HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի կառավարությունը եզդիներին խոստացած 50.000 դոլարը դեռ չի փոխանցել

«Հետքի» հարցերին պատասխանում է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Մամե Ամիրյանը

-Մամե, մինչ Հյուսիսային Իրաքում կատարվող եզդիների սպանությունները ինչքա՞ն էր եզդի բնակչության թիվն այնտեղ:

-Պաշտոնական տվյալներով 800.000 էր, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 1,5 միլիոնից ավելի էր:

-Վերջին դեպքերից հետո տվյալներ ունե՞ք, թե բնակչության քանի տոկոսն է մնացել այնտեղ:

-Վերջին դեպքերից հետո 400.000 եզդի լքել է Շինգալի շրջանը, որից 100.000-ը Հյուսիսային Իրաքից դուրս է եկել: Մեզ հասած տվյալներով՝ մոտ 5.000 եզդի զոհվել է այս դեպքերի հետևանքով:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղ սուննիական ահաբեկչական կազմակերպությունը աշխարհին ջիհադ է հայտարարել և պայքարում է ոչ մուսուլման, իրենց ավանդույթները չունեցող բնակչության, ժողովրդի դեմ, իսկ եզդիները պատկանում են ո՛չ քրիստոնյաներին, ո՛չ իսլամիստներին, իրենք հենց առանձին կրոնական ուղղություն ունեն, որը, այսպես ասեմ, չի մտնում Ղուրանի կրոնների մեջ, այսինքն՝ Ղուրանում ասվում է, որ բոլոր այն կրոնները, որոնք ունեն Սուրբ գիրք, համարվում են ընդունելի կրոն, իսկ եզդիներինը, որ Ղուրանում նշված կրոնների մեջ չկա, իրենք համարում են սատանապաշտ, և, ըստ իրենց գաղափարախոսության, եթե սպանեն եզդիներին, ապա անպայման կընկնեն դրախտ:

-Եզդիների սպանության դեպքերի մասին դեռևս նշվել էր նախորդ տարվա նոյեմբերի 7-ին:

-Այս դեպքերը սկսել են սիրիական պատերազմից հետո, երբ Բաշար Ալ Ասադի զորքերն սկսեցին ճնշել այդ ահաբեկիչներին (նկատի ունի «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալներին), և նրանք սկսեցին անցնել Իրաքի սահմանը, սկզբնական շրջանում փրկեցին իրենց կյանքը, իսկ հետագայում հաստատվելուց հետո սկսեցին լայնածավալ ռազմական գործողությունները:

-Իսկ այդ ժամանակ փախստականներ արդեն կայի՞ն:

-Այդ ժամանակ դեպքեր կատարվում էին, բայց ավելի փոքր, հարձակվում էին գյուղերի վրա, մարդկանց առևանգում կամ մեկ-երկուսին սպանում: Եթե տեղյակ եք, հենց մայիս ամսին «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն բողոքի ակցիա կազմակերպեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ: Այդ ժամանակ նույն իսլամիստական կազմակերպությունը մոտ 30 եզդի էր սպանել: Մենք այդ ժամանակ դիմեցինք և՛ ՄԱԿ-ին, և՛ ամերիկյան դեսպանատանը, որպեսզի օգնեն:

-Արձագանք ստացա՞ք:

-Ոչ մի արձագանք չստացանք: Նրանք խոստացան մեր բողոք-նամակներին մեկ շաբաթ հետո պատասխանել, բայց այդպես էլ չեղավ:

-Վերջին դեպքերից հետո միջազգային որևէ կառույցից արձագանք եղե՞լ է:

-Միջազգային կառույցներից ոչ մի արձագանք չենք ստացել: Արձագանք եղել է Եվրապառլամենտից: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Անգլիան, Ֆրանսիան և Ամերիկան պատրաստվում են ռազմական օգնություն ցուցաբերել՝ զենքի և պարենային մթերքի տեսքով:

-Քանի՞ եզդի փախստական է ապաստան գտել Հայաստանում:

-Ոչ ոք:

-Փախստականներին Հայաստան տեղափոխելու ծրագիր ունե՞ք

-Մենք հենց այդ հարցն ենք բարձրացրել, որ եթե փախստականների խումբ գա Հայաստան, արդյո՞ք Հայաստանի իշխանությունը կօգնի կամ կօժանդակի նրանց այստեղ ապրելուն: Սակայն դեռ պատասխան չկա, և դեռ տվյալ չունենք՝ արդյո՞ք կգա մարդկանց խումբ այստեղ, թե՞ ոչ:

-Կապ հաստատո՞ւմ եք Իրաքում գտնվող եզդիների հետ: Ինչպե՞ս է իրավիճակն այնտեղ այս օրերին:

-Ամեն օր, ամեն ժամ կապ ունենք: Քրդական լրատվական կայքերը վիճակը նորմալ են գնահատում, բայց երբ անձամբ խոսում ենք իրենց հետ, խուճապի մեջ են, իրենք ասում են, որ վիճակը չափազանց վատ է, հազարներով սպանվածներ ունենք, հազարներով լքում են երկիրը: Օրինակ, նրանք, ովքեր գնում են Քուրդիստանի կամ Սիրիայի տարածք, պարեն չունեն, ոչ մի բան չունեն, այսինքն՝ մնացել են սոված և անօգնական:

-Հայաստանի կառավարությունը հայտարարել էր, որ 50.000 դոլար օգնություն է տրամադրելու Իրաքում գտնվող եզդիներին: Փոխանցվե՞լ է այդ գումարը:

-Չեն փոխանցել, խոստացել են, որ 50.000 դոլարի օգնություն կփոխանցեն: Այդ խոստումից հետո մեկ շաբաթ է անցել, և ոչ մի քայլ դեռ չենք տեսել այդ խոստումից հետո:

-Իսկ ո՞ւմ միջոցով պետք է փոխանցվի այդ գումարը:

-Իրենք սկզբնական շրջանում ասացին, որ 50.000 դոլար տրամադրելու են որպես մարդասիրական օգնություն, սակայն այդ օգնությունը փոխանցելու մասին մենք պետք է հոգայինք, այսինքն՝ անհատ անձինք կամ «Սինջար եզդիների ազգային միավորում» կազմակերպությունը: Ինչքանով կարողացանք, գտանք այդ ճանապարհը, դիմեցինք ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, որտեղից ասացին, որ ինչ-որ ծրագիր կա, պետությունը կարող է այդ 50.000-ը տրամադրել ՄԱԿ-ի հայաստանյան մասնաճյուղին, որը կփոխանցի Իրաքի ՄԱԿ-ի գրասենյակ, և այդ 50.000-ի չափով կգնվի պարենամթերք կամ ինչ անհրաժեշտ է, և կհասցնեն փախստականներին: Մենք այդ առաջարկը ներկայացրեցինք կառավարությանը, իրենք ասացին, որ հարցը կքննեն և ճանապարհներ կգտնեն, բայց դեռ իրենցից պատասխան չենք ստացել:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացում է ունենալու այս իրավիճակը:

-Գուցե մի քիչ հանդարտվի արևմտյան երկրների միջամտությամբ, սակայն, չեմ կարծում, թե փախստականների մեծամասնությունը հետ կդառնա իր հողը: Այսինքն՝ մուսուլմանների գործողություններն իրենց նպատակին կհասնեն՝ տարածքները կդառնան ոչ եզդիաբնակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter