HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

ԳՏՏ-ի շրջանավարտների 97 տոկոսը կարողանում է աշխատանք գտնել

Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի այս տարվա 25 շրջանավարտներից 5-ը երեկոյան բաժնի ուսանողներ էին: Կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանի փոխանցմամբ` երեկոյան դասընթացներ կազմակերպելու իրենց նախաձեռնությունը հնարավորություն տվեց աշխատող դիմորդներին ստանալ երկրորդ մասնագիտական կրթությունն՝ առանց աշխատանքից կտրվելու:

Ինը տարի առաջ հիմնադրված ԳՏՏ-ն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Կենտրոնի շրջանավարտների գրեթե 97 տոկոսն ավարտելուց անմիջապես հետո ապահովվում է աշխատանքով: Քիչ չեն դեպքերը, երբ մեկ տարվա ուսանողն արդեն իսկ գործատուից աշխատանքի հրավեր է ունենում:

«Քանի որ մեր կանոնադրության համաձայն ստացիոնար բաժնի ուսանողը չէր կարող նաև միաժամանակ աշխատել, մենք անցած տարի որոշում ընդունեցինք ուսուցման համար նախատեսված պարտադիր երկու տարին կրճատել-դարձնել մեկ տարի,-ասում է ԳՏՏ կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը,- հիմա ուսանողները կարող են պարտադիր կուրսն անցնել մեկ տարվա ընթացքում, որից հետո մենք տալիս ենք վկայական, և նա ցանկության դեպքում կարող է տեղավորվել աշխատանքի»:

Երկրորդ տարին կենտրոնում մնում են այն դիմորդները, ովքեր ընդգրկվում են ձևավորված նեղ մասնագիտական խմբերում իրենց ցանկությամբ: «Մինչեւ 2010 թ. մրցութային կարգով մեր մոտ ընդունվում էին վեբ-տեխնոլոգիաներ և համակարգչային ճարտարագիտություն բաժիններում: Հիմա արդեն ունենք ևս մեկ բաժին՝ մոբայլ տեխնոլոգիաներ,- ասում է Ամալյա Եղոյանը,- մենք անընդհատ ուսումնասիրում ենք շուկան և արագ արձագանքում փոփոխություններին ու պահանջներին»:

Եթե նախկինում պարտադիր պայման էր, որ դիմորդն ունենա բարձրագույն կրթություն, ապա այս տարվանից կարող են դիմել նաև քոլեջի շրջանավարտները: Ընդունելության համար նախկինում դիմորդը հանձնում էր երեք քննություն, այժմ այն պակասել է մեկով. օտար լեզուն հանվել է պարտադիր քննական առարկաների ցանկից: Դիմորդը կարող է համարվել ԳՏՏ-ի ուսանող, եթե հաջողությամբ հանձնի «Մաթեմատիկա» գրավոր և «Տրամաբանություն» բանավոր առարկաները:

2007 թ. մինչեւ հիմա ունեն կենտրոնն ունեցել է 145 շրջանավարտ: Նրանց մեծ մասն աշխատանքի են տեղավորվում մայրաքաղաքում և միայն 30 տոկոսն է կարողանում աշխատանք գտնել Գյումրիում: «Հիմա երբ տեխնոպարկը կա, հույս ունենք, որ ԳՏՏ-ի գործընկերները կգան ու իրենց մասնաճյուղերը բացեն Գյումրիում: Կա համապատասխան տարածք, ամեն տարի մենք ունենում ենք միջինը 18 շրջանավարտ, այսինքն նաև այս առումով խնդիրներ չեն լինի: Շղթան կաշխատի, եթե բիզնեսը գա Գյումրի: Որովհետեւ ստացվում է, որ մենք մասնագետներ ենք պատրաստում տեղում, սակայն չենք կարողանում 100 տոկոսով նրանց աշխատանքով ապահովել Գյումրիում, միաժամանակ չենք էլ կարող արգելել, որ մեկնեն: Հարկ է, որ որոշ կազմակերպություններ իրենց մասնաճյուղերը բացեն հանրապետության երկրորդ քաղաքում, այսօր այս խնդրի միակ լուծումը ես դրա մեջ եմ տեսնում»,- նկատում է կենտրոնի տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter