HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիքորն ու Գավրոշը

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Տարիներ առաջ, երբ հացի խնդիրը բավական սուր էր, այն ժամանակ դեռ «մահապարտների»  խցեր կոչվածում, գիշերվա ժամը 1-ին մի մեծ բուռում հաց-պանիր-կանաչի էի «ձեռք բերել» և մթության մեջ քայլելով`ուտում էի: Հսկիչը կամաց մոտեցել էր դռանը, բացել կլոր «աչքը» ու նայում էր: Ես չէի նկատել: Մեկ էլ բարձր ասաց.

- Բա ո~նց, հո Գիքո՞րը չես, որ սոված պառկես քնելու:           

Այս տարիներին այնքան նման պատմություններ են եղել, որոշ դրվագներ թղթին եմ հանձնել, բայց այս մեկը մոռացել էի: Հիշեցի, երբ նայեցի «Գիքո՞ր, թե՞ Գավրոշ» տեսանյութը, երբ հայ-ադրբեջանական սահմանի վրա իրավիճակը նորից սրվեց, երբ կարդացի հետախույզ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի հարցազրույցը՝ տրված «Հետքին»: Մտածեցի, որ Սողոմոններ են պետք մեզ սահմանում: Իսկ պետությունը բանտել է` ազատության թևեր տալու փոխարեն: Ու քանի դեռ բանտված են սողոմոնները, մեր երեխաները, ինչպես և մենք, կմեծանանք Գիքորի կերպարով:

Եթե չեմ սխալվում, 4-րդ դասարանում էինք, երբ հայ գրականության ուսուցչուհին կարդում էր «Գիքորը». հիշում եմ կոկորդս խեղդող արցունքները: Մեկ էլ հիշում եմ, որ ընդվզում էի նրա փոխարեն, մտքումս ասում էի՝ փախի՛, ա՛յ տղա, դու ուժեղ ես…

Կարծում եմ՝ պատահական չէ, որ «Գիքորը» դպրոցական ծրագրերում տասնյակ տարիներ անփոփոխ դասավանդվում է: Դրանով կոդավորում են մի ողջ սերունդ, դրանով մեզ պահում են հպատակ ստրուկի պես, ով պիտի աշխատի Ռուբեն Հախվերդյանի երգի բանող եզի պես ու լինի հնազանդ: Եթե ինձնից կախված լիներ ինչ-որ բան, ես «Գիքորը» կհանեի դպրոցական ծրագրերից: Հերիք է՝ ինչքան մեր՝ հայերիս մեջ սերմանել են դարերի խորքից եկած թույլի, բռնաբարվածի, խեղճի բարդույթը:

Ու եթե հանկարծ Հայաստանի որոշ քաղաքացիների մեջ «Գիքորն» ինչ-ինչ պատճառներով չի արմատավորվել դպրոցական նստարանից, և նրանք փորձում են ընդվզել, լուծումը կա ու կա. հայտնվում են բանտում: Օրինակները մեր աչքի առաջ են`Սողոմոնը, Շանթը, Վոլոդյան… նույնիսկ  դերասան Վարդան Պետրոսյանը, ով ֆորմալ առումով ավտովթարի հոդվածով, բայց բոլորիս համար էլ իրականում հասկանալի պատճառներով է այսօր բանտում: Վարդանը հնազանդ, սազանդար, պալատական արվեստագետ չէր ու չէր կարող լինել: 

Տարիներ հետո ծանոթացա Գավրոշի հետ, ով, ի տարբերություն մեր Գիքորի, ոչ թե սոված պառկում էր քնելու ու համակերպվում իր դաժան բախտի հետ, այլ զենքը ձեռքին պայքարում էր: Ես ոգևորվում էի Գավրոշի կամքի ուժով, ուզում էի Գիքորն էլ նրա պես պայքարեր:

Իհարկե, մենք էլ ունենք ուժեղ կերպարներ ծնած գրողներ: Նրանք, սակայն, չէին հայտնվում մեր դասագրքերում: Երբ իմ սերունդն էր դպրոցում սովորում, Լեռ Կամսար մենք չէինք անցնում: Չգիտեմ՝ հիմա անցնո՞ւմ են, թե՞ ոչ: Խիստ կասկածում եմ... Լեռ Կամսարի մտքերին ծանոթացա այստեղ՝ բանտում, երբ իմ գրական մուսան ինձ ուղարկեց նրա ստեղծագործություններից, նաև «Հետքում» տպագրված գործերից: Զարմանքս մեծ էր. հայ գրականությունն այսպիսի մեծություն է ունեցել, ու դպրոցում մեզ չեն սնել նրա զորացնող մտքերով: Ինչո՞ւ… չէ՞ որ այդպիսով կմեծանար ուժեղ, սեփական ուժին հավատացող սերունդ: Իսկ ո՞ւմ է դա պետք: Ցանկացած հասարակարգում էլ տեսակ ունեցող մարդը գլխացավանք է: Սպիտակ ագռավներին չեն սիրում: Աքսիոմ է:

«Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։ Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։ Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ է մեծ, չի տեղավորվում։ Բանը մեծ հերոս ստեղծելը չէ, բանն այն տեղավորելն է»,- գրում է Կամսարը։

Հ.Գ. Մի միտք էլ Կամսարից դատավորների մասին, որը նա գրել է մոտ մեկ դար առաջ: Բայց տեսե՛ք, թե որքան արդիական է: Դա ոչ այնքան նրանից է, որ Կամսարը հանճարեղ է (դա իր հերթին), որքան նրանից, որ հարյուրամյակ շարունակ մեր պրոբլեմները մնացել են նույնը, այսինքն՝ չենք լուծել դրանք:                                  

«Մեր դատավորները փոքր գողեր կարող են բռնել. մեծերից վախենում են… Կարո՞ղ է հանցագործությունը վերանալ այն երկրից, որտեղ մեղավորը... դատավորն է»։

Մեկնաբանություններ (2)

Սուսաննա Հարությունյան
Շնորհակալություններս Հետքին, նրա ողջ կոլեկտիվին՝ Բաղդասարյանի գլխավորությամբ ու Մհերին: Միշտ սիրով ընթերցում եմ: Իսկապես, զարմանալիորեն երեւի 2-3 տարի առաջ Բաղրամյանի 1-ին նրբանցքը կոչեցին հանճարեղ Լեռ Կամսարի անունով, սակայն որքան անշուք է այդ փողոցը ու նույնիսկ մայթեր չունի ու վերանորոգման խիստ կարիք ունի՝ քանի ավելի չեն շատացել անհանգստացնող դեպքերը, այնինչ Արշակունյաց փողոցը անիմաստ վերանորոգում են ամեն տարի: Հարգելի Հետք, խնդրում ենք հրապարակեք այդ փողոցի առանց մայթերի ու աղբանոցի վերածված նկարները ու գուցե Հանճարեղ Հայի անունը կրող փողոցը մի փոքր արժանի կլինի Լեռ Կամսարին: կրկին շնորհակալ ենք:
Լիանա
Հարգելի Մհեր, միշտ կարդում եմ քո հոդվածները, շատ եմ ցավում որ ես կյանքում քեզ ծանր փորձույունա բաժին հասել, միայն խնդրում եմ հավատա ու աղոթի, ես էլ երբեմն գործի գնալու ճանապարհին աղոթելիս միշտ խնդրում եմ որ Աստված քեզ էլ պահապան լինի, չհուսահատվես, քո կողքին շատերը դեռ կկանգնեն, առողջություն ու համբերություն քեզ ու քո կիրթ ընտանիքին, ծնողներիդ էլ երկարակեցություն, բոլորս սպասում ենք այն բաղձալի օրվան, երբ դու կլինես ազատության մեջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter