HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վալլեքսը» Թեղուտում ներդրել է 320 մլն դոլար

«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը երեկ Թեղուտում լրագրողներին հայտնեց, որ Թեղուտի պղինձ մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի ներդրումային արժեքը կազմել է մոտ 350 մլն դոլար: Այս պահին ներդրված է մոտ 320 մլն դոլարը:

«Հետքի» հարցին, թե այդուհանդերձ հանքավայրի շահագործումից հետո ինչպիսի բնապահպանական ռիսկեր են առաջանալու Թեղուտ և Շնող գյուղերում, Գագիկ Արզումանյանը պատասխանեց. «Այդ ռիսկերը կարող են արտահայտվել տարբեր կերպ, թե ջրային ռեսուրսների վրա ազդեցությամբ, թե մթնոլորտային օդի, հողի, թե կենդանական ու բուսական աշխարհի  վրա: Մենք ջանալու ենք բոլոր ուղղություններով վնասը հասցնել նվազագույնի»:  

Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի` Գ. Արզումանյանը տեղեկացրեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն անցած տարիներին և ներկայումս իրականացնում է անտառապատման աշխատանքներ:

«Այս պահի դրությամբ շուրջ 300 հա անտառապատ տարածքները գտնվում են Լոռու մարզի տարածքում»,- ասաց բանախոսը:  

«Հետքը» ազդակիր Թեղուտ և Շնող համայնքներում ձախողված անտառավերականգնման աշխատանքերի նկատմամբ` Գագիկ Արզումանյանից տեղեկություն խնդրեց վերջին 2 ամիսներին ընկերության ձեռնարկված միջոցառումների մասին:

«Նոր բան չկա»,- պատասխանեց Գ.Արզումանյանը: Վերջինս լրագրողներին բացատրեց, որ նախկին` 2009-2010թ.թ. անտառավերականգնման աշխատանքներ իրականացնող, մրցութային կարգով ընտրված կազմակերպության հետ ընկերությունը խնդիրներ է ունեցել, կա նաև դատական գործ:

«Չնայած նրան, որ մենք ամբողջությամբ ֆինանսավորել ենք անտառապատման ծրագրով նախատեսված գումարները, ցավոք սրտի, պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարված չեն, այսինքն ապահովված չէ այն կպչունակությունը և ծառերի այն միջին բարձրությունը, որը նախատեսված էր պայմանագրով: Չսպասելով դատական վարույթի ավարտին, այս պահին մենք Շնող համայնքի տարածքում, նույն ծավալով անտառավերականգնման աշխատանքներ ենք իրականացնում»,- բացատրեց Գ. Արզումանյանը:

Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը այսօր «Հետքին» հայտնեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից  Շնողի և Թեղուտի վարչական տարածներում կատարված 67 հա անտառավերականգնման աշխատանքերից հետո հատուկենտ տնկիներ են կպել: Գյուղապետը նշեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից վերջին ամիսներին  անտառավերականգնման նոր աշխատանքներ չեն իրականացվել:  

Գագիկ Արզումանյանը անդրադարձավ նաև Թեղուտում աշխատատեղերի խնդրին: Ասաց, որ աշխատատեղերի ավելացում Թեղուտում չի նախատեսվում, որովհետև աշխատատեղերի և զբաղվածության «պիկը» եղել է շինարարության փուլում:  

«Այս պահին, նույնիսկ ինչ-որ առումով մենք ունենք աշխատողների կրճատման խնդիր, որովհետև շինարարական աշխատանքները  ըստ էության ավարտված են: Արտադրության փուլում ընկերությունը  չի ունենալու այնքան աշխատող, որքան եղել է շինարարության փուլում: Այնուամենայնիվ Թեղուտում աշխատողների թիվը կլինի 1100-1200-ի շրջանակներում»,- ասաց Գ.Արզումանյանը:

Վերջինս նաև կանխատեսեց,  որ հանքի շահագործումից հետո ընկերության  տարեկան եկամուտը` կախված պղնձի գներից, կլինի 180-200 մլն դոլարի շրջանակներում: Դրանով պայմանավորված պետբյուջեի հարկերը կկազմեն առնվազն 10մլն դոլար: Ըստ պարոն Արզումանյանի, եթե ընկերությունը  կարողանա այնպիսի լուծումներ գտնել, որ արտադրանքը ամբողջությամբ կամ հիմնականում վաճառվի Հայաստանում, ապա դրան կարող են գումարվել եւս շրջանառության նկատմամբ 20 տոկոսի չափով ավելացված արժեքի հարկը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter