HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի շենքի կառուցումը նորից հետաձգվել է

Դեռևս 2009թ. հունիսի 26-ին ՀՀ կառավարության՝ Կապանում կայացած արտագնա նիստը ընդունեց որոշում` «Գորիս» քրեակատարողական հիմնարկը Գորիս քաղաքից տեղափոխելու մասին: Նոր կառույցի շինությունների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներն իրականացրեցին   արդարադատության և քաղաքաշինության նախարարությունները,  և արդեն 2010թ. հունվարի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Գորիս» ՔԿՀ-ի նոր շենք-շինությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման տեխնիկական առաջարկը: Գորիսից 8 կմ դեպի Խնձորեսկ ընկած հատվածում  ՔԿՀ-ի կառուցման համար հատկացվեց 10.5 հա ընդհանուր տարածքը, որը նախատեսում է 320 կալանավորի և դատապարտյալի համար. հիմնարկի կացարանային հանգույցը պետք է բաղկացած լինի 150-170 ազատազրկված անձանց համար նախատեսված առանձնացված բլոկներից, որոնցից յուրաքանչյուրը պետք է պարունակի 1-2 մենախուց և 4 տեղանոց խցեր: Յուրաքանչյուր  անձին պետք է բաժին ընկնի առնվազն 5 քառակուսի մետր տարածք:

Միջազգային չափանիշներին համապատասխանող քրեակատարողական նոր հիմնարկ նախատեսվում էր հետագայում կառուցել նաև Արմավիրում: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմում է 2 միլիարդ 873 միլիոն դրամ, որից 1 միլիարդը փոխանցվել է «Գորիս» ՔԿՀ-ի կառուցման համար, սակայն շինարարությունն այսօր էլ դեռևս չի  մեկնարկել, իսկ փոխանցված գումարը, «Գորիս» ՔԿՀ-ի պետ  գնդապետ Արտուշ Մաքունցի տեղեկությամբ, ուղղվել է Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կառուցմանը:

«Գորիսում կառույցը հետաձգվել է, քանի որ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է»,-«Հետքին» ասաց օրերս Սյունիքում գտնվող արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց նաև, որ թե ընթացիկ և թե հաջորդ տարի «Գորիս» ՔԿՀ-ի կառույցի մեկնարկման  համար պլաններ չկան և անկախ այն հանգամանքից, որ 2012թ. օգոստոսի 11-ի երկրաշարժի հետեւանքով ՔԿՀ-ի գործող շենքի մեծ մասը դարձել է 4-րդ աստիճանի վթարային, այնուամենայնիվ, դեռևս միջոցներ չկան:

Ներկայումս  «Գորիս» ՔԿ  հիմնարկում  նախկին  170-ի փոխարեն գտնվում է 74 դատապարտյալ և, ըստ Արտուշ Մաքունցի, ստիպված են վթարային վիճակում գտնվող հիմնարկի բեռնվածությունն իջեցնել` մինչև ՔԿՀ-ի նոր շենքի կառուցումը: 

Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբերին  ՀՀ կառավարությունը  որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն ամրացված Սյունիքի մարզի Խնձորեսկի համայնքի տարածքում գտնվող 10.63 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի շենքային նոր համալիրի կառուցման համար: Այդ որոշման արդյունքում սեփականաշնորհված հողերի դիմաց փոխհատուցում է տրվել Խնձորեսկ համայնքի 4 բնակչի: Այսօր այդ տարածքը, սակայն, շարունակում է որպես գյուղատնտեսական  նշանակություն ունեցող հողատարածք, մշակվել տարբեր անձանց կողմից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter