Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

5 գերի՝ 5 տարում, որից 3-ը՝ 2014-ին. Տավուշի սահմանագոտում փշալար անցկացնելն օրախնդի՞ր չէ



Տավուշի մարզում վերջին տարիներին ՀՀ քաղաքացիները տարբեր պատճառներով հատում են հայ-ադրբեջանական պետական սահմանն ու հայտնվում հակառակորդի ձեռքում իբրեւ գերի: 3 դեպքում սահմանն անցնելը ողբերգական հետեւանք է ունեցել մեր քաղաքացիների համար, սակայն ՀՀ պատկան մարմինները դրանից դասեր չեն քաղել: Ընդ որում՝ այս անձինք սահմանն անցել են հայ դիրքապահների կողքով եւ աննկատ մնացել, ինչը մտածելու տեղիք է տալիս:

Այլ սահմանահատվածներից թերեւս կարելի է հիշել միայն Եղիշե Գեւորգյանի 5-հոգանոց ընտանիքի մտածված փախուստի դեպքը: 2010-ի հունվարի 10-ին այս ընտանիքը «ԵրԱԶ» մեքենայով անցել էր Երասխ-Սադարակ սահմանագիծն ու հանձնվել ադրբեջանցիներին: Սակայն եթե այդ դեպքում դիտավորություն կար, ապա Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները հիմնականում դառնում են մոլորվելու, տեղանքում չկողմնորոշվելու զոհ:    

Գերության մեջ խեղված կյանքեր

Նախ հիշենք, թե Տավուշից ովքեր եւ ինչպես են հայտնվել ադրբեջանական կողմում:

2009 թվականի մայիսի 9-ին Հաղարծին գյուղի բնակիչ, 30-ամյա Արթուր Բադալյանը սահմանամերձ Մովսես գյուղի «Յալի գոմեր» հանդամասում սունկ հավաքելիս, իր իսկ պատմելով, առեւանգվել էր ադրբեջանցիների կողմից: 22 ամիս պահվել է գերության մեջ՝ Ղազախում ու Բաքվում, ենթարկվել է կտտանքների, ստորացման, նրանից փորձել են ռազմական գաղտնիք կորզել, սակայն չի հաջողվել, քանի որ Արթուրը սովորական գյուղացի էր: Հայրենիք է վերադարձել փոխանակման շնորհիվ. 2011-ի մարտի 17-ին Աղդամի Բաշ Քարվենդ գյուղի հատվածում նրան փոխանակել են ադրբեջանցի սպա Անվար Հաջիեւի հետ, ով գերի էր ընկել Լեռնային Ղարաբաղում: Գերությունից հետո, բժիշկների հավաստմամբ, Բադալյանի մոտ երկար ժամանակ նկատելի են կտտանքների հետեւանքները՝ թե ֆիզիկական, թե հոգեկան տեսանկյունից:   

2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանը անասուններին փնտրելիս մոլորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ու հայտնվել հակառակորդի մոտ: Սարիբեկյանի ծնողները հավատացած էին, որ նա ոչ թե մոլորվել է, այլ հայկական հատվածում առեւանգվել է ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր Մանվելը հետախույզ է եւ գերեվարվել է ԼՂ հյուսիսարեւելյան հատվածից հայերի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում: Ադրբեջանցիները հարցազրույց էին կազմակերպել Սարիբեկյանի հետ, որտեղ երիտասարդը հայտարարել էր, թե իբր լրտես է: Նույն տարվա հոկտեմբերի 5-ին այդ երկրի ՊՆ-ն ու զինդատախազությունը հաղորդագրություն տարածեցին, թե իբր Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել կախվելով: Նոյեմբերի 4-ին Իջեւան-Ղազախ հատվածում՝ Կայան գյուղի մոտ, նրա դիակը փոխանակվեց Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերի, քաղաքացիական անձ Էլդար Թաղիեւի հետ: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Սարիբեկյանի դին լավ պահպանված չի եղել, դատաբժշկական փորձաքննության արդյունքում էլ պարզ է դարձել, որ երիտասարդը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի: Այս առթիվ ՀՀ ոստիկանությունում քրգործ էր հարուցվել, որը հետո փոխանցվել էր ԱԱԾ-ին: Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել էր նաեւ Ադրբեջանին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք կան նյութեր Սարիբեկյանի մահվան վերաբերյալ, եթե այո, ապա ուղարկել դրանք ՀՀ՝ քննության համար: Ադրբեջանի դատախազը չէր արձագանքել այս նամակին: Հայաստանն աջակցության խնդրանքով դիմել էր ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Չայկային, որն առաջարկել էր ադրբեջանցի գործընկերոջը քննարկել նամակը եւ տեղեկացնել արդյունքների մասին:

Թե Սարիբեկյանի, թե Բադալյանի գործերով հայկական կողմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի: Մանվել Սարիբեկյանի մահը վերջին 4-5 տարիների առաջին աղմկահարույց դեպքն էր քաղաքացիական անձ հանդիսացող հայ եւ ադրբեջանցի գերիների շրջանում:

Երկրորդ ողբերգական դեպքը 77-ամյա Մամիկոն Խոջայանի պատմությունն էր: Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը, որը հոգեկան խնդիրներ ուներ, 2014-ի հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը նույն գյուղի հատվածից: Գյուղացիները նրան տեսել էին գյուղի ծայրամասում՝ դույլը ձեռքին, ասել էր, թե միրգ հավաքելու է գնում: Շատ չանցած՝ ադրբեջանական կայքերում հայտնվել էին ծերունու նկարներն ու տեսանյութ: Ադրբեջանական քարոզչամեքենան հին ու մաշված շորերով ծերունուն, որին տեղափոխել էին Բաքու, ներկայացնում էր իբրեւ դիվերսանտ, ինչը առաջացրել էր սեփական հանրության հեգնանքը: Խոջայանը Հայաստան վերադարձվեց մարտի 4-ին՝ Իջեւան-Ղազախ հատվածում: Ծերունու մարմնի վրա հայտնաբերվեցին բռնության հետքեր, եւ մարտի 6-ին ՀՀ ոստիկանությունում հարուցվեց քրգործ: Գերությունից երկու ամիս անց՝ մայիսի 20-ին, Մ. Խոջայանը մահացավ: Փորձաքննությունների արդյունքում Խոջայանի արյան եւ մեզի մեջ հայտնաբերվել էր նավթ եւ հոգեմետ դեղամիջոց:

Մամիկոն Խոջայանի հայրենադարձվելուց 3 օր անց՝ մարտի 7-ին, հայ-ադրբեջանական սահմանը պատահաբար հատել ու գերության մեջ էր հայտնվել վերջինիս հորեղբոր թոռը՝ 23-ամյա Արսեն Խոջայանը, որը նույնպես Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ էր: Արսենին Տավուշ-Թովուզ հատվածում բռնելուց հետո տարել էին Բաքու: Նրան հայկական կողմին հանձնեցին ապրիլի 10-ին: Արսենի պարագայում, ինչպես եւ մյուս գերիների դեպքում, ի հայտ են եկել նորմալ կյանքին վերադառնալու դժվարություններ:

Վերջին դեպքը տեղի ունեցավ Տավուշի մարզի Չինարի գյուղում: 33-ամյա չինարեցի Կարեն Պետրոսյանը, որը համագյուղացիների հավաստմամբ, ինչ-որ չափով ալկոհոլի ազդեցության տակ է եղել, անցել էր պետական սահմանը ու հայտնվել հակառակ կողմում: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Կարենը էշով գնացել էր փայտ բերելու, կենդանուն կապել էր խոտերի մեջ, առաջացել անտառի ուղղությամբ, ապա անցել նաեւ բացատն ու հայտնվել ադրբեջանական Աղբուլաղ գյուղում: Տեղացիներից հայ երիտասարդը ծխատոտ եւ թեյ էր ուզել:

Հայ-ադրբեջանական հուլիս-օգոստոսյան սահմանային լարվածության ֆոնին Կարենի դեպքը համար առիթ դարձավ՝ նրան դիվերսանտ ներկայացնելու համար: Ադրբեջանցիները քաղաքացիական հագուստով անձին, զինվորական համազգեստ հագցնելով, տեղափոխել էին Շամխորի կորպուստի հրամանատար Ռովշան Աքպերովի մոտ, ով տեսախցիկների դիմաց իբր հարցաքննում էր եռամյա կրթությամբ «դիվերսանտին»: Հասկանալով, որ Պետրոսյանին Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների հետ չեն կարողանալու փոխանակել՝ ադրբեջանցիները դեռեւս անհայտ պայմաններում հայ գերուն հասցրին մահվան: Ըստ ադրբեջանական կողմի՝ Կարենը մահացել է օգոստոսի 8-ի առավոտյան, նախնական տվյալներով, մահվան պատճառը սրտանոթային սուր անբավարարությունն է: Սակայն Պետրոսյանը, ըստ հայկական կողմի, սրտի խնդիրներ չի ունեցել: Կարենի դիակը դեռ ադրբեջանցիների մոտ է, քննարկվում է վերադարձման հարցը: ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ, ընթանում է նախաքննություն: Հայ իրավաբաններն այս օրերին խոսում են ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ նոր հայց ներկայացնելու անհրաժեշտության մասին:   

Վերոնշյալ հայ գերիներից բացի՝ Տավուշի հատվածում քաղաքացիական գերի են ունեցել նաեւ ադրբեջանցիները: 2009-ի դեկտեմբերի 28-ին 46-ամյա Էլդար Թաղիեւը գերի էր ընկել Ալիբեյլի գյուղի մոտակայքում: Նրան 2010-ի նոյեմբերի 4-ին փոխանակել էին Մանվել Սարիբեկյանի դիակի հետ: Հանձնման պահին նրան զննած բժիշկը գոհ էր մնացել գերու վիճակից:     

Արտակարգ միջոցառումների անհրաժեշտություն չկա՞

«Հետքի» հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հայտնեց, որ Կարեն Պետրոսյանն անցել է անտառապատ տարածքով ու մոլորվել տարածքում: Մեր ճշգրտմանը, որ փաստորեն այդ հատվածում չկան սահմանախախտման համար ստեղծված այնպիսի արգելքներ, ինչպիսիք են, օրինակ, փշալարերը, Սաղոյանը բացասական պատասխան տվեց ու նշեց. «Անտառ է, այդքանը կարո՞ղ են անել»: Առարկմանը, թե դա կապված է մարդկանց անվտանգության հետ, Սաղոյանը հարցով պատասխանեց. «Դե հա, հիմա եղել է դեպքը, բայց 25-30 կմ է, այդքանը անցկացնե՞ն [փշալարը]»: Իսկ եթե քաղաքացիական անձը անցել է տեղանքով, չի՞ կարող հակառակորդի հետախույզը անցնել. այս հարցին Սաղոյանը վստահաբար առարկեց. «Չի կարող», ապա հավելեց, որ Պետրոսյանը զարմանալիորեն չի պայթել ականի վրա, քանի որ տարածքն ականապատված է: Ստացվում է, որ այն հատվածները, որտեղ խրամատներ չկան, միայն ականապատված են. միակ խոչընդոտը սա է: Մեր այս դիտարկումը, չգիտես ինչու, զայրացրեց Սաղոյանին, ով նշեց, թե «ջուր եք լցնում հակառակորդի ջրաղացին»: Իսկ հարցին, թե արդյոք մարզպետարանին կամ ՊՆ-ին չի դիմել փշալար անցկացնելու համար, ասաց. «Մենք անպաշտպան չենք, լավ էլ պաշտպանված ենք», ու անջատեց հեռախոսը:   

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ ասաց, թե չի կարծում, որ իր ղեկավարած համայնքի հատվածում կարող է լինել այնպիսի դեպք, ինչպիսին Կարեն Պետրոսյանինն էր, այսինքն՝ քաղաքացին զինվորների տեսադաշտից հեռու կարող է անցնել սահմանը: Նա նշեց, որ դիրքապահներն ուշադիր են, բացի դրանից՝ տարածքում անտառներ չկան: Հարցին, թե արդյոք չկան հատվածներ, որոնք կարելի է փշալարերով պատել, որպեսզի քաղաքացիները չմոլորվեն տեղանքում, Այդինյանը պատասխանեց, որ համապատասխան աշխատանքեր կատարված են, սահմանագիծն ամուր է:

«Հետքը» Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հետաքրքրվեց, թե արդյոք մարզպետարանը նախաձեռնություն է հանդես բերել դիմել կառավարությանը կամ ՊՆ-ին՝ սահմանային վերջին միջադեպերի եւ, մասնավորապես, Կ. Պետրոսյանի դեպքից հետո սահմանի չխրամատավորված հատվածները գոնե փշալարապատելու համար: Բաժնի աշխատակցուհու տեղեկություններով՝ նման բան չի եղել:

«Այս միջադեպը չի խոսում այն մասին, որ մենք սահմանը վատ ենք պահում»,- ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ՝ սահմանի ամրակայման պլանային աշխատանքներ միշտ էլ կատարվում են՝ կլինի դա ականապատման, գիշերային տեսանելիության սարքերի տեղադրման, թե այլ ձեւով: Հովհաննիսյանը նշեց, որ փշալարի անցկացումը անվտանգության հետ է կապված. աշխատանք կատարողները հակառակորդի համար դառնում են թիրախ: Արդյո՞ք հնարավոր չէ դա անել գիշերը. պատասխան՝ գիշերն էլ են կրակում: Դիտարկմանը, թե այդ պարագայում հնարավոր չէ, արդյոք, հատված առ հատված, փոքր ծավալներով ինժեներական աշխատանքներ կատարել, ՊՆ աշխատակիցը նշեց, թե պլանային աշխատանքներ միշտ էլ կատարվում են, եւ վերջին դեպքը արտակարգ միջոցառումների ազդակ չէ:

Գերի ընկած Արթուր Բադալյանն ու Մանվել Սարիբեկյանի ծնողները հայտարարել են, որ նրանց առեւանգել են հայկական տարածքից՝ Տավուշից, այսինքն՝ հակառակորդը թափանցել է մեր դիրքապահների թիկունք: Արծրուն Հովհաննիսյանն էլ ասում է, թե դիվերսիոն-հետախուզական խմբերը հենց նրա համար են, որ հաղթահարեն ինժեներական արգելապատնեշները, եւ ամբողջությամբ բացառել նման դեպքերն անհնար է: Խոսքն, իհարկե, բացառելու մասին չէ, չնայած դա էլ անիրատեսական չէ: Հարցն այն է, որ անհրաժեշտ է ստեղծել մի ընդհանուր արգելագոտի, որի առկայությունը սովորական գյուղացուն (առողջ, թե ֆիզիկապես կամ հոգեպես հիվանդ) կստիպի փոխել ճանապարհն ու հեռու մնալ հավանական գերությունից:

Հայ-ադրբեջանական սահմանը ձգվում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերով: Եվ եթե նման ողբերգական դեպքերը լինում են գերազանցապես Տավուշում, ապա սա ինչ-որ բան նշանակում է: Մոլորվելով սահմանը հատելը կամ հենց մեր տարածքից գերեվարվելը զուտ տեղանքի ռելիեֆի բարդություններով բացատրելն ու ասելը, թե մշտական աշխատանքներ են տարվում, թերարժեք են հնչում ու հույս չեն ներշնչում, որ ապագայում մոլորվելու (չենք խոսում գերեվարվելու մասին) դեպքեր չեն լինի: Վերջին 5 տարում գոնե մեզ հայտնի նման 5 դեպք է եղել, որոնցից 3-ը՝ այս տարի, դրանցից 2-ն էլ՝ ողբերգական վերջաբանով: Ինչպե՞ս է, որ Թովուզի, Ղազախի, Աղստաֆայի սահմանամերձ գյուղերի բնակիչները չեն մոլորվում այդպես (նման դեպքերի մասին հայտարարվում է, մասնավորապես, Կարմիր խաչի կողմից, այնպես որ դժվար թե չիմանայինք):

Մեր դիտարկմանը, թե ինչու, օրինակ, նույն ԼՂՀ-ում նման դեպքեր չեն լինում, Հովհաննիսյանը հարցով պատասխանեց. «Գիտե՞ք ինչու»: Այո, ղարաբաղաադրբեջանական սահմանն ամբողջությամբ խրամատավորված է: Հաստատելով սա՝ Հովհաննիսյանն ասում է, թե դա արդյունք է Արցախում ընթացած լայնամասշտաբ գործողությունների, իսկ մյուս կողմից՝ բնակավայրերը հեռու են սահմանից: Համաձայն ենք, բայց այնպես չէ, որ ԼՂՀ-ում սահմանամերձ գոտիներում աշխատող գյուղացիներ ընդհանրապես չկան կամ, ասենք, ՀՀ մյուս մարզերի սահմանամերձ գյուղերում: Խնդիրն առաջին հերթին, թերեւս, սահմանագծի կահավորանքի մեջ է: Որքան էլ բնակավայրը մոտ լինի սահմանին, եթե կա հստակ պահպանվող, վերահսկվող արգելագոտի, նվազագույնը հոգեկան հիվանդություն ունեցող ծերունին չի կարող հաղթահարել այն:   

Տավուշի մարզն ունի 300 կմ ընդհանուր սահման Ադրբեջանի հետ: Եթե մի կողմ դնենք սահմանն ամբողջությամբ փշալարերով պատելու միտքը, ինչն ավելի հեշտ է թվում, քան այն, որ ժամանակին հայ զինվորները մի քանի հարյուր կմ խրամատ են փորել ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ապա կարելի է գոնե փշալար անցկացնել այն հատվածներում, որոնք հեռու են դիրքապահների տեսադաշտից: Դա լրացուցիչ խոչընդոտ կլինի մեր բնակիչների մոլորվելու դեմ:  

Փշալար, վահանակ, բացատրական աշխատանք

Ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանն ասում է, որ բաց հատվածներն անպայման պետք է ստուգվեն, ու պարտադիր է լրացուցիչ աշխատանքներ կատարել: Խոսքը ոչ թե ականապատման, այլ փշալար անցկացնելու կամ զգուշացնող հավելյալ նշաններ տեղադրելու մասին է, որպեսզի մեր բնակիչները չմոլորվեն: Իսկ հակառակորդի դեմ պայքարի արդյունավետ միջոցների մասին ասում է. «Վերջին շրջանում մամուլում պտտվում են լուրեր ինդիկատորների, սենսորների մասին: Կարծում եմ՝ ցանկացած լուծում, որ կբերի դրական արդյունքի, պիտի քննարկվի: Տեսախցիկներն այնքան էլ արդյունավետ չեն, որովհետեւ այսօր կա զենք, որը 1,5-2 կմ-ի վրա 3 սմ ճշտությամբ կարող է խոցել դրանք: Իզուր ծախս է լինելու: Սենսորներ կան, որոնք դրվում են հողի մեջ ու մի քանի հարյուր մետրի վրա տատանումներ են գրանցում»: Սոֆիյանը հավելում է, որ սա ոչ այնքան տեղի համայնքապետերի կամ մարզպետարանի, որքան ռազմական գերատեսչության խնդիրն է: Ըստ նրա՝ ՊՆ-ի կողմից սահմանագծի ամրակայման թեմային անդրադառնալն անհրաժեշտություն է:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար (1999-2000 թթ.) Վաղարշակ Հարությունյանը մի փոքր այլ մոտեցում ունի խնդրին: Նա կարծում է, որ մոլորվելու արդյունքում մեր քաղաքացիների գերի ընկնելը միայն բանակի խնդիրը չէ: «Պետք է հասարակության հետ աշխատանք տարվի, որովհետեւ սահմանամերձ գոտի է, ու մարդիկ պետք է զգոն լինեն»,- նշում է Հարությունյանը՝ ասելով, որ մեծածավալ անելիք ունեն թե տեղական ինքնակառավարման մարմինները, թե ՊՆ-ն, սակայն հատկապես շեշտելով գյուղապետերի դերը, նրանց աշխատանքը բնակիչների հետ: «Այդ միջադեպերի դեմը միանշանակ պիտի առնվի: Իսկ թե կոնկրետ ինչ ձեւով, դա տեղում պետք է նայվի: Կա տեղ, որ փշալար պիտի քաշվի, տեղ կա՝ վահանակ դրվի»,- ասում է նախկին նախարարը:      

Ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցն էլ ասում է, որ Տավուշի մարզի ռելիեֆն այնպիսին է, որ մեռյալ, անտեսանելի գոտիները շատ են, եւ դրանք ուղղակի անհնար է փակել: Նրա մոտեցմամբ՝ փշալար անցկացնելը կամ նախազգուշացնող վահանակ տեղադրելը անիմաստ ծախս կլինի, եթե բնակչության հետ համապատասխան բացատրական աշխատանքներ չտարվեն: Պետրոսյանցը վստահ է, որ սահմանամերձ գյուղերի ցանկացած բնակիչ շատ լավ տիրապետում է տեղանքին: «Շատ հազվադեպ կարող է պատահել, որ մարդը չիմանա, թե ուր է գնում, եւ սահմանն անցնի: Իսկ եթե մարդը գիտակցաբար է գնում այն կողմ, օրինակ, չեզոք գոտի, որտեղ, ասենք, արոտավայրն ավելի լավն է, փայտ կա եւ այլն, այդ դեպքում ոչ փշալարը կօգնի, ոչ էլ վահանակը: Մարդն ինքը պետք է հասկանա, որ չպիտի գնա: Եկեք հետ նայենք ու տեսնենք, թե 19 տարվա մեջ քանի նման դեպք է եղել ու վերջին մի քանի ամսում՝ քանիսը»,- նշում է նա ու հավելում, որ անցած տարիների հարաբերական հանգստությունը բնակիչներին բերել է մի տեսակ նեյտրալ վիճակի, ինչով պայմանավորված` նրանք համարձակվում են թեկուզ չեզոք գոտի մտնել: Փորձագետը շեշտը դնում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բացատրական աշխատանքներ տանելու վրա: Ըստ Պետրոսյանցի՝ ամենաարդյունավետ միջոցը հենց դա կլինի:     


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ