HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչքանո՞վ է հնարավոր պատերազմ` Հայաստանի և Ադրբեջանի միջև

Վարսենիկ Մինասյան, կոնֆլիկտաբան

Ժամանակակից աշխարհում երկրների մրցակցության արդյունքում իրար են բախվում բազմաթիվ նպատակներ, հետաքրքրություններ, ինքնություններ, արժեհամակարգեր կամ նորմեր, որոնք շատ հաճախ լինում են անհամատեղելի և հանգեցնում են հակամարտությունների: Ըստ այդմ, առաջանում են տարբեր տեսակի հակամարտություններ հաղթահարելու մարտահրավերներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են համապատասխան գործիքներ: Ցավոք, այդպիսի հակամարտություններից մեկն է Ղարաբաղի հիմնահարցը, որը միջազգային ասպարեզում ռեկորդ է սահմանել՝ իր երկարամյա ապարդյուն բանակցություններով: Այն կոնֆլիկտները, որոնց հիմքում ընկած է հիմնականում հանուն ինքնության պայքարը, սովորաբար համարվում են ամենադժվար լուծվող կոնֆլիկտները, քանի որ այդ դեպքում արտաքինից չափազանց դժվար է ազդել կոնֆլիկտային կողմերի պահվածքի վրա:

Ղարաբաղյան հակամարտության դեպքում նույնպես թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, առանց Ղարաբաղի իրենց լիարժեք երկիր չեն համարում, որն էլ հանգեցնում է նրան, որ հակամարտող կողմերը պատրաստ չեն փոխզիջումների, ինչից օգտվում և իրենց ձեռքին գործիք են դարձնում արտաքին ակտիվ դերակատարները, ինչպիսին Ռուսաստանն է:

Չի կարելի բացառել, որ սահմանային գոտում արձանագրված վերջին լարվածությունը պայմանավորված է Ռուսաստանի հրահրմամբ, քանի որ վերջինս արտաքին քաղաքականությունում կորցրել է իր դերակատարությունը, փորձում է վերահաստատվել և ցույց տալ, որ ինքը դեռ ի վիճակի է «լուրջ» խնդիրներ լուծել՝ չնայած Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից իրականացված սանկցիաներին:

Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին և ամեն ինչ անել, որ ներգրավի նրան Մաքսային Միություն, և այդ ամենը, բնականաբար, Ղարաբաղի հարցի «լուծման» հաշվին: Հայաստանը, որը արտաքին քաղաքական ասպարեզում կորցրեց իր դերը՝ կտրուկ ցանկություն հայտնելով մտնել Մաքսային Միություն, որը մեծ ապտակ էր Արևմուտքին, կորցրեց վստահությունը՝ որպես լուրջ քաղաքականություն վարող երկիր՝ շահավետ պայմաններ ստեղծելով Ռուսաստանի պլանները իրագործելու համար:

Սոչիում կայանալիք հանդիպումը երկու երկրների նախագահների միջև անհրաժեշտ է ավելի շատ Ռուսաստանին, քան Հայաստանին կամ Ադրբեջանին, քանի որ որևէ արդյունքի կողմերը հավանաբար չեն հասնի: Սակայն պետք է փորձել հուսալ, որ Սոչիի հանդիպման ժամանակ հնարավոր չի լինի այնպիսի ճնշում գործադրել Հայաստանի վրա, որի արդյունքում Ղարաբաղում Ռուսաստանը կտեղակայի իր խաղաղապահ զորքերը, քանի որ անհայտ է, թե դրա արդյունքում Ռուսաստանը Ադրբեջանի հետ իր ներքին պայմանավորվածությամբ ինչպես «կպաշտպանի» տարածքները՝ Ադրբեջանին իր «հովանու տակ առնելու նպատակով»:

Մեր երաշխիքը մեզ` հայերիս համար, պետք է լինեն միայն մեր աշխարհագրական դիրքը, որը հնարավորություն կտա թեկուզ և քիչ ռեսուրսներով պաշտպանվել, և հիմնական երաշխիքը՝ մեր բանակը, քանի որ ոչ մի խաղաղապահ զորք երաշխիք չէ կայունություն հաստատելու համար, որովհետև որևէ ազգ սրտացավորեն չի կարող պայքարել ու կյանքը տալ մի հողի համար, որն իրենը չէ: Անհրաժեշտության դեպքում ո՛չ Արևմուտքն է աջակցելու, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ այլ երկիր: Դա հնուց եղել է այդպես, և այդպես էլ կլինի: Այդ պատճառով չեմ կարծում, որ միշտ պետք է օգնություն ակնկալել դրսից:

Մեր միակ հույսը պետք է լինի մեր ամուր բանակը, և իհարկե, անհրաժեշտ է մեր երկրի իշխանությունների առանձնահատուկ ուշադրությունը նախկին հերոս ազատամարտիկների և ներկայիս յուրաքանչյուր զինվորի հանդեպ՝ հայի մարտական ոգին պահպանելու և ոգևորելու համար, ինչը հաղթանակի հասնելու հիմնական գրավականներից մեկն է:

Չնայած ներկայիս ակտիվ սահմանային լարվածությանը,  չեմ կարծում, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Նա շատ լավ գիտակցում է, որ պատերազմի միջոցով չի կարող հասնել արդյունքի, և փորձում է ռազմական հռետորությամբ, սահմանային լարվածությամբ, Հայաստանի նկատմամբ իրականացվող մեկուսացման քաղաքականությամբ և Ռուսաստանի ճնշման միջոցով  հասնել արդյունքի: Հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանն առանց դժվարության կարող է ոչնչացնել արտահանող գազամուղը, որը շատ մեծ հարված կլինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Արևմուտքի համար:

Հետևաբար, Արևմուտքին նույնպես ձեռնտու չէ պատերազմը, և կփորձի կանխել այն: Աշխարհագրական դիրքի առումով էլ ադրբեջանական բանակի համար չափազանց դժվար է առաջ անցնել՝ չնայած ժամանակակից զենքերով իր սպառազինությանը: Ալիևը նույնիսկ չի համարձակվի պատերազմի ժամանակ զենք տալ իր ժողովրդի ձեռքը, քանի որ այդ զենքը ներքին բազմաթիվ խնդիրների պատճառով կարող է օգտագործվել իր իսկ դեմ՝ իշխանափոխության նպատակով:

Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ Ադրբեջանը բազմազգ երկիր է, որտեղ դեռ վերջնականապես չեն լռեցվել թալիշների, լեզգիների ընդվզումները, իսկ Հայաստանում նման ներքին վտանգ չկա: Բայց կարելի է նաև նշել, որ սահմանային լարվածությունը շահավետ է նաև ներկայիս մեր իշխանության համար, քանի որ դրանով կարողանում է շեղել ժողովրդի ուշադրությունը իր իսկ կողմից ստեղծած երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաոսային իրավիճակից:

Մեզ անհրաժեշտ է Ղարաբաղի համար պայքարել ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Օրինակ, Գերմանիայում տարբեր ծրագրի շրջանակներում Ղարաբաղի թեմայով կազմակերպվում են բազմաթիվ կլոր սեղաններ, ֆորումներ, քաղաքական քննարկումներ, որոնց ակտիվ մասնակցում են ադրբեջանցի ուսանողները և որոնց միաժամանակ ակտիվ ուղեկցում են ադրբեջանցի հմուտ փորձագետներ՝ դեսպանատներից և այլ կարևոր հաստատություններից, ինչը մեր պարագայում նույն կերպ չի գործում՝ շատ հաճախ ժամանակ չունենալով նման հանդիպումների համար: Քաղաքականությամբ զբաղվող ակտիվ երիտասարդները պետք է արտասահմանում նման հանդիպումների ժամանակ օժանդակություն ստանան հայ հմուտ փորձագետներից՝ ավելի հիմնավոր և լուրջ փաստերով իրականությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար:

Իսկ արտասահմանում գտնվող մեր քաղաքագետներին խորհուրդ է տրվում Ղարաբաղի թեմայով հնարավորինս շատ գիտական աշխատանքներ գրել, քանի որ գրադարաններում չափազանց շատ են օտարալեզու ադրբեջանամետ գրքերը: Իսկ եթե միջազգային հանրությունից որևէ մեկը փորձում է որևէ աշխատանք գրել, հղումներ է կատարում նման գրականությանը՝ մեխանիկորեն ընդլայնելով և տարածելով ադրբեջանական հիմնավորումները՝ այդպես ստեղծելով և տարածելով ադրբեջանական «պատմություն»:

Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter