HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Առաջնագիծ. հակառակորդի բոլոր գործողությունները ձախողվել են

Դեպի դիրքեր տանող ճանապարհին շտաբի պետը պատմում է այն, ինչ տեղի է ունեցել իր զորամասի հսկողության տակ գտնվող դիրքերում: Դիրքերն Աղդամ քաղաքի ուղղությամբ են: Հակառակորդը հուլիսի 28-ից ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկայնքով մի քանի օր է, տարբեր հատվածներով փորձում է դիվերսիոն գործողություններ իրականացնել: Սահմանի ողջ երկայնքով սպասում են թշնամուն: Ադրբեջանական զինուժը ներխուժման մի քանի փորձեր է կատարել տարբեր ուղղություններով: Հավանաբար նրանց հրամանատարությունը ենթադրել է, թե  տարբեր ուղղություններով կատարած փորձերից գոնե մեկը կհաջողի, և մի քանի տասնյակի հասնող զոհերի համար «արդարացում» կունենա:

Առայժմ դժվար է կռահել, թե ինչ նպատակ էր ուզում իրականացնել հակառակորդն այդքան զոհեր տալու դիմաց:  

Հաշվի առնելով այս ընթացքում թշնամուց առգրավված զենքերն ու հանդերձանքը` կարելի է ասել, որ հակառակորդը սահման էր բերել «լավագույններին»՝ հատուկ ջոկատայիններին: Կանխարգելիչ գործողություններին մասնակցած հետախույզներից մեկն ասում է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերի առաջ դրած խնդիրներից մեկը գերիներ տանելն էր: Նա դա բացատրում է նրանով, որ վնասազերծած դիվերսանտների մոտ կային ձեռնաշղթաներ, պատգարակներով էին: Նա համոզված է, որ բոլոր այդ խմբերի առաջնային նպատակը գերի տանելն էր:

Ինչի՞ համար են ուզում գերիներ: Միակ տրամաբանական ենթադրությունը փոխանակումն է: Ադրբեջանական զինուժի ակտիվացումը սկսվել է Քարվաճառի տարածքում դիվերսիոն խմբի  բացահայտումից և վնասազերծումից հետո: Հիշեցնենք, որ խմբի երեք անդամներից մեկը սպանվել է, մյուս երկուսը գերեվարվել են: Ադրբերջանցիները դրանից հետո սկսեցին մեկը մյուսի հետևից իրականացնել դիվերսիոն գործողություններ:   

Քարվաճառ ներթափանցած դիվերսանտները

Միանշանակ է, որ այս խումբը կարևոր հանձնարարություն էր կատարում: Առայժմ իրավապահ մարմինները մանրամասներ չեն հրապարակել, նրանց մեղադրանք է ներկայացված, և քննությունը դեռ շարունակվում է:  Ի՞նչ են պարզել իրավապահները դիվերսանտների  հարցաքննություններից հետո, ի՞նչ կար նրանցից  առգրավված իրերի, մասնավորապես` տեսախցիկում առկա նկարահանումների մեջ: Ի՞նչ արդյունք են տվել այդ սարքավորումների փորձաքննությունները: Այս ամենը առայժմ նախաքննական գաղտնիք է:  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության(ԼՂՀ) իրավապահ մարմնի «Հետքի» աղբյուրի վկայությամբ՝ մասնագետները  կարողացել են վերականգնել այդ տեսախցիկով նախկինում կատարված և ջնջված  նկարահանումները: Եվ դրանով բացահայտվել է դիվերսանտներից մեկի` Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակից լինելու փաստը:

Սահմանին հուլիսի 28-ին սկսած դիվերսիաների շարքի և Քարվաճառում ձերբակալված ու սպանված դիվերսանտների առնչության մասին խոսում են նաև բանակի սպաները: Նրանք կարծում են, որ Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել` նրանց հետ ստանալու համար: Պաշտպանության բանակի բարձրաստիճան մի սպա ասում է՝ ոչ մի պարագայում նրանց հետ չպետք է տալ, նրանք մարդասպաններ են, և պետք է պատժվեն ԼՂՀ-ի օրենսդրությամբ:

Ներկայացրու այն, ինչ տեսնում ես

Ադրբեջանն այսօր զբաղված է ապատեղեկատվություն տարածելով՝ նշելով, թե հայերը մեծ թվով կորուստներ ունեն: «Սա նրանց միակ զենքն է. ապատեղեկատվությամբ փորձել թաքցնել իրենց զոհերի իրական թիվը: Բայց զոհերը չես կարող թաքցնել, ի վերջո զոհվածների ծնողներին պիտի ասեն, չէ, իրենց երեխաների մասին»,- ասում է ԼՂՀ պաշտպանության նախարարը: 

Երբ պաշտպանության նախարարի հետ խոսում ենք  դիրքերի վիճակի մասին,  ասում է. «Գնա խոսիր զինվորների, սպաների հետ, ոչինչ պետք չի ավելացնել, նկարագրիր այն, ինչ կտեսնես: Այդպես էլ ներկայացրու զինվորին»:

Հանդիպեցի  զորամասերից մեկի շտաբի պետի հետ: Նրա մոտ չորս սպա էր նստած: Նա տեղեկացված էր իմ այցի մասին, բայց դեռ չգիտեր՝ ինչ եմ ուզում: Իսկ ես ուզում էի զրուցել կանխարգելիչ  գործողության մասնակցած և դիվերսիան հետ մղած զինվորների և սպաների հետ:  Շտաբի պետը զարմացավ. «Բայց դրա մասին չենք կարող պատմել»: Ես ասացի նախարարի թույլտվության մասին: Պայամանավորվեցինք հաջորդ օրը  հետխույզների հետ հանդիպել դիրքերում:  

 «Հին գվարդիան» անխոս իր գործն է անում

Ես ղարաբաղա-ադրբեջանական ողջ սահմանին այդ օրը տեսա կռվող տղերքին: Արդեն սպիտակամազ, արդեն ճաղատ, արդեն հաստափոր: Նրանք առանց կոչի, առանց հրահանգի եկել-կանգնել են զինվորների կողքին ու առաջնագիծը միասին են պահում: Տղերքը խմբվել էին զորամասի մուտքի մոտ, շատերը վաղուց իրար չէին տեսել: Աղդամի դիրքեր գնացող ավտոբուս մտավ 72  տարեկան մի ծերունի, հենակներով ազատամարտիկին մի կերպ հանեցին ավտոբուսից... Այսքան թեթև ժպիտ, այսքան անտարբեր թեթևություն` նրանց դեմքերին, մտածում եմ՝ մահը նրանց չի էլ նկատի: Ես չգիտեմ՝ ինչ կլինի այս գիշեր, բայց նրանք վերադարձել են. «հին գվարդիան» վերադարձել է մարտադաշտ: 

«Եղնիկներում» հանդիպում եմ կճողուտցի ազատամարտիկներին: Ասում են՝ գիշերը ադրբեջանցիները փորձեր արել են առաջխաղացման: «Բայց դե մենք գիտենք՝ նրանց ոնց քշել»,-ծիծաղելով ասում է 52-ամյա Մհեր Պետրոսյանը:

«Եղնիկներ» տանող ճանապարհը նորից դժվարանցանելի է, ու հետդարձի ճանապարհին նորից հիշում եմ ամիսներ առաջ զինվորական համազգեստով դիրքերում նկարահանվող պաշտոնյաներին, անգլախոս տղերքին, որ փարթիներով ուզում են երկրի կառավարմանը մասնակցել, դրսերում կրթություն ստացածներին, որ վառոդի հոտից խրտնում են ու զուգահեռ խոսում բարձր արժեքներից:  Վաղը հանդիպելու եմ հետախույզներին:

3-ը օգոստոսի, 2014թ.



Մեկնաբանություններ (4)

Hovik Piranyan
Ընդհանրացումը տգիտության նշան է հեղինակ։ Այդ ո՞ր օրվանից է «դրսում» սովորելը դարձել ամոթաբեր։ Արդյոք Հայաստանից դուրս ուսումնառած չեն մեր արդի և անցյալից եկած հերոսներ Մոնթեն, Կոմանդոսը կամ Նժդեհը։ Իսկ վառոդի հոտից վախենալը կապ չունի կրթության հետ։ Վերափոխի'ր անպատշաճ և պառակտիչ հոդվածտ անհեռանես։
ominac22
Երբեք մի արհամարհէր անձ մը որ բարձր արժէքներու մասին կը խօսի, ըլլայ այդ անձը զօրաւոր կամ տկար, ճիշդ կամ սխալական, անկեղծ կամ ցուցադրական,այնքան որ ժամանակը գտաւ որ այդ արժեգներու մասին բարձրաձայն խօսի, նախ իր շրջապատին վրայ կամրացնէ այդ միտքը եւ երկրորդ, անգիտակցօրէն իր անձին վրայ ճնշում կը բանեցնէ որ այդ ճամբան քալէ․ Յուսամ Աստուած մեզ այն օրը չի ձգեր որ ինքզինքը Հայ կոչողը վառօդի հոտէն համ առնէ․
Արև
Կրթություն ստանալը մեր ազգային լավագույն հատկանիշներից մեկն է, երբեք այն չնսեմացնեք: Մենք զգում ենք ուսյալների պակասը ու այդ պատճառով են մեզ իշխում թերուսները...
Karen
Անհամբեր սպասում ենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter