HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան. «Հիմնական խնդիրը ոչ թե Ղարաբաղն է, այլ երկու երկրներում իշխանափոխության հարցը»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը

-Պարոն Դանիելյան, այս օրերին հասարակությունը փորձում է հասկանալ, թե ղարաբաղաադրբեջանական սահմանագծին տիրող իրավիճակն ի՞նչ քաղաքական դրդապատճառներ ունի: Ենթադրություններ կան, որ դա պայմանավորված է Եվրասիական միությանը՝ Ադրբեջանի անդամակցության հարցով: Ինչո՞վ եք պայմանավորում իրավիճակի սրվելը:

-Դժվար է միանշանակորեն ասել, թե ինչն է պատճառը: Ինձ համար ավելի հավանական է թվում մեկ այլ տարբերակը, որի մասին ոչ հայկական, ոչ ադրբեջանական, ոչ ռուսական մամուլում չի խոսվում:

Եկեք մի փոքր ավելի խորը դիտարկենք իրավիճակը: Մոտ քսան տարվա հարաբերական խաղաղությունն, իմ կարծիքով, պայմանավորված էր ռեգիոնում ազդեցություն ունեցող ուժերի միջև որոշակի բալանսով և նրանց միջև ակտիվ մրցակցության բացակայությամբ: Դրանով էր պայմանավորված նաև ներքաղաքական որոշակի կայունությունը: Ադրբեջանում իշխանության մնաց Ալիևի կլանը, իսկ Հայաստանում իշխանությունը փոփոխվում էր ընտրությունների միջոցով, և այստեղ կարևոր չէ, թե ինչ որակի ընտրություններ էին տեղի ունենում: Բոլոր արտաքին ուժերը նպաստում էին նման ընտրություններին, որովհետև կար մտավախություն, որ «անկանխատեսելի» իշխանափոխությամբ կարող է խախտվել կայացած բալանսը: Եվ Հայաստանի, և Ադրբեջանի իշխանություններն իրենց հերթին նույնպես ցանկանում էին բալանսավորված հարաբերություններ ունենալ Արևմուտքի և Ռուսաստանի հետ: Իրանն էլ իր հերթին խորը պաշտպանության մեջ էր գտնվում: Պատահական չի, որ Մինսկի խմբի գործունեությունը շատերը գնահատում էին որպես Ղարաբաղի հարցի սառեցման գործիք: Սառեցված էր նաև այդ երկրներում հնարավոր իշխանափոխությունների հավանականությունը:

Հիմա իրավիճակը փոխվել է: Արևմուտքը և Ռուսաստանը կոշտ հակամարտության մեջ են ներքաշվել: Իրանը իր հերթին ակտիվացրել է իր արտաքին քաղաքականությունը: Այդ պայմաններում արդեն Մինսկի խմբի գործունեությունը կարող է ճիշտ հակառակ դերակատարությունն ունենալ՝ ոչ թե հակամարտության սառեցման գործիք լինել, այլ հակամարտության ապակայունացման մեխանիզմ դառնալ: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները ուղղակիորեն հայտարարում են, որ ստատուս-քվոն այլևս չի կարող շարունակվել:

Այստեղ պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ այդ ստատուս-քվոն վերաբերում է ոչ միայն հակամարտությանը, այլև առաջին հերթին հենց գործող իշխանությունների գոյությանը: Իմ կարծիքով, այ հենց այստեղ է թաղված շան գլուխը: Պատահական չէ, որ Ադրբեջանում սկսվել են իրավապաշտպանների ձերբակալությունները, որոնց ուղղակիորեն անվանում են Արևմուտքի լրտեսներ և «գունավոր հեղափոխություններ» կազմակերպողներ: Ուշագրավ է, որ ձերբակալվել ու ցմահ ազատազրկման են դատապարտվել Իրանի երկու «լրտեսները» նույնպես, սակայն ռուսական «լրտեսներին» չեն ձերբակալում: Կարծում եմ, որ Ալիևը առաջին հերթին խորը մտահոգված է իշխանության պահպանման հարցով: Իշխանության պահպանման ստատուս-քվոն արդեն չի գործում: Ալիևին անհրաժեշտ է Ռուսաստանի պաշտպանությունը:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու ապակայունացավ իրավիճակը սահմաններում:

Ովքեր հետևում են դեպքերի ընթացքին, գիտեն, որ նախատեսվում է Ալիևի և Սարգսյանի միջև հանդիպում Փարիզում, որը սակայն ամերիկացիները ցանկանում են տեղափոխել Նյու Յորք: Ենթադրվում է, որ շատ կոնկրետ և կոշտ պահանջներ են դրվելու Ղարաբաղի հարցի վերաբերյալ, որը կարող է ենթադրել արևմտյան խաղաղապահ զորքերը տեղակայում: Իմիջիայլոց, Աֆղանստանի ամերիկյան զորքերի մի մասը հայրենիք է վերադառնալու Ադրբեջանով: Հնարավոր է, ճանապարհին մտափոխ լինեն և մնան Ադրբեջանում: Հնարավոր է, որ Ղարաբաղում տեղի ունեցող ապակայունացումը հենց դրանով է պայմանավորված: Պետք էր ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա Ալիև-Սարգսյան հանդիպումը «շտապ» տեղափոխել Սոչի, և դա լիներ հիմնավորված: Կրկնում եմ, որ հիմնական խնդիրը ոչ թե Ղարաբաղն է, այլ երկու երկրներում իշխանափոխության հարցը: Իրավիճակի փոփոխությունը ենթադրում է, որ արդեն ժամանակն է, որ լխկած իշխանություններն իրենց տեղը զիջեն ավելի գործունյա իշխանություններին:

-Օգոստոսի 8-ին Սոչիում սպասվող ՀՀ և Ադրբեջանի երկրների նախագահների հանդիպումն ի՞նչ կարող է տալ երկու կողմերին:

-Այս երկրորդ հարցը առաջին հարցից ավելի դժվար հարց է: Օրերս Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ Ժիրինովսկին հայտարարեց, որ պատերազմի և խաղաղության հարցը լուծվում է Ռուսաստանի նախագահի աշխատասենյակում: Սա է Արևմուտքին ուղղված գլխավոր մեսիջը, մյուս միջնորդները, ըստ Ժիրինովսկու, պետք է դա ընդունեն: Ինչ լծակներ ունի Արևմուտքը Ադրբեջանի և Հայաստանի վրա ազդելու, դա արդեն քննարկման խնդիր է:

Իմ կարծիքով` հիմնական թիրախը Ադրբեջանն է: Չի բացառվում, որ մոտ ժամանակներն այնտեղ ակտիվանան իսլամիստները: Հնարավոր են ցույցեր, որոնց կաջակցեն Արևմուտքի հետ գործարար կապեր ունեցող պետպաշտոնյաները և գործարարները: Երկար ժամանակ Ադրբեջանում տարվող քարոզչության արդյունքով մեծացել են սերունդներ և միանգամից արտաքին քաղաքականության կուրսը փոխելը շատ վտանգավոր է: Չի բացառվում, որ իշխանության ներսում կարող են լինել զգալի փոփոխություններ, հատկապես ուժային կառույցներում, հնարավոր են նաև ձերբակալություններ: Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները նույնպես կարող են զգալիորեն սառել: Հայաստանի հետ լուրջ ընդհարումները այս պահին Ադրբեջանի համար կարող են վտանգավոր լինել: Երկար տարիներ Ադրբեջանում ազգայնականության և հակահայկականության քարոզը Ալիևի համար հիմա կարող է դառնալ մեծ փորձության պատճառ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter