HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալիեւը հոխորտում է, որ Հայաստանից հետ է ստանալու իր դիվերսանտներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես հաղորդել է haqqin.az-ը, երեկ եղել է Աղդամի շրջանում, որտեղ հանդիպել է տեղի բնակիչներին ու առաջնագծում ծառայողներին: Ալիեւը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն փորձելու է հայրենիք վերադարձնել Քարվաճառում հայկական ուժերի կողմից ձերբակալված Շահբազ Գուլիեւին, Դիլհամ Ասկերովին եւ սպանված Հասան Հասանովի դիակը: Հիշեցնենք, որ այս խմբին է վերագրվում 17-ամյա քարվաճառցի տղայի առեւանգումն ու սպանությունը, հայ սպայի սպանությունը, ինչպես նաեւ վերջինիս հետ գտնված կնոջ վիրավորվելը: Դիվերսանտների հանդեպ հարուցված է քրգործ, նրանք համարվում են ոչ թե ռազմագերիներ, այլ հանցագործներ, սակայն Ալիեւը հիշեցրել է մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան ու նշել, որ նման կերպ փորձելու են լուծել նաեւ այս հարցը:

«Ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ կասեմ. Ադրբեջանն իր սպային վերադարձրել է հայրենիք: Եվ վերջ: Ով ինչ ուզում է, թող ասի: Ինձ դա չի մտահոգում: Մենք դա արեցինք: Եվ ճիշտ արեցինք: Կփորձենք, որ այս հարցն էլ լուծվի: Մեկ անգամ չէ, որ ասել եմ. աշխարհի ադրբեջանցիները գիտեն, որ իրենց թիկունքին ուժեղ ադրբեջանական պետություն է կանգնած: Պետություն, որն իր քաղաքացուն չի թողնի դժվար դրության մեջ»,- ցինիկաբար հայտարարել է Ալիեւը:

Հետաքրքիր է, թե եթե Հունգարիայի հետ ստվերային բանակցությունների արդյունքում Բաքուն կարողացավ հետ ստանալ իր մարդասպանին, ապա ինչ պիտի անի հակառակորդ երկրից երկու հանցագործների ու մեկի դիակը ստանալու համար: Դրա համար Բաքվին, թերեւս, փոխանակման պայման պետք է ստեղծել: Պատահական չէ, որ այս օրերի դիվերսիաների շարքը ԼՂՀ-ում կապում են հենց հանցագործ դիվերսանտներին հետ ստանալու հետ: Ալիեւը փաստորեն բացահայտ հայտարարում է, թե ինչ նպատակ է հետապնդում հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ագրեսիան: Վաղը Սոչիում կայանալու է ՌԴ, ՀՀ եւ ԱՀ նախագահների հանդիպումը, ինչը Ալիեւի համար առիթ է՝ «ռազմագերիների» հարցը բարձրացնելու համար: 

Վերադառնալով սահմանամերձ գոտի կատարած այցելությանը՝ նշենք, որ Ալիեւին ուղեկցել է պաշտպանության նորաթուխ եւ, կարելի է ասել, արդեն տապալված նախարար Զաքիր Հասանովը, որը զեկուցել է շփման գծում իրավիճակի մասին: Ալիեւը պարգեւատրել է մի շարք զինծառայողների ու զինվորական հրամանատարության հետ անցկացրած օպերատիվ խորհրդակցության ընթացքում տվել համապատասխան ցուցումներ:

Քմծիծաղ է առաջացնում Ալիեւի այցելած դիրքի կամ հրամանատար կետի կահավորանքը, որտեղ նույնիսկ խրամատները, ինչպես երեւում է կադրերում, հատուկ հանդերձանքով են պատված՝ ըստ էության, հայ դիպուկահարներից պետության գլխին պաշտպանելու համար: Բայց էլ ավելի ծիծաղելի է այն շքեղ սենյակը, որը հենց առաջնագծում է տեղակայված, ու որտեղ պարտված բանակի գերագույն գլխավոր հրամանատարը գեներալիտետի հետ խորհրդակցում է, զեկույցներ լսում:

Հեյդարօղլուն, ինչպես եւ նրա հրամանատարական կազմը սեփական ժողովրդի առաջ հոխորտալուց, ռազմական ու դիվանագիտական հաղթանակներ տանելու մասին հռետորաբանելուց առաջ լավ կանեին մտածեին բոլոր այն զինվորների մասին, որոնք այդ շքեղ սենյակներից արձակված հրամանների արդյունքում, սեփական կամքին հակառակ, հերթական անգամ գրոհում են հայկական դիրքերն ու կրկին հետ շպրտվում՝ իրենց հետ տանելով նորանոր դիակներ, որոնց մայրերին հետո պիտի սփոփի Իլհամը՝ ինչ-որ երկաթի կտորով հետմահու պարգեւատրելով: 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Հունգարիայի հետ ստվերային բանակցությունների արդյունքում Բաքուն կարողացավ հետ ստանալ իր մարդասպանին միայն կաշառքի միջոցով: Այս հոդվածի տողերից երևում է, որ հոդվածագիրը համոզված է, թե մեր համակարգը, կամ Սերժը այս դեպքում երբեք նման քայլի չի դիմի: Սպասե՞նք ստախոս իշխանավորների հերթական քայլերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter