HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դուետներ՝ երաժշտական պահոցներից

Նաիրա Հայրապետյան

Դուետ - զուգերգ. սա երկու գործիքների նաև ձայների համար ստեղծված երաժշտական կոմպոզիցիա է, որտեղ ամեն պարտիան կամ հատվածն ունի հատուկ խառնվածքային բնորոշում: Վերածննդի դարաշրջանում դուետն ավելի շատ նկատի էր առնվում որպես ուսուցման ընթացք կամ մեթոդ և ներկայացվում էր ուսուցչի ու աշակերտի կողմից: Հետագայում երաժշտական ժամանակակից աշխարհը այս բառով ստեղծեց հայտնի խմբեր և երգեր, որոնք դրոշմվեցին պատմության էջերում դուետ անվան կողքին:

Այսօր կհիշենք  մի քանի զուգերգեր հին ու բարի ժամանակներից: Ավանդական չափանիշներով՝  երգի այս մեկնաբանությունը բնականորեն շատ նուրբ ու թովիչ երանգ է ունենում, եթե չհաշվենք նրա գործածման ժամանակակից ձևերը, որոնց երբեմն չարաշահումներ կարելի է համարել: Այսօր մեր ակումբում ընտրել ենք երգեր, որոնք տարբեր ոճային ու ժանրային տարածքներում գտնվելով` դուետի ավանդական ոգու մեջ են և հուսով ենք` ձեզ դուր կգան:

Let’s Call The Whole Thing Off - Ջորջ  և Աիրա Գերշվիններիի հեղինակած այս երգը, առաջին անգամ հնչել է  1937թ-ին նկարահանված  «Shall We Dance» երաժշտական կինո-կատակերգությունում:  Այն կատարում էին հոլիվուդյան կինոյի 30-ականների ամենահայտնի դերասանական և միևնույն ժամանակ պարային զույգը` Ֆրեդ Ասթերը և Ջինջեր Ռոբերտսը: Ֆիլմում այս երգի ուղեկցությամբ  ներկայացվում է պարային մի շատ գեղեցիկ հատված՝ հանրահայտ դուետի չմշկասահքի ժամանակ:

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից « Let’s Call The Whole Thing Off»-ը  ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն 100 երգերից մեկը` այս շարքում գրավելով 34-րդ տեղը: Երգը կատարել են նաև Բիլի Հոլիդեյը, Էլլա Ֆիցջերալդը (ի դեպ նաև Լուի Արմսթրոնգի հետ զուգերգով), Սեմ Քուկը, Բրայան Ուիլսոնը:

Մի առիթով հայտնի երգիչ Ռեյ Չարլզն ասել է. «Գիտեմ, շատերն ինձ հետ չեն համաձայնվի, բայց ես երաժշտությունը համարում եմ բոլոր արվեստներից ամենամեծը:  Նրանք, ովքեր զբաղվում են կինոյով կամ գրում են, կասեն՝ «Ռե՛յ, դու գժվել ես», բայց ես միևնույն է, ասում եմ, որ երաժշտությունը ամենամեծ արվեստն է»:

“Baby, It’s Cold Outside”. 1940-ական թվականների դասականներից մեկը համարվող այս երգն ունեցել է բազմաթիվ կատարումներ և, անխոս, բոլորն էլ հիշարժան են եղել: Սակայն կա մեկը, որը անկրկնելի է իր մեկնաբանությամբ. 1961թ. Ռեյ Չարլզի և Բեթի Քարթերի կատարմամբ ձայնագրությունը միակն էր այդ 17 տարվա ընթացքում, որն ընդգրկվեց Billboard Hot 100 –ի սինգլների ցանկում: Ի սկզբանե երգը պահանջված էր հատկապես Ծննդյան տոների ժամանակ: Ռեյն այստեղ իր ձայնի մեղմությամբ ձմեռային խոհերն ու տրամադրությունն ավելի մեծ տարածք է տեղափոխում՝ երգն ավելի ու ավելի կատարյալ զրույցի վերափոխելով:

1987թ.-ի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երգիչը մեկ անգամ ևս կատարեց այն, այս անգամ երգչուհի Դայոն Ուորուիքի հետ:

Ջոն Տրավոլտային շատերն են ճանաչում. նա հիանալի դերասան է և դրա վառ ապացույցը նրա հարուստ ֆիլմոգրաֆիան է: Այդ ֆիլմերից մի քանիսն ապացուցում են նաև, որ դերասանը լավ պարում է, սակայն հավանաբար նրա երկրպագուներից քչերը գիտեն, որ Տրավոլտան նախևառաջ երգիչ է և լավ երգիչ:Կինոյում ձեռք բերած հաջողություններն ամենևին չխանգարեցին շարունակել երգի ասպարեզում աշխատանքը. 1974-2003թթ. ընթացքում Տրավոլտան ձայնագրել և թողարկել է մոտ 10 ալբոմ, այդ թվում՝ զուգերգեր, որոնցից մեկն էլ կոչվում է  «You are the one that I want»: Ավստրալիացի երգչուհի և դերասանուհի Օլիվիա Նյուտոնի հետ այս դուետը գալիս է դեռևս 1978 թվականից, երբ « Paramount Pictures»-ը ներկայացրեց «Grease»  ֆիլմ-մյուզիքլը:

Պլատինե անունը ստացած «You are the one that I want» երգը, ինչպես նաև մյուզիքլում հնչած այլ երգեր մեծ հաջողություններ ունեցան՝ վերածվելով հիթերի, գլխավոր հորիզոնականներ զբաղեցնելով տարբեր հիթ-շքերթներում: Երաժշտական այդ հաղթանակը բարձունքներում մնաց տարիներ շարունակ, և գրեթե նույն ազդեցությամբ լսարանում է մնացել մինչ օրս: Ահա թե ինչու «Grease» -ին համարվում է Հոլիվուդի պատմության մեջ ամենահաջողակ սաունդթրեկեր ունեցած ֆիլմերից մեկը: Այն մեծ հաջողություններ գրանցեց կինովարձույթում, իսկ երգերը ճանաչում և խոսուն ճանապարհներ հարթեցին թե՛ Տրավոլտայի, թե՛ Նյուտոնի  համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter