HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կանգառ Երևանում». նկարիչները՝ սիրիահայերին օգնելու համար

Ֆրանսիայում բնակվող նկարիչ Վաչե Դեմիրճյանի աչքերում հուզմունքի նուրբ ուրվագծեր են հայտնվում, երբ պատմում է, թե ինչպես իր ինստալացիոն աշխատանքի համար գնացել էր Երևանի «քրջի բազար»: Ինստալացիայի համար նրան անհրաժեշտ էին հին հագուստ, ճամպրուկ, որպեսզի մարմնավորի գաղթականներին: «Մարմինս, գիտեք, նորից փուշ-փուշ եղավ, երբ սա պատմեցի: Մարդիկ (նկատի ունի «քրջի» շուկայի առևտրով զբաղվողներին- հեղ.) կառավարությունից սպասելիք չունեն: Երևանից դուրս աղբանոցներ կան, որտեղ գնում են, զատում են իրերը և բերում: Գիտեք, այդ իրերը նրանք մաքուր, ադամանդի պես շարում են: Դա, կարծես, արդեն ինստալացիա լինի»,- ասում է նկարիչը:

Վաչեի ինստալացիան կարելի է տեսնել Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Հեղինակը գաղափարական զուգահեռ է անցկացնում սիրիահայության խնդրի հետ: Թանգարանում այս օրերին ընթանում է «Կանգառ Երևանում» բարեգործական ցուցահանդես վաճառքը: «Կանգառից» ստացված գումարով նախատեսված է կացարան կառուցել սիրիահայերի համար: Վաչե Դեմիրճյանը նկատում է, որ նման «կանգառներ» ոչ սիրահայության խնդիրների համար դեռ տարիներ առաջ էին կազմակերպել Ֆրանսիայում, օրինակ, «Կանգառ Փարիզը»: Սա «Հալեպ» ՀԿ-ի կազմակերպած առաջին ցուցահանդես-վաճառքն է:

«Իմ գաղափարը կամուրջ ստեղծելն էր Հայաստանի և սփյուռքի միջև, և դրա հաջողությունը եղավ, որովհետև «Երրորդ հարկի» խումբը եղավ, որը 25 տարի առաջ Երևանում է ստեղծվել: Այդ խմբի մեջ են Վահան Ռումելյանը, Արման Գրիգորյանը, Արմեն Գևորգյանցը, Մոկոն և այլք: Կապվեցի նրանց հետ, և նրանք շատ սիրահոժար, ամեն մեկը 2-3 գործ նվիրեց այս կազմակերպության համար»,- նշում է նա: Ֆրանսիայում ապրող հայ նկարիչի խոսքով՝ այս ցուցահանդեսի նպատակը նաև այն է, որ Հայաստանում աղմուկ բարձրանա սիրիահայերին օգնելու համար: «Երբ 25 տարի առաջ երկրաշարժ եղավ, սիրիահայերը շատ օգնեցին Հայաստանին, երևակայածից ավելի շատ՝ թե՛ դրամով, թե՛ ուտելիքով, թե՛ հագուստով, հիմա մեր կարգն է, որպեսզի օգնենք մեր սիրիահայ քույրերին և եղբայրներին»,- ասում է նա: 

Ցուցահանդեսին մասնակցում է 29 արվեստագետ (Հայաստանից, Սիրիայից, Ֆրանսիայից), ներկայացված է 104 աշխատանք: «Հալեպի» երիտասարդական հանձնաժողովի ատենապետ Հակոբ Կազանջյանն ասում է, որ առայժմ վաճառվել է 2 աշխատանք, բայց դա չի ենթադրում, որ հետաքրքրություն չկա: Նա նշում է, որ նկարներից ստացած գումարով 6-հարկանի շենք են կառուցելու կարիքավոր սիրիահայերի համար, որի առաջին հարկում բացվելու են արհեստանոցներ նրանց համար: «Ինչպես գիտեք, սիրիահայերի մեջ տարբեր արհեստներում հիանալի վարպետներ կան, և ափսոս է, որ նրանք կորեն: Իսկ այդ տարածքում նրանք կարող են պահպանել ավանդույթները»,- նշում է Հակոբը:

Ցուցահանդեսը օգոստոսի 22-ից հետո էլ լինելու է «շարժական»: Աշխատանքները, որոնք չեն վաճառվել, ցուցադրվելու են երևանյան սրճարաններում կամ այլ պատկերասրահներում: Սրահ մտած նկարիչ Լորեն Նիսուն ուշադիր լսում էր մեր զրույցը: Նա Ֆրանսիայից է, մայրը հայուհի է՝ Մարի Բոյաջյան, իսկ հայրը՝ ֆրանսիացի: Ասում է՝ ցավում է, որ հայերեն չի կարող խոսել, թեև միշտ ցանկություն ուներ սովորելու: «Մայրս ծնվել է Ֆրանսիայում, ամուսանցել է հորս՝ ֆրանսիացու հետ: Նրանք դրսում շատ չէին ուզում ցույց տալ, որ հայ են, իսկ տան մեջ այլ էր: 1940-50-ական թթ. Ֆրանսիայում շատ ճնշում կար, հայությունն ամաչում էր փողոցում իրենց լեզվով խոսելու, դրա համար մայրս ինձ չսովորեցրեց հայերեն լեզուն»,- նշում է նա: Վաչե Դեմիրճյանը, ով թարգմանում էր մեր զրույցը, ցույց տալով Նիսուի նկարները (հաճախ ստորագրում է «Սուն»), ասում է, որ նա մոր մահից հետո մոտ մեկ տարի չէր նկարում և միայն այս ցուցահանդեսի համար վերսկսել է նկարչությունը: Նիսուն ժպտում է: «Հայրենի հողը զորավոր ուժ ունի, և ես էլ Եղեռնի հետևանքներից եմ»,- ասում է Նիսուն:

Նկարիչ Արմեն Գևորգյանցն էլ ևս մեկ անգամ պտտվում էր սրահում՝ դիտելով նկարները: Հարցնում եմ՝ ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ցուցահանդեսին, պատասխանում է, թե մասնակցել-չմասնակցելու հարց չի եղել: «Ես մտածում էի՝ ի՞նչ կարող եմ տալ»,- ավելացնում է: Նրա խոսքով՝ ցուցահանդեսի գաղափարը լավն է, բայց մեր իրականության մեջ դժվար է պատկերացնել, որ կստացվի շոշափելի արդյունք: «Չնայած դեպքեր գիտեմ, որ գործեր երբեմն վաճառվում են և՛ 20.000-ով, և՛ 25.000-ով: Էն մարդիկ, ովքեր այդ գումարները տալիս են, էստեղ չեն լինում: Միգուցե խնդիրն այդ դեպքում այդ մարդկանց այստեղ հրավիրե՞լն է: Չեմ կարծում, թե շատ թանկ են գնահատված գործերը, որ չկարողանան գնել. զուտ որպես բարեգործական ակցիա ամեն մեկը կարող է գնել մեկ գործ»,- ասում է Ա. Գևորգյանցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter