HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջինները

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Երբ իմացա, որ նոր օրենքի հանաձայն դատապարտյալը կարող է ծանոթանալ մեկուսարանում գտնվող իր «Անձնական գործի» նյութերին, խնդրեցի որպեսզի տրամադրեն ինձ և տեսնեմ, թե ինչ կա այնտեղ գրված իմ մասին: Մի քանի նյութեր ուշադրությունս գրավեցին, որտեղ տարբեր աղյուսակներ կային` ինչ-որ ամսաթվերի նշումներով և այլն:

Պարզվեց` տեսակցությունների, հեռախոսազանգերի, հանձունքների ստացման օրերն են նշված, իսկ վերջում սոցիալ-հոգեբանական ծառայության մասնագետի կողմից գրված է՝ կապը հարազատների հետ` միջին: Շարունակում եմ թերթել և գտնում եմ ևս մի փաստաթուղթ, որտեղ նույն աշխատակիցը գրել է՝ ուղղման աստիճանը՝ միջին: Հենց այդ պահին ներս է մտնում այդ նույն աշխատակիցը. իրար բարեհամբյուր բարևում ենք, իսկ հետո…        

- Հեռախոսազանգերի և հարազատների հետ տեսակցության ինչքան հնարավորություն տրամադրվում է, ես և իմ հարազատներն ամբողջը օգտագործում ենք, հետո անընդհատ դիմում եմ, որ լրացուցիչ զանգեր և տեսակցություններ տրամադրվեն: Անընդհատ այդ հարցն ենք բարձրացնում, որ թույլ տաք ավելի հաճախ տեսնել իրար, զանգել: Ունեմ նաև նամակագրական կապ հարազատներիս հետ, համարյա ամեն շաբաթ նամակ եմ ստանում ու գրում...

Իմ ասածը լսելուց հետո մի անհասկանալի կերպարանափոխում տեղի ունեցավ քիչ առաջ ինձ բարեհամբույր բարևած աշխատակցի հետ.

- Ո՞վ ա թողել, որ դատապարտյալը «Անձնական գործին» ծանոթանա:    

Հատուկ մասի աշխատակիցը բացատրեց, որ նոր օրենքի համաձայն կարելի է: Իսկ ես սպասում էի պատասխանի:                                            

- Ոնց ասում են՝ գրում ենք,- վերջապես ասաց աշխատակիցը,- համ էլ ես պարտավոր չեմ  բացատրել:                                 

- Իսկ կասե՞ք խնդրում եմ, թե դատապարտյալի ուղղման չափանիշները որոնք են. օրինակ իմ դեպքում ինչպե՞ս եք որոշել, որ միջին է:

-Ի՞նչ ես գլուխս ցավացնում, ես քեզ ոչ մի բան էլ չեմ ասի, մի սրա՛ն նայի…

Ապշած եմ այս մարդու կերպարանափոխմամբ: Հաշվի առնելով տարիքային տարբերությունը` շարունակում եմ շատ զուսպ և բարեկիրթ.

- Ի՞նչ պետք է անի կամ չանի դատապարտյալը, որ ուղղված համարվի, իսկ եթե մարդն անմեղ է և դատական սխալի հետևանքով է հայտնվել բանտում` չե՞ք կարծում, որ ոչ թե նա պետք է ուղղվի, այլ համակարգը պարտավոր է ուղղել իր սխալն ու ներողություն խնդրել...

Վերջին բառը բերանումս՝ բանտի ծառայողն ասաց.

- Ես Մհերի ձեռը էլ չեմ դիմանում… ի՞նչ ես ուզում ինձանից,- այս բառերն ասելով` թողեց- դուրս եկավ սենյակից համակարգի «զոհ» դարձած սոցիալ-հոգեբանական ծառայության միջին ծառայողը:

Հիշում եք «Գառների լռությունը» ֆիլմը, որտեղ մոլագար մարդասպանն իր զոհերին նետում էր զնդանը, մի կտոր հաց գցում`այնքան որ ողջ մնան: Իսկ նա շարունակում է հագուրդ տալ իր իշխանության տենչին մարդ արարածի նկատմամբ: Անկախ սեռից և տարիքից, բոլոր իր զոհերին դիմում էր ”Эти” (ռուսերենով ”ОНО”, այսինքն`չեզոք սեռ):

Հասկանալի է, որ համակարգի համար դատապարտյալը դատապարտյալ է, և սրանով ամեն ինչ ասված է: Ինչպես կարող է բանտային միջին արարածը լավը կամ վատը լինել, ուղղվել կամ չուղղվել: Համակարգն այնքան զբաղված է քաղաքացիներին բանտերում տեղավորելով, որ ժամանակ և ցանկություն անգամ չկա հանցանք կատարած կամ չկատարած քաղաքացիների հասարակություն վերադառնալու մասին մտածել:                             

Հ.Գ. Վերջերս իմացա, որ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության Հարավային Կովկասի գրասենյակն իրականացնում է նոր տարածաշրջանային ծրագիր, որի շրջանակներում հայտարարել է մրցույթ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ`ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակների կիրառման խթանումը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում թեմայով: Որոշեցի մասնակցել, արդեն ուղարկել եմ աշխատանքս: Մոտակայում անպայման կհրապարակվի նաև «Հետքում»` մեր սիրելի ընթերցողների քննարկման համար:               

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Հիանալի է գրված: Իսկ այս խորհրդային ժամանակներից եկած խոսքերը,` ,,Ո՞վ ա թողել, որ դատապարտյալը «Անձնական գործին» ծանոթանա,, լսել եմ 1979 թվականին: Այն տարիներին ինձ դատավճիռն անգամ չտվեցին, որպեսի հնարավորություն չունենամ վճռաբեկ բողոք գրել: Խորհրդային բարքերը, խորհրդային ժամանակներից առկախված Ս. Սարգսյանի հետ մնացել են երկիրի կառավարման հիմքում, չինովնիկների ,,հոգիներում,,:
Լեռնիկ
Մհերը, որ փախուստների ժամանակ տուն չի գնացել, կամ տանեցիները բանտերի պատի տակ չեն դիմավորել՝ փաստորեն կապ ունեցողի գնահատականի է արժանացել: Թող ամեն ընտանիքում այնքան փոխադարձ հարգանք ու սեր լինի, որքան Ենոքյանների ընտանիքում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter