HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ալիևը հերթական անգամ չի կարողացել Հայաստանից կամ Հայաստանի հաշվին Պուտինից որևէ շոշափելի արդյունք կորզել»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Հայազն» կուսակցության անդամ, Քարվաճառում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը

-Երեկ Սոչիում տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ տվեց այն երկու կողմերին:

-Ըստ էության դատելով՝ Սոչիի վերջին հանդիպումը ոչ մի կողմին ոչ մի էական բան չի տվել։ Վերջին շրջանում հրադադարի աննախադեպ խախտումների և ռազմական դիմակայության սրացման դիմած Իլհամ Ալիևը հերթական անգամ չի կարողացել Հայաստանից կամ Հայաստանի հաշվին Պուտինից որևէ շոշափելի ադյունք կորզել։ Հայաստանը նույնպես ոչինչ չի շահել, քանի որ մեր պարագայում նվազագույն դրական փոփոխության հասնելու համար անփոխարինելի նախապայման է Սերժ Սարգսյանի ապապետական վարչակարգի իշխանազրկումը։

Ռուսաստանի զգուշավոր հեռահար փորձերը Արցախ «խաղաղապահ» զորք մտցնելու հնարավորություններն ուսումնասիրելու հարցում ցույց են տվել, որ դրա համար իրավիճակը դեռ, մեղմ ասած, չի հասունացել։ Արևմուտքի և Իրանի հակազդեցությունից բացի՝ Արցախում արդեն իսկ հնչել են ցանկացած «խաղաղապահին» «ֆիզիկապես չեզոքացնելու» վերաբերյալ հանրության նախազգուշացումները։

Միաժամանակ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու «անշրջելիության» մասին լավրովյան հավաստիացումները չեն կարող փարատել ընդհանուր տարակուսանքը՝ այդ միության գործնական կենսունակության վերաբերյալ։ Միայն ուկրաինական ճգնաժամի ռուսամետ հանգուցալուծումը և Բելառուսի ու Ղազախստանի «վերահնազանդեցումը» կարող են այն կենդանի պահել։ Ինչևէ, եվրասիական կամ եվրոպական ինտեգրախտի չեզոքացումը, Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը և հայաստանակենտրոն արդյունավետ արտաքին քաղաքականությունը հնարավոր են միայն համապարփակ համակարգափոխությունից և երկրում ազգային֊պետական իշխանության հաստատումից հետո։

-Ի՞նչ փուլում է հայտնվել ղարաբաղյան հիմնահարցը: Ղարաբաղաադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին տեղի ունեցած դեպքերն ինչո՞վ եք պայմանավորում:

-Արցախի հիմնահարցը՝ որպես արևելյան ուղղությամբ ցեղասպանության հետևանքների վերացման հիմնախնդիր, 1994 թվականից ի վեր գտնվում է միջանկյալ փուլում։ Վերջին սրացումներն ընդամենը հերթական փորձ էին՝ առաջնագծում կանգնած հայոց բանակի մարտունակությունը ստուգելու համար։

Տարիներ շարունակ Ադրբեջանը Հայաստանի դեմ վարում է հյուծիչ, ուժասպառող պատերազմ՝ լարվածության սրացմամբ և նորանոր զոհերով` ձգտելով բարոյալքել ու ջլատել Հայաստանի հանրությունը։ Այս տեսակ պատերազմի դեպքում միակ ազդու միջանկյալ հակազդեցությունը հակառակորդին անհամաչափ կորուստներով զսպվածություն պարտադրելն է։ Իսկ հիմնախնդրի վերջնական լուծումը ենթադրում է Հայաստանի դեմ Ադրբեջանի անորոշ ապագայում սանձազերծելիք նոր պատերազմին ի պատասխան՝ Կուր գետ դուրս գալը։ Որևէ այլ լուծում կրկին ունենալու է միջանկյալ բնույթ և կհանդիսանա նորանոր մահերի և պատերազմների պատճառ։

-Արդյո՞ք լայնամասշտաբ գործողությունների կվերածվի ստեղծված իրավիճակը:

-Ներկա փուլում, փորձագետների մեծամասնության կարծիքով, ոչ։ Պարզապես ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ կանխատեսումները որպես կանոն հիմնվում են սոսկ առարկայական դատողությունների և իրադրության մեկնաբանությունների վրա՝ անտեսելով միանձնյա կառավարմամբ արևելյան բռնապետներին բնորոշ որոշումների ընդունման անկանխատեսելի սուբյեկտիվիզմը։

Մենք չպետք է մտածենք, թե երբ է լինելու նոր պատերազմը։ Մենք պարզապես պետք է իմանանք, որ այն անպայման լինելու և դրան առավելագույնս պատրաստ լինենք։

Մեկնաբանություններ (1)

ominac
Աս ով որ է, մաքուր հայրէն կը խօսի․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter