Հ. Աբրահամյան.«30 սահմանամերձ բնակավայրերում գործարարությամբ զբաղվողները կազատվեն բոլոր տեսակի հարկերից»
Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր գտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նապատասխանել է նաեւ «Հետքի» հարցերին:
-Ի՞նչ գնահատական կտաք Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:
-Մենք տեղում ծանոթացել ենք Ղարաբաղում ստեղծված լարվածությանը: Կարևորը, որ դիրքերից սկսած`բոլորը տրամադրված են մարտական: Կրակոցները միշտ եղել են, այդ ակտիվությունը ես կապում եմ նաև Սոչիում օգոստոսի 8-9-ի կայանալիք երկու նախագահների և Ռուսաստանի նախագահի հանդիպման հետ: Ինչևիցե, սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան,որ իրենք այսօր Արցախի և Հայաստանի բանակներին ձեռնոց նետելու հնարավորություն չունեն: Եթե թվերը համադրում ենք, մենք ունենք 6 կորուստ, իրենք ունեն 8 անգամ ավելի: Իհարկե, յուրաքանչյուր զինվորի կորուստ ժողովրդի և տվյալ ընտանիքի համար ծանր կորուստ է: Այս առումով մեր ցանկությունն է, որ այդ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Ստեղծված իրավիճակում, որպեսզի մեր բնակիչները չլքեն սահմանամերձ գյուղերը և աշխատանք ունենան, մենք հիմա օրենքի նախագիծ ենք պատրաստում, որը սեպտեմբերին կներկայացնենք ԱԺ: Ըստ օրենքի նախագծի 30 սահմանամերձ բնակավայրերում գործարարությամբ զբաղվողները կազատվեն բոլոր տեսակի հարկերից: Դա մեծ կորուստ է մեր բյուջեի եկամուտների մասով, բայց մենք գնալու ենք այդ քայլին:
-Դուք օրեր առաջ ոչ կոռեկտ գնահատական եք տվել Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին խոսելիս: Չեք կարծում, որ Լևոն Հայրապետյանին աջակցելը ՀՀ կառավարության համար պետք է դառնա ազգային արժանապատվության խնդիր:
-Ինձ լրագրողը հարցրեց. «Դուք ինչ կապ ունեք Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ»: Իրոք, ես ինչ կապ ունեմ»: Իմ պատասխանը ոչ թե Լևոնին էր վերաբերվում, այլ լրագրողին: Եվս մեկ անգամ ասեմ, մենք Լևոն Հայրապետյանի բարեգործությունները շատ բարձր ենք գնահատում: Նա միշտ օգնել է Արցախի զարգացման բոլոր ծրագրերին, միշտ եղել է Արցախի կողքին: Մենք փորձելու ենք մեր լիազորությունների շրջանակներում որպես մեր բարերար և հայ ազգի ներկայացուցիչ օգնել Լևոն Հայրապետյանին: Դա մեր պարտականությունն է:
-Չեք կարծում, որ Կառավարությունը պետք է լուրջ հսկողություն սահմանի երկրի պետբյուջեի և համայնքային բյուջեի ծախսերի նկատմամբ:
- Ես, այո, ձեզ հետ համաձայն եմ: Այն չինովնիկները, ովքեր կփորձեն պետբյուջեի եկամուտները ծախսել անարդյունավետ, մեզ հետ ճանապարհ չունեն անցելու: Դա մեզ համար լինելու է կարևոր խնդիր, երկրի համար այս պայմաններում մենք իրավունք չունենք շռայլության գնալ: Ամենակարևորը` մենք պետք է աշխատենք թափանցիկ և արդար: Այդ հարցով ես շատ հետևողական եմ լինելու:
-Լոռու մարզը արտագաղթի ամենաբարձր ցուցանիշներն է ապահովում: Ինչ է ձեռնարկելու կառավարությունը արտագաղթը կանխելու համար:
-Մենք պետք է մեր եղած սահմանափակ ռեսուրսները օգտագործենք արդյունավետ և ստեղծենք աշխատատեղեր, որպեսզի մեր ժողովուրդը չլքի Հայաստանը: Ես երկու չարիք եմ գնահատում` արտագաղթը և աղքատությունը: Դրա դեմ մենք պայքարելու ենք:
-Ինչ է սպասվում «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» ընկերությանը: Ընկերությունը չի կարողանում լուծել իր բնապահպանական խնդիրները: Սպառման շեմին են այժմ շահագործվող հանքավայրի պաշարները եւ ընկերության նոր սեփականատերը պատրաստվում է պղնձի հանք շահագործել սողանքային Կաճաճկուտ գյուղում:
- Ինչ վերաբերում է Ձեր բարձրաձայնած հարցերին, յուրաքանչյուր հանքարդյունաբերություն պետք է աշխատի օրենքի շրջանակում, ինչքան էլ բյուջեին փող վճարի, ինչքան էլ աշխատատեղ ունենա, մեզ համար ամենակարևորը նաև մեր բնակչության առողջությունն է և բնապահպանական խնդիրները: Հիմա ես բնապահպանության նախարարությանը և պատկան բոլոր մարմիններին կհանձնարարեմ, որ անպայման այդ հարցերի շուրջ փորձեն քննարկում կազմակերպել և հասկանալ այդ ծրագրերը երբ է իրականցվելու: Իհարկե , ուրախ ենք, որ իրենք իրացման խնդիր չունեն, ուրախ ենք , որ ձեռնարկությունում 700-ից ավելի մարդ է աշխատում: Կա հնարավորություն այստեղ ևս 200 աշխատատեղ ավելացնելու: Ամփոփեմ խոսքս, կարևորում ենք այս գործարանի աշխատանքը, կարևորում ենք, որ օրենքի շրջանակներում աշխատի և ես որպես կառավարության ղեկավար աջակցելու եմ, որպեսզի հանքարդյունաբերությունը զարգանա:
-Ինչ հանգուցալուծում է ստանալու «Վանաձոր –Քիմպրոմում» ստեղծված իրավիճակը:
-Այս ընկերության, ինչպես նաև «Նաիրիտի» աշխատողները շատ ծանր կացության մեջ են: Ես իրենց չեմ մեղադրում: Մտահոգվում եմ իրենց բարձրացված խնդիրներով: Իրոք մարդիկ աշխատել են և աշխատավարձ չեն ստացել: Լավ է, որ այստեղ 350 մլն դրամ է պարտք, ոչ թե 15 մլն դոլար, ոնց որ «Նաիրիտն» է, բայց ես պայմանավորվածություն ունեմ, որ մինչև օգոստոսի 10-ը մեկ ամսվա աշխատավարձ վճարվի: Պետք է փորձենք մտածել նաև վերագործարկվելու մասին: Իհարկե, սեփականատերերը խոսում են, որ իրենք ծրագրեր են անում, ես տեղյակ եմ այդ ծրագրերից, եթե դա իրականանա ,շատ լավ կլինի: Մենք կաջակցենք, որպեսզի իրականանա:
Մեկնաբանել