Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Հատուկ քննչականն աչք է փակել քննիչի եւ բռնաբարության մեջ կասկածվողի միմյանց հակասող ցուցմունքների վրա»,- փաստաբան



Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում տեղի ունեցավ բռնաբարության գործով տուժող Հասմիկի՝ (անունը փոխված է) ընդդեմ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշման վերաբերյալ դատական նիստը: Հիշեցնենք, որ Հասմիկը դիմել էր ՀՔԾ՝ բռնաբարության գործի նախաքննության ընթացքում քննիչների միակողմանի մոտեցման վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար: Հատուկ քննչականը մերժել է Հասմիկի պահանջը, վերջինս դիմել է դատարան:

Հիշեցնենք նաեւ, որ 2012 թ.-ի մայիսի 14-ին տուժող Հասմիկը հաղորդում է տվել այն մասին, որ նույն թվականի մայիսի 9-ին ճնշումների է ենթարկվել եւ բռնաբարվել է 32-ամյա Արմենի (անունը փոխված է) կողմից: Կատարվել է նախաքննություն, գործը կարճվել է: Ըստ տուժողի՝ գործը քննող քննիչները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերել եւ ճնշումներ գործադրել իր նկատմամբ: Հասմիկը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որն էլ վերացրել է գործը կարճելու մասին որոշումը եւ պահանջել վերաբացել այն։ Վերաքննիչ դատարանը վերացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշումը, իսկ Վճռաբեկը՝ տուժողի բողոքը հետ է վերադարձրել: 

«Qnac es?», «Du tesar?? Sax uxel em u texadrel, nayel es». բռնաբարության մեջ կասկածվողի ու քննիչի sms հաղորդագրությունները միմյանց
Վերաքննիչ դատարանը հակասում է ինքն իրեն՝ բռնաբարության գործով կայացրած որոշման մեջ

Ընդդեմ ՀՔԾ-ի որոշման դատական նիստին (դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ) ներկա էին բողոքաբեր Հասմիկը եւ նրա ներկայացուցիչներ Նոնա Գալստյանը եւ Ավագ Լալայանը: Որպես պատասխանող կողմ՝ դատարան էին ներկայացել ՀՔԾ հատուկ կարեւորության գործերով քննիչ Արշալույս Մինասյանը, ով մերժել է Հասմիկի բողոքը եւ Գլխավոր դատախազության դատախազ Արթուր Երիցյանը:

Հասմիկի փաստաբան Ավագ Լալայանը դատարանին հայտնեց, որ ՀՔԾ կարեւորագույն գործերով քննիչ Ա. Մինասյանի կողմից անտեսվել է գործը քննող քննիչ Ա. Կավեյանի եւ բռնաբարության մեջ կասկածվող Արմենի (անունը փոխված է) միջեւ մտերիմ հարաբերությունների մասին վկայող sms հաղորդագրությունները: Քննիչ Մինասյանը պատասխանեց, որ sms հաղորդագրությունների վերաբերյալ իրենք անցկացրել են համապատասխան ստուգումներ եւ իր կողմից չի նկատվել որեւէ հանցագործություն՝ քննիչի եւ կասկածվողի հաղորդագրությունների մեջ. «Միգուցե դա էթիկական խախտում համարվի, բայց իրավական խախտում այդ հաղորդագրությունների մեջ ես չեմ տեսնում»,- նշեց Մինասյանը:

Հասմիկի ներկայացուցիչ Ավագ Լալայանը պնդեց, որ Արմենը ծառայություններ է մատուցել քննիչ Ա. Կավեյանին նոր՝ «Ֆոլցվագեն Տուառեգ» մակնիշի մեքենա ձեռք բերելու հարցում, քանի որ քննիչը sms հաղորդագրության միջոցով այդ մեքենայի նույնականացման համարն է ուղարկել Արմենին: Լալայանը հարցադրում կատարեց վարույթն իրականացնող մարմին. «Քննիչի աշխատավարձը 135 հազար դրամից 200 հազար դրամի կարող է հասնել առավելագույնը, իսկ այդ մեքենայի արժեքը 8 մլն. դրամից ավելի է: Բռնաբարության գործում ներգրավված Արմենը քննիչին այդ մեքենան գնելու ծառայություն է մատուցել: Ինչո՞ւ վարույթն իրականացնող մարմինը չի փորձել պարզել, թե այդ մեքենան քննիչն ինչ միջոցներով է ձեռք բերել: Միգուցե կոռուպցիոն ռիսկեր կան»,- հարցրեց փաստաբանը:

Քննիչ Արմեն Կավեյանը
Լուսանկարը նրա ֆեյսբուքյան էջից 

Բողոքաբեր Հասմիկի ներկայացուցիչ Ավագ Լալայանը շարունակեց՝ նշելով, որ քննիչ Ա. Կավեյանի եւ Արմենի ցուցմունքներում առկա են մի շարք հակասություններ, որոնց վրա աչք է փակել ՀՔԾ-ն: Օրինակ՝ քննիչ Կավեյանը իր ցուցմունքում նշել է, որ «ես ստաժոր չունեմ», բայց նախաքննության ժամանակ տուժողի ցուցմունք տալու պահին ներկա է գտնվել եւս մեկ անձ, ում քննիչը ներկայացրել է որպես իր «ստաժոր», ով պետք է անպայման ներկա գտնվի հարցաքննությանը: Այդ «ստաժոր» կոչվածը փորձել է նաեւ հոգեբանական ճնշումներ գործադրել Հասմիկի եւ նրա եղբոր վրա:Այս հարցադրմանը պատասխանեց դատախազ Արթուր Երիցյանը՝ ասելով, որ մեքենան ապառիկ է ձեռք բերվել՝ գրավի դիմաց: Ինչին Ավագ Լալայանը հակադարձեց, թե որտեղից այդ մասին գիտի դատախազը. չէ՞ որ գործի նյութերում նման տեղեկատվություն չկա: Արթուր Երիցյանը պատասխանեց, որ այդ մասին քննիչ Կավեյանը հայտնել է իր բացատրությունում:

Լալայանը նշեց նաեւ, որ քննիչ Ա. Կավեյանը երկու հեռախոսահամար ունի, եւ վարույթն իրականացնող մարմինը փորձաքննության է ենթարկել միայն մեկը: Փաստաբանի կարծիքով պետք է փորձաքննության ենթարկվեին նաեւ գործը քննող մյուս քննիչների հեռախոսահամարները՝ պարզելու, թե արդյոք Կավեյանը նրանց վրա ազդեցություն չի ունեցել:

ՀՔԾ քննիչ Արշալույս Մինասյանը հակադարձեց, որ մյուս քննիչների անձնական օգտագործման հեռախոսահամարները փորձաքննության ենթարկելը կարող էր իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Քանի որ բռնաբարության հոդվածով գործը կարճվել է, հետեւաբար չկա դատարանի որոշում, եւ իրենք չէին կարող փորձաքննության ենթարկել գործը քննող բոլոր քննիչների հեռախոսահամարները:

Հասմիկի փաստաբանները եզրահանգեցին, որ քննիչ Կավեյանը գրծը քննելիս անձնական շահագրգռություն է ունեցել եւ գործը քննել է միակողմանի, իսկ ՀՔԾ-ն որոշում է կայացրել՝ հիմնվելով միայն քննիչի բերած փաստերի վրա:

Դատը հետաձգվեց՝ կողմերի ներկայացրած փաստերն ուսումնասիրելու նպատակով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 10:30-ին: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Բռնաբարություն» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ