օրվա ապրուստը ստեղծելու անսպառ ջանքերը:

«Գյուղապետը պտի շատ խաթրով չըլի, պետք ա մի քիչ խիստ ըլի: Էդ առաջինը: Հետո էլ դե չունեն էլի, գյուղացիք էլ չունեն: Հմի, ասենք, որ գնացինք բգները չոքեցինք, կամ դատի տվինք` ի՞նչն ա փոխվելու: Եթե մարդը 3 կով ունի, դատի տվիր, եկան մինն էլ խլեցին, տարան, կարո՞ղ ա դրանով ինչ-որ բարելավվի նրա ապրելակերպը: Բայց դե մենակ էդ չի էլի, էս տեսակ մարդիկ էլ կան, որ իրանց տարվա հարկը, խոսքի ասենք, ընդամենը 10000 դրամ ա, բայց էլի դժվարանում են տան, 12 ամսվա ընթացքում չեն կարում 10000 դրամ հարկ մուծեն: Այսինքն` դա ոչ թե արդեն չեն կարում, այլ չեն ուզում, դա չկարենալ չի, դա արդեն մի քիչ ցանկության բան ա»,- ասում է գյուղապետ Բաղիշ Վանյանը:

Հարկերի հավաքագրումը Շամուտում իրականացվում է մոտ 85 տոկոսով, այնինչ միայն 100 տոկոսի դեպքում գյուղապետը կարող է կառավարության աջակցությամբ որևէ ծրագիր իրականացնել գյուղի համար: «Բոլորին էլ հատ-հատ ասում ենք, որ ձեր հարկից ա, եթե իմ տոկոսը բարձր ըլի, ձեր ուզած ծրագիրը կըլի: Նայած` ծրագիրն ինչ ծրագիր ա, մարդիկ անում են: Խոսքի ասենք` մեզ հասնում ա մի փոքր ներդրում կատարենք համայնքի կողմից, մնացածը իրանք են անում, օրինակ` մարզպետարանը, կառավարությունը և այլն, ընդառաջում են: Հմի ես եթե ուզենամ արարողությունների սրահ սարքեմ, մի 10-13 տոկոս համայնքը պետք է ներդրում կատարի, մնացածը մարդիկ անում են, դժգոհելու բան չկա: Իրանք մեզ պարզ ասում են, որ սենց-սենց ա, մենք էլ բնակչին ենք ասում, բայց էլի սայլը տեղից չի շարժվում»,- ասում է գյուղապետը:

Շամուտի տարեկան բյուջեն կազմում է մոտ 6մլն դրամ, եւ այս տարի դեպի հանդամասեր տանող ճանապարհներն են փոքրիշատե բարեկարգվել, այնինչ գյուղում անելիքներ շատ կան: Ամեն տարի գյուղի ներսում ճանապարհների տարբեր հատվածներում փոքրիկ բարեկարգումներ են իրականացվում, սակայն ջրահեռացման համակարգ գյուղում չկա, ու   կատարված աշխատանքը շատ արագ փչանում է:

«Ինչքան հնարավորություններս ներում է, էդքան էլ աշխատանքներ ենք կատարում գյուղի մեջ, բայց դե ջրահեռացում չկա, հիմնական պայմաններ չունենք, որպեսզի էդ արած աշխատանքը մի քիչ երկար պահպանվի: Բանից դուրս ա գալիս, որ ամեն տարի էդ նույն աշխատանքը կատարում ենք ու ամեն տարի անձրևները գալիս, քշում-տանում են»,- ասում է գյուղապետ Վանյանը:

Իսկ հարցին, թե ինչու ջրահեռացման համակարգ ստեղծելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում, պատասխանեց, թե դժվար է: «Դժվար ա էլի, մեկի բաղչի մոտով ա գնում, պետք ա քանդես, գյուղամիջյան էդ մոմենտները մի քիչ դժվար ա: Էս է հիմնական հարցը: Ինչ-որ մի խոշոր երևացող բան որ անենք գյուղում, դա հնարավոր չի, չենք կարող>>,- ասում է Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter