HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական ապրանքների ներկրման թուրքական խոչընդոտը մասնակիորեն լուծվո՞ւմ է

Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունն այսօր, ըստ թուրքական «Today's Zaman» («Այսօրվա ժամանակ») օրաթերթի բիզնես լուրերի խմբագիր Մուստաֆա Էդիբ Յիլմազի, կազմում է շուրջ 400 մլն դոլար, որը պաշտոնական վիճակագրական տվյալ է:

Վերջինս նշում է, որ սահմանների բացվելու դեպքում այս ցուցանիշը կաճի 10 անգամ: Իր հերթին Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի տնտեսական եւ հասարակական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Զյումրյութ Իմամօղլուն ասում է, թե զարմացել է, երբ իմացել է, որ Հայաստանից Թուրքիա ապրանքների ներկրումն արգելված է:

Թուրքիան պաշտոնապես չի արգելել ներկրումը ՀՀ-ից, սակայն մաքսակետերում այնպիսի խիստ քաղաքականություն է վարում հայաստանյան տնտեսվարողների հանդեպ, որ անիմաստ է դառնում որեւէ ապրանք Թուրքիա անցկացնելը: Մյուս կողմից՝ Թուրքիան ներկայումս արգելում է հայաստանյան համարանիշներով 16-ից ավել տեղ ունեցող մեքենաների մուտքը: Այս պարագայում Թուրքիայից ապրանք բերող հայ վաճառականները պետք է կամ նման մի քանի միկրոավտոբուսներով անցնեն, կամ օգտագործեն թուրքական համարանիշներով մեծ ավտոբուսները, որոնք պարբերաբար շարժվում են Երեւանից: Երկու դեպքում էլ շահում է թուրքական կողմը:

Այսպիսով՝ կարելի է ասել, որ վերոնշյալ 400 մլն դոլարը միակողմանի ապրանքաշրջանառության ծավալն է: Ըստ «Հետքի» տվյալների, սակայն, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ հանդիսացող երկու երկրների միջեւ ներկայումս բանակցություններ են ընթանում պարզեցված կարգով Հայաստան-Վրաստան-Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ տարեկան մինչեւ 200 բեռնատարներով ապրանքափոխադրումներ իրականացնելու շուրջ, ինչի մասին պայմանագիր գոյություն ունի ՍԾՏՀ անդամների միջեւ, բայց առ այսօր դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով երկու հարեւանները կյանքի չեն կոչել այն:

«Dunya» («Աշխարհ») տնտեսական թերթի գլխավոր խմբագիր Հաքան Գյուլդաղի փոխանցմամբ՝ այժմ Թուրքիայի արտահանումները կազմում են շուրջ 132 մլրդ դոլար, իսկ ներկրումները՝ մոտ 230 մլրդ դոլար, ասել է թե՝ սա ներկրող երկիր է: Առկա տարբերությունը մեղմելու համար ներկայումս կառավարությունը բարձրացրել է դոլարի փոխարժեքը. 1,5 թուրքական լիրայից այն հասել է 1,8-ի: Թուրքիայի ամենամեծ տնտեսական գործընկերն այսօր Եվրամիությունն է, մասնավորապես՝ Գերմանիան, իսկ ռազմական ոլորտում՝ Իսրայելը: Թուրքիայի ներկրումների մեջ մեծ ծավալ են կազմում ռուսական գազն ու նավթը, իսրայելական զենքը: Սակայն թուրք-իսրայելական հարաբերությունների սրման արդյունքում որոշակի անկում է գրանցվել ռազմական համագործակցության մեջ:

Իր հերթին Ռուսաստանը վերջերս արգելել էր թուրքական որոշ ապրանքների ներկրումը, իսկ հարեւան Սիրիայի հետ քաղաքական տարակարծությունները հանգեցրել են նաեւ մեծ անջրպետի տնտեսական փոխգործակցության ոլորտում: Մյուս կողմից՝ Թուրքիան տարածաշրջանում բավականին ակտիվ է սննդի, տեքստիլ ու ավտոմոբիլային արտադրանքների, շինարարական նյութերի արտահանման դաշտում: Զ. Իմամօղլուն նշում է, որ արաբական հեղափոխությունները թանկ արժեցան թուրքական շինարարական ընկերություններին, որոնք Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում եւ այլ երկրներում լայն գործունեություն են ծավալել: Այսինքն՝ խնդիրները քաղաքական են, սակայն դրանք արտահայտվում են նաեւ տնտեսության մեջ:

«Հետքի» հարցին, թե սահմանների բացումից հետո Թուրքիան ՀՀ-ից ինչ կարող է ներկրել, Հ. Գյուլդաղը պատասխանում է. «Եթե մենք իմանանք, թե դուք ինչ եք արտահանում... »: Նույն թերթի սյունակագիր Ռյուշտյու Բոզքուրտը, ով նաեւ ապակե շշերի բիզնեսում է ներգրավված, ասում է, որ Հայաստան է այցելել 1970-ականներին եւ շատ է հավանել տեղական կոնյակը, որն իր որակական հատկանիշներով արտաքին շուկաներ գրավելու մեծ հնարավորություններ ունի: Եվ չնայած Թուրքիայի կողմից հայկական ապրանքների ներկրման համար ստեղծված արհեստական խոչընդոտներին՝ տնտեսագետ Ասաֆ Սավաշ Աքաթը կարծում է, որ եթե ապրանքն իր գնով ու որակով մրցունակ է, ապա անպայման ինչ-որ ձեւով կծախվի: Իսկ Թուրքիա մտնելու համար, ըստ Աքաթի, կարելի է բերել, օրինակ, Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Թուրքիա ճանապարհով՝ որպես ուկրաինական ապրանք:

Սակայն այստեղ ծագում է այլ հարց՝ արդյո՞ք հայ տնտեսվարողն այս պարագայում կփակի իր բոլոր ծախսերն ու նաեւ օգուտ կունենա: Մյուս կողմից՝ հայտնի է, որ գոյություն ունի «ապրանքի ծագման երկիր» հասկացությունը, ինչը «մատնում է» դրա հայկական ծագումը: Եվ երրորդ՝ դժվար է հավատալ, որ հայ տնտեսվարողները, տեղյակ լինելով թուրքական արգելքն այսկերպ հաղթահարելու հնարավորությանը եւ իմանալով, որ դրանից շահույթ կունենան, չեն դիմում այդ քայլին: 

Մեկնաբանություններ (1)

Andranik
May I know from where all Turkish clothes come into the Armenian market? importing goods from your enemy who committed genocide on Armenians???? what a wonderful nation we are, this is shame for us.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter