HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Զինվորի մայրը կանխազգացել է, որ որդուն բան է պատահել

ԼՂՀ Մարտունու շրջան, գյուղ Գիշի: Օգոստոսյան տոթը տեղի էր տալիս, օդում թեթև քամի էր խաղում, երբ հասա Քամալյանների թաղամաս: Դարպասի մոտ նստած աղջիկներին հարցնում եմ` արդյոք ճի՞շտ եմ եկել: Դրական պատասխան տալուց հետո նրանցից մեկն ինձանից առաջ վազեց, բացեց դարպասն ու իմ ականջին հասավ՝ մոքուր, քեզ ըն օզում: Մուտքի մոտ խաղաղ դեմքով ինձ դիմավորում է տիկին Արինան՝ հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ հակառակորդին հերոսաբար դիմադրած ԼՂՀ ՊԲ շարքային Նորյար Քամալյանի մայրը:

«Ամբողջ օրը լուրեր ենք նայում: Ասացին՝ էսօր նորից Նորայրին պիտի ցույց տան, էն էլ պարզվեց՝ հայաստանյան ալիքով են ցույց տալու, մեր լուրերով չտեսա»,- ասում է զինվորի մայրը, ով վիրավոր որդուն Երևան տեղափոխելուց ի վեր չի տեսել: Նորայրին հիվանդանոցում հայրն է խնամում՝ Միքայելը:

Նորայր և Նվեր Քամալյանները երկվորյակներ են և նրանց զորացրվելուն 4 ամիս է մնացել: Օգոստոսի 14-ին նրանք կդառնան 20 տարեկան: Տիկին Արինան պատմում է, որ որդիները երբեք չեն բողոքել ծառայությունից, միշտ վստահեցնում էին, որ ամեն ինչ լավ է ու անհանգստանալու կարիք չկա: Հուլիսի 31-ի ադրբեջանական դիվերսիայի նախօրեին մայրական սիրտը կարծես վատ բան էր կանխազգում: Մեկ տարի առաջ նույն օրը Նորայրի կույրաղիքն էր պայթել, և բժիշկները հազիվ են փրկել նրա կյանքը:

Լուսանկարում՝ Նարեկ Քամալյանն ու տիկին Արինան

«Սիրտս վկայում էր, որ մի բան պիտի պատահեր: Անհանգիստ էի, բայց դե խոսել չէի կարող, արդեն հերթապահության էր գնացել դիրքեր»,- վերհիշում է զինվորի մայրը:

Այն, որ Նորայրը կարող էր նման քաջություն ցուցաբերել, ոչ ոք չէր կասկածում: Քամալյանների հարևան տիկին Կարինեն ասում է. «Իմ աչքի առաջ են մեծացել ու ես միշտ էլ հպարտությամբ եմ ասում, որ իրենք իմ հարևաններն են»:

Իսկ զինվորների մայրը վստահեցնում է, որ քանի դեռ իր որդու նման տղաներ կան բանակում, սահմանը ամուր կլինի: Տղաների ավագ եղբայր Նարեկն էլ մի բանի համար է միայն ափսոսում, որ ինքն էլ եղբայների կողքին չէր: Տիկին Արինան ասում է, որ որդիներն ուզում էին անպայման ծառայել ու անգամ հրաժարվել են համալսարանում մեկ տարի սովորել, հետո գնալ ծառայության: Զորացրվելուց հետո նոր պիտի դասի գնան:

«Պլաններ շատ ունեին: Վերջերս իրենց ավագ եղբորը՝ Նարեկին, խնդրել էին իրենց համար աշխատանք գտնել Ստեփանակերտում, որպեսզի սովորելուն զուգահեռ աշխատեն և ինքնուրույն ապրեն»,- ասում է տիկին Արինան: Թե երբ Նորայրը դուրս կգա հիվանդանոցից, տիկին Արինան դժվարանում է պատասխանել, մի բան է միայն հստակ՝ նրան սպասվում է ևս մի քանի վիրահատություն և բավականին երկար ապաքինում: Տիկին Արինան խոստովանում է, որ այլևս չի կարողանում որդուն միայն հեռուստատեսությամբ տեսնել և պատրաստվում է Երևան գնալ:

Հ.Գ. Նորայր Քամալյանը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով պարգևատրել  Արիության մեդալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter