HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանված դիվերսանտները, վիրտուալ Ադրբեջանն ու գեներալ Աքպերովի հերթական սուտը

Սուրեն Սարումյան

ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի սադրած միջադեպերի հետեւանքով շուրջ 30 ադրբեջանցի զինվորների մահը կարծես թե դարձել է այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ցնցակաթվածի պատճառ: Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ տարածք դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելիս ՊԲ դիրքապահների կողմից ոչնչացվեցին գրեթե մեկ տասնյակ ադրբեջանցի հատուկջոկատայիններ, Ադրբեջանի ղեկավարության ծայրահեղ շփոթմունքի մասին հուշում էր այդ երկրի ռազմաքաղաքական վերնախավի տարօրինակ լռությունը: Ակներեւ էր, որ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումներին նախօրեին ԼՂՀ ՊԲ թիկունք անցնելու հրաման տված ադրբեջանական ղեկավարության բոլոր հաշվարկները ձախողվել էին. ԼՂՀ տարածք անցնելու եւ դիվերսիոն-հետախուզական հաջող գործողությունների փոխարեն ադրբեջանցի դիվերսանտները ստիպված եղան խուճապահար նահանջել՝ մարտադաշտից մի կերպ հանելով սպանվածների մարմիններն ու թողնելով գրեթե ողջ սպառազինությունն ու հանդերձանքը: Սակայն, չնայած պաշտոնական Բաքվի քար լռությանը, իրականությունը կոծկելն անհնար էր. ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից հանրությանը գուժեցին ընտիր ասկյարների ոչնչացման լուրը:

Պաշտոնական առաջին արձագանքը եղավ միայն հաջորդ օրը երեկոյան, երբ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, գլխիվայր շրջելով փաստերը, հաղորդեց, որ ՊԲ հետախուզական ստորաբաժանումների դիվերսիոն-հետախուզական գործողությունը կասեցնելիս զոհվել է 5 ադրբեջանցի զինծառայող: Սուտն այնքան աչք ծակող էր, որ հարուցեց անգամ ադրբեջանական փորձագիտական հանրության տարակուսանքը:

«Ես չեմ հավատում մեր պաշտպանության նախարարությանը,- լրատվամիջոցներին ասել էր ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը,- բոլորը գիտեն, որ հարձակվող կողմը միշտ ավելի շատ զոհեր է ունենում: Կարծում եմ, որ անհրաժեշտ է լուրջ հետաքնննություն՝ պաշտպանության նախարարության ընդգրկմամբ»:

Որոշ ժամանակ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակասելով ինքն իրեն, հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորները զոհվել են եռօրյա համառ մարտերի ընթացքում: Այդ պահից սկսած ադրբեջանական բանակի գործողությունները սկսեցին ընթանալ երկու զուգահեռ իրականություններում: Իրականություններից առաջինում կարելի է համոզված պնդել, որ ադրբեջանական բանակը ստացել էր դեռեւ ս հուլիսի 28-ին դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինակիցների դիմաց ամեն գնով վրեժխնդիր լինելու առաջադրանք:

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կենտրոնական ենթակայության հատուկ նշանակության բրիգադներից մեկի դիվերսիոն-հետախուզական խումբը փորձեց Մարտակերտի հատվածում ներթափանցել ՊԲ ստորաբաժանումների թիկունք: Հայտնվելով մեր դիրքապահների ծուղակում՝ խումբը տվեց 6 զոհ եւ 7 վիրավոր ու ստիպված եղավ ճողոպրել՝ մարտադաշտում թողնելով մեծաքանակ հանդերձանք եւ սպառազինություն:

Նույն օրը Ասկերանի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած հատուկ կանխարգելիչ գործողության շնորհիվ շարքից դուրս են եկել հակառակորդի 16 զինծառայող՝ 9 սպանված, 7 վիրավոր:

Հակառակորդը նշանակալի կորուստներ է ունեցել նաեւ ղարաբաղաադրբեջանական սահմանների մյուս ուղղություններում:

Մյուս՝ վիրտուալ իրականության մեջ փաստերը պարզապես նենգափոխվել են: Դիվերսիոն-հետախուզական գործողությունների ձախողված փորձերի հետեւանքով ունեցած երեք տասնյակ ասկյարների մահերը սեփական հանրության աչքերում արդարացնելոււ համար հակառակորդը ձեռնարկել է տեղեկատվական-հոգեբանական հատուկ գործողություններ՝ փորձելով ադրբեջանական ժողովրդին համոզել, որ 1994 թ. հրադադարի հաստատումից ի վեր աննախադեպ կորուստներն ադրբեջանական բանակն ունեցել է հայկական ստորաբաժանումների դեմ մղված թեժ մարտերի ընթացքում: Այդ նպատակով պաշտոնական Բաքվի կողմից վերահսկվող լրատվամիջոցները սկսել են ռազմահայրենասիրական քարոզարշավ: Ադրբեջանական լրատվամիջոցների վերնագրերը հիշեցնում են պատերազմական ամփոփագրեր, ընդ որում, զգացվում է, որ, ջանադրաբար կատարելով «վերեւ ների» հրահանգը, ադրբեջանցի հեղինակներն առանձնապես չեն մտահոգվում անգամ իրենց քարոզչական արտադրանքի արժանահավատության մասին:

«Haqqin.az» կայքն, օրինակ, գրում է զենիթահրթիռային համալիրներով Հայաստանի տարածքին հասցվող հարվածների մասին՝ անտեսելով այն փաստը, որ զենիթային համալիրները նախատեսված են բացառապես օդային թիրախներ խոցելու համար եւ վերգետնյա նշանակետերի դեմ կիրառվել չեն կարող:

«Aze.az» կայքն իր էջում տեղադրել էր Ադրբեջանի կենտրոնական շրջաններից իբրեւ թե ղարաբաղյան սահման փոխադրվող տանկային շարասյուների լուսանկարները: Սակայն տեղեկատվական անվտանգության հայ մասնագետներն արագորեն բացահայտեցին, որ իրականում տեղադրվել են 2013 թ. Ռուսաստանից ձեռք բերված տանկերի առաքման ընթացքում նկարահանված լուսանկարներ:

Վիրտուալ իրականության ստեղծման գործին հընթացս լծվել են նաեւ Ադրբեջանի ազգային հերոսները: ԱՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերովը զոհված զինծառայող Իսա Ալմազովի հարազատներին շքանշան հանձնելու ժամանակ ասել է.

«Մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 71 հայ զինվորական, իսկ 80-ը վիրավոր են»:

Ում-ում, բայց գեներալ-լեյտենանտի կոչումով բարձրաստիճան զինվորականին իրականությունը, անկասկած, հայտնի է: Բայց փաստերն իրեն անհրաժեշտ ձեւ ով ներկայացնելու հատկությունը Աքպերովն ամենայն հավանականությամբ ձեռք է բերել դեռեւս Արցախյան պատերազմի տարիներին, երբ նա ադրբեջանական բանակի 777-րդ գումարտակում վաշտի, հետագայում՝ նույն գումարտակի հրամանատարն էր: Աքպերովի «սխրանքներն» իսկապես զարմանահրաշ են: Իր իսկ վկայությամբ Շուշիի մարտը նա «բաց է թողել», որովհետեւ … քնած է եղել հրամանատարական «ՈւԱԶ»-ում: Պատերազմի տարիներից է նաեւ Աքպերովի՝ վերադասին ներկայացրած այս չափազանց ուշագրավ զեկուցագիրը:

«Հայկական ստորաբաժանումները, որոնց կազմում կային սեւամորթ վարձկաններ եւ անգլերեն ու արաբերեն խոսող օտարերկրացիներ, հարձակում են գործել մեր դիրքերի վրա: Համառ մարտերի ընթացքում ոչնչացրել ենք հակառակորդի կենդանի ուժի 70 տոկոսը, սակայն ստիպված ենք եղել նահանջել»:

Գլխովին «ոչնչացված» հակառակորդից նահանջելու սովոր Աքպերովը կարծես թե անբացատրելի հակում ունի 70 թվի նկատմամբ: Ավելի քան քսան տարի հետո մարտական գործողությունները նկարագրելիս նա կրկին օգտագործում է թիվը, երկու դեպքում էլ բացահայտորեն ստելով. առաջին դեպքում՝ վերադասին, մյուս դեպքում՝ իր զոհված զինվորի հարազատներին:

Միայն այս երկու փաստը թերեւ ս բավական են ադրբեջանցի գեներալին բնութագրելու համար: Սակայն Աքպերովի կենսագրության մեջ կան հետաքրքրական այլ էջեր եւս:

Աքպերովի հաջող ռազմական կարիերան եւ ծառայողական երկարակեցությունը բացատրվում է ոչ թե նրա մասնագիտական ունակություններով, այլ Ալիեւների ընտանիքին մատուցած արժեքավոր ծառայությամբ:

1995 թ. մարտին հենց Աքպիրովի հրամանատարությամբ գործող 777-րդ գումարտակն է մասնակցել ահաբեկիչ Ռովշան Ջավադովի ղեկավարած ոստիկանության հատուկ ջոկատի՝ տխրահռչակ ՕՄՕՆ-ի ապստամբության ճնշմանը: Այդ անձնական ծառայության համար Ռ. Աքպերովին ներվել է անգամ ծանր քրեական հանցագործությունը՝ սպանությունը: Արդեն գեներալ եւ ազգային հերոս դարձած Աքպերովը Կիեւի ռազմական ակադեմիայում ուսանելու տարիներին ռեստորանային հարբած վեճի ժամանակ դաշունահարել եւ սպանել է ադրբեջանցի բիզնեսմեն Էլչին Ալիեւին: Ուկրաինական արդարադատության պատժից խուսափել օգնել է նախագահ Հեյդար Ալիեւի միջնորդությունը: Աքպերովի մարդկային եւ մասնագիտական հատկանիշների նկարագրության տեսանկյունից բնութագրական է նաեւ հետեւյալ փաստը. նշանակվելով ԱՀ ԶՈւ 3-րդ ԲԿ հրամանատար՝ Աքպերովը որոշակի քայլեր է ձեռնարկում կորպուսի աղետալի ցածր կարգապահությունը բարելավելու եւ ԱՀ ԶՈւ ամենից արյունոտ միավորման համբավից ձերբազատվելու համար: Որոշ ժամանակ անց, տեսնելով իր ջանքերի անարդյունավետ լինելը, գեներալ-լեյտենանտի կոչումով Ադրբեջանի ազգային հերոսը իրեն նվիրում է հարբեցողության եւ վատահամբավ հաստատություններում օրնիբուն զվարճություններ որոնելուն:

Իրական Ադրբեջանում նախահարձակ ադրբեջանցի դիվերսանտները տասնյակներով ոչնչացվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Վիրտուալ Ադրբեջանում ԶԼՄ-ներն ու գեներալները զեկուցում են հայկական կողմի ծանր կորուստների մասին: Սակայն Ղարաբաղի լեռներից ադրբեջանական բնակավայրեր ուղարկվող տասնյակ զինվորական դագաղները միանգամայն իրական են, շոշափելի: Իրական է նաեւ ոչնչացված ասկյարների հարազատների վիշտն ու ցասումը՝ ուղղված իրենց արկածախնդիր իշխանություններին: Հերթական անգամ սեփական հանրության դժգոհությունը ադրբեջանական իշխանությունը փորձում է չեզոքացնել արտաքին վտանգի շահարկմամբ՝ ամեն գնով ստեղծելով լայնածավալ մարտական գործողությունների պատրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter